Երևանի շուկաներն և ստորգետնյա անցումները 1 ամսում կբերվեն պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակի

Երևանի շուկաներն և ստորգետնյա անցումները 1 ամսում կբերվեն պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահութան վարչության պետ Արմեն Ուլիխանյանը և ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն պետ Արտավազդ Վանյանը ներկայացրել են մայրաքաղաքի շուկաներում և ստորգետնյա անցումներում սանիտարական վիճակի ուսումնասիրության արդյունքները:

«Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ շրջայցեր է կատարել: Խախտումներն ու թերությունները տեղում արձանագրվել են, որոնց արդյունքներից ելնելով պայմանները կարելի է գնահատել անբավարար»,- նշել է առողջապահության վարչության պետ Արմեն Ուլիխանյանը` ավելացնելով, որ որոշ տնտեսվարողներ առհասարակ չունեն սանմաքրում իրականացնող ընկերությունների հետ կնքած պայմանգրեր:

Քաղաքապետարանից հայտնում են, որ Արտավազդ Վանյանն իր հերթին նշել է՝ տնտեսվարողները չեն պահպանում համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններ` աղբահանություն, թափոնների տեղափոխում, աղբամանների անհրաժեշտ քանակ և այլն:

Շուկաների տնօրենները և վարձակալական հիմունքներով ստորգետնյա անցումներում տարածքներ շահագործող տնտեսվարողները հրավիրվել են քաղաքապետարան, և համապատասխան ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծման տարբերակները։

Արձանագրված թերությունները վերացնելու նպատակով կազմվել է հստակ ժամանակացույց։ Բոլոր տնտեսվարողներին հանձնարարվել է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել թերությունները վերացնելու ուղղությամբ` սահմանված ժամկետում` մինչև դեկտեմբերի 10-ը:

«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի համաձայն որոշ տնտեսվարողներ ենթարկվել են վարչական տույժերի: Սահմանված ժամկետում հանձնարարականները չկատարելու դեպքում՝ կվերանայվի նաև շահագործող ընկերությունների հետագա գործունեության նպատակահարմարությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---