«Չենք լռելու»-ն կհետևի, որ Ախթալան Հաղպատի օրը չընկնի

«Չենք լռելու»-ն կհետևի, որ Ախթալան Հաղպատի օրը չընկնի

PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամները նախօրեին այցելել են Ախթալայի վանք, որի վանահայր Տ. Վիգեն քահանա Ղազարյանը պատմել է վերջերս սրբատեղի այցելած մի խումբ անհայտ մնալ ցանկացող բարերարների կողմից վանքն ու այն շրջապատող պարիսպը վերանորոգելու մտադրության մասին:

Ախթալան մեկն է քաղկեդոնական շրջանի այն 10 հայկական սրբավայրերից, որոնք յուրացնելու և սեփական պատմությանը վերագրելու փորձեր են անում վրացիները: «Չենք լռելու»-ն բազմիցս անդրադարձել է այդ խնդրին` նշելով, որ վրաց պաշտոնյաները, եկեղեցապետերն ու մամուլը պարբերաբար անդրադառնում են այդ հարցին` վանքերի բարձիթողի վիճակը դարձնելով հիմնական խաղաքարտ: Հստակ գիտակցելով դա` ոչ Հայ Առաքելական եկեղեցին, ոչ էլ մշակույթի նախարարությունը սրբատեղիների փրկությանն ուղղված գործուն քայլեր չեն ձեռնարկում` ապացուցելու համար, որ հայ ժողովուրդը տեր է քաղկեդոնական շրջանի իր պատմությանը:

«Եվ ահա հույս է հայտնվել, որ մեր ժողովրդի պատմության քաղկեդոնական շրջանի այդ հրաշքներից մեկը` Ախթալայի վանքը, կփրկվի բարերարների ուժերով»,- գրում են նախաձեռնության անդամները:

Տ. Վիգեն քահանա Ղազարյանը «Չենք լռելու»-ի երիտասարդների հետ զրույցում ասել է նաև, որ բարերարները պատրաստակամություն են հայտնել նաև ֆինանսավորելու այլ սրբատեղիների վերանորոգումը:

Վանահոր խոսքով, Ախթալայի վանքի վերականգնման ճարտարապետական հարցերի լուծման խնդրանքով երկու շաբաթ առաջ իրենք դիմել են մշակույթի նախարարությանը և այժմ սպասում են պատասխանի: Քահանան հայտնեց, որ անցյալ տարի Երևանից Ախթալա այցելած մասնագետները հավաստիացրել են, որ Սբ. Աստվածածնի գմբեթը հնարավոր է վերականգնել: «Չենք լռելու»-ն կոչ է անում մշակույթի նախարարությանը հնարավորինս զերծ մնալ իրեն բնորոշ բյուրոկրատական քաշքշուկներից և սրտացավ մոտենալ Ախթալայի փրկության հարցին:

«Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ Ախթալայի վերականգնման ժամանակ կարող է տեղի ունենալ նույնը, ինչ տեղի ունեցավ Հաղարծինի վանական համալիրի հետ, երբ ամբողջովին աղճատվեց նրա պատմական տեսքն ու շունչը: Այս առումով անհրաժեշտ է խստորեն պահպանել նման դեպքերում նախատեսված ճարտարապետական կանոնները: «Չենք լռելու»-ն կհետևի Ախթալայի վերականգնման ընթացքին և ակտիվորեն կլուսաբանի այն»,- նշվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---