28 հոկտեմբերի 2011 - 11:36 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՌԵՈւ ղեկավար. Հայաստանի երկաթուղայինների առաջ խնդիր է դրված երկաթուղային տրանսպորտը հասցնել նոր մակարդակի

«Հայաստանի երկաթուղայինների առջև բարդ խնդիր է դրված՝ երկաթուղային տրանսպորտը դուրս բերել տեխնոլոգիական և տեխնիկական այնպիսի մակարդակի, որը կհամապատասխանի հայ հասարակության և տնտեսության պահանջներին»,- հոկտեմբերի 28-ին ասել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ, ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինը ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստի բացման ժամանակ։ Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի ղեկավարությանը արդեն երրորդ անգամ երկրում խորհրդի անցկացմանն աջակցելու համար։

Անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անմիջական աշխատանքին՝ Վլադիմիր Յակունինը նշել է, որ իր կողմից «ՌԵՈՒ» ԲԲԸ-ն բոլոր ջանքերը գործադրում է կոնցեսիոն պայմանագրի կատարման համար։ «Ինձ համար շատ հաճելի է փաստել, որ այդ գնահատականը հնչել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների վերջին նիստում, որտեղ առանց նկատողությունների ընդունվել է ԱՊՀ տարածքում երկաթուղային տրանսպորտի զարգացման նախագիծը»,- ասել է նա։

ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը բացվել է Երևանում հոկտեմբերի 28-ին: Նման որոշումն ընդունվեց խորհրդի անցած նիստի ժամանակ, որը կայացել էր մայիսի 18-19-ին Հելսինկիում (Ֆինլանդիա): Նիստի ժամանակ խորհրդի անդամները նախատեսում են, մասնավորապես, քննարկել անցած նիստի ընթացքում կայացված որոշումների կատարման ընթացքը, հաստատել գնացքների երթևեկության նորմատիվները 2012-2013 թթ. համար, երկաթուղային ադմինիստրացիայի միջև փոխադարձ հաշվարկների կարգը, ինչպես նաև միջազգային հաղորդակցությունում բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունը: Երևանյան նիստը, որն իր աշխատանքներն ավարտելու է հոկտեմբերի 29-ին, ուղիղ հեռարձակվեկու է «ՀԿԵ» կայքէջում: Միջոցառման պաշտոնական գործընկերն է «ԱրԱրԱտ» Երևանի կոնյակի գործարանը:

Երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թ. փետրվարի 14-ին միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման համար:

Խորհրդի անդամներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան: Ասոցացված անդամներն են՝ Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան և Ֆինլանդիան, իսկ պայմանագրային հիմունքների վրա Խորհրդի աշխատանքներին մասնակցում են նաև Լիտվան և Էստոնիան: Դիտորդի կարգավիճակ Խորհրդում ունի Երկաթուղու աշխատողների և տրանսպորտային շինարարների արհմիության միջազգային կոնֆեդերացիան:

ՖՈՏՈՇԱՐՔ