Հսկիչ մարմինները կհետևեն ժամկետանց դեղերի ուտիլիզացիայի իրականացմանը

Հսկիչ մարմինները կհետևեն ժամկետանց դեղերի ուտիլիզացիայի իրականացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանում գործում է ժամկետանց և կեղծված դեղերի ուտիլիզացման երկու արտոնագրված կենտրոն: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը, կառավարությունն ընդունել է դեղերի ուտիլիզացիայի կարգն ամրագրող նորմատիվները: «Այդպիսով, մենք կանոնակարգեցինք այդ դաշտը և արդեն 160 տնտեսվարող սուբյեկտ պայմանագիր է կնքել այդ կենտրոնների հետ»,-հավելել է նա: Սուրեն Քրմոյանն ասել է նաև, որ նախարարությունը վերահսկում է այդ գործընթացը՝ հավելելով, որ փոխվել է նաև արտոնագրերի տրամադրման կարգը, որոնց համաձայն տնտեսվարող սուբյեկտը պարտադիր պետք է համապատասխան պայմանագիր կնքի կենտրոններից մեկի հետ, ինչպես նաև վիճակագրություն վարի, թե որքան դեղ է վաճառվել, որքանն է ժամկետանց:

Անդրադառնալով ուտիլիզացիայի գներին՝ նախարարության ներկայացուցիչը համաձայնել է, որ դա բավականին թանկ պրոցես է: «Դա էժան չէ, սակայն, մենք բանակցում ենք, որպեսզի այդ կենտրոնները առավել մեղմ գնային քաղաքականություն վարեն, քանի որ դեղերը կարող են հայտնվել կենցաղային աղբի հետ նույն տեղում, իսկ դա շրջակա միջավայրի պաշտպանության լուրջ հարց է»,-ասել է նա:

Իր հերթին ՀՀ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ այժմ կա օրենք, որ պետք է կատարվի, իսկ խախտողները կպատժվեն: «Հասկանալի էր, երբ օրենք չկար, մեղավոր էին իշխանությունները, այժմ կարգը սահմանված է և պետք է հետևել նրա կատարմանը»,-ասել է նա: Ինչպես հայտնել է Արա Բաբլոյանը, համապատասխան մարմինները այս պահին զբաղվում են հենց հաստատված կարգի կատարմամբ: Նա խոստացել է նաև ներկայացնել ստուգումների արդյունքները:

Ըստ Դեղերի ու բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական գործակալության տվյալների, Հայաստանում ժամկետանց դեղերի ու ոչնչացման ենթակա դեղերի քանակը հասնում է 200-300 տոննայի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---