4 նոյեմբերի 2011 - 20:55 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի համար նոր եռամյա ռազմավարությունը ՎԶԵԲ Տնօրենների խորհուրդը կհաստատի 2012թ. գարնանը

Հայաստանի համար նոր եռամյա` 2012-2015թթ. ռազմավարությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Տնօրենների խորհուրդը կհաստատի 2012թ. գարնանը: Այդ մասին նոյեմբերի 4-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՎԶԵԲ փոխնախագահ Յան Ֆիշերը: Նրա խոսքով` փաստաթղթում կներկայացվեն այն ոլորտները, որոնցում բանկն իր ներգրավման հնարավորությունն է տեսնում: Պոտենցիալ ոլորտների թվում փոխնախագահը նշել է մասնավոր հատվածը` կարևորելով աջակցությունը փոքր և միջին ձեռնարկատիրությանն ու դրա զարգացումը, որը զարգացող երկրների համար առանցքային կողմերից մեկն է: Ընդ որում, Յան Ֆիշերն ընդգծել է, որ բանկը խթանում է ազգային արժույթով ֆինանսավորման իրականացումը, ինչն իր հերթին կնպաստի արժույթի ամրապնդմանը: Ինչպես նշել է միջազգային կառույցի ներկայացուցիչը, ՎԶԵԲ համար ավանդական ոլորտներն են էներգետիկան և էներգամատակարարումը, իսկ Հայաստանի տնտեսության մեջ բանկի ներգրավվածության նոր ուղղություն կդառնա գյուղատնտեսությունն ու ագրոբիզնեսը: Այս կապակցությամբ Յան Ֆիշերը հավելել է, որ Հայաստանի կառավարության կողմից տուրիստական ոլորտին մասնակցելու վերաբերյալ առաջարկ է ստացվել, որը նույնպես արտացոլված է բանկի նոր ռազմավարության մեջ:

«Մենք պարտավորվում ենք շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանի զարգացմանը, ինչպես դա անում էինք վերջին 20 տարիների ընթացքում»,- ընդգծել է Ֆիշերը: Նա հիշեցրել է, որ այդ ժամանակահատվածում բանկը Հայաստանում իրականացրել է շուրջ 100 ծրագիր` 600 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:

Կովկասի երկրների, Մոլդովայի և Բելառուսի գծով ՎԶԵԲ տնօրեն Պոլ-Անրի Ֆորեստյերն իր հերթին հավելել է, որ առայժմ դժվար է խոսել մոտակա երեք տարվա ֆինանսավորման ընդհանուր ծավալի մասին, քանի որ ամեն ինչ կախված կլինի առկա ծրագրերից, ինչպես նաև երկրում բիզնես և ներդրումային միջավայրի վիճակից:

ՖՈՏՈՇԱՐՔ