«Սարդարապատ». Բնապահպանության համար պայքարը նաև պայքար է բռնապետության դեմ

PanARMENIAN.Net - «Սարդարապատ» շարժումն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում բնապահպանական խմբերին և դիմադրական պայքարի մեջ ներգրավված ակտիվ հասարակությանը:

Շարժումը գրում է, որ քսան տարի առաջ ազգային ու հանրային հարստության մասնավորեցումը սկսած քաղաքական համակարգը բազմաթիվ անօրինականությունների և կեղծիքների միջոցով հասցրել է զարգացած արդյունաբերություն ունեցող Հայաստանը համաշխարհային տնտեսության ու քաղաքակրթության մեջ աննշան սպասարկողի և հումքային կցորդի դերով բավարարվող երկրի մակարդակին: Սպառելով ժառանգած արտադրական միջոցների վաճառքից գոյացած գերշահումների աղբյուրները, Հայաստանում իշխող վարչակազմը այժմ անցել է հանրային հիմնական սեփականություն ու արժեք հանդիսացող` ընդերքի լայնածավալ շահագործմանը: Քրեաօլիգարխիկ համակարգը, արդեն որպես իսկական գիշատիչ, արագացող տեմպերով խժռում և պղծում է հայրենի բնությունը, թունավորում այն, երկիրը վերածում թափոնների բաց դաշտի:

Հայաստանի հանքավայրերը այսօր անխնա կերպով ու ագահորեն դրվում են աճուրդի, շահագործվում են, ցինիկաբար հայտարարվում են «գերակա հանրային շահ», մինչդեռ այդ ազգային հարստության իսկական տիրոջ` հանրության կարծիքն անգամ չի շոշափվում, հանրությունը ոչ ընդհանուր առմամբ, ոչ ի դեմս այդ վայրերի բնակիչների չի ստանում ոչ իրական տեղեկատվություն ընդերքի պարունակության ու շահագործման պայմանների մասին, ոչ օգուտ դրա շահագործումից, ոչ էլ իրական փոխհատուցում կենցաղային, բարոյական, առողջապահական վնասների դիմաց:

Ժողովրդին կեղեքող բռնապետությունը ձգտում է իր մոտալուտ հոգեվարքը երկարացնել բնության անխնա շահագործման, այսինքն` ազգի ապագայի հաշվին: Երկրի ու ժողովրդի թալանից դիզած հարստությունը արտասահմանյան բանկերում պահելով, կեղեքիչները պատրաստ են փախչել նույն ուղղությամբ, իրենցից հետո թողնելով անապատ:

«Բնապահպանության համար պայքարը այսօր Հայաստանում նաև պայքար է բռնապետության դեմ: Այն` ներկա համակարգի դեմ հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքացու ծավալած դիմադրական շարժման առաջնային օղակներից է»,- գրված է շարժման տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---