Սերժ Սարգսյան. Պետք է բարձրացնել հանրության վստահությունը դատաիրավական համակարգի նկատմամբ

Սերժ Սարգսյան. Պետք է բարձրացնել հանրության վստահությունը դատաիրավական համակարգի նկատմամբ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ: Նախագահականից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Այսօրվա խորհրդակցությամբ եզրափակվում է ընթացիկ տարում դատաիրավական համակարգի խնդիրներին նվիրված հանդիպումների շարքը Հանրապետության ղեկավարի մոտ: «Բազմիցս և՛ ես, և՛ դուք նշել ենք, որ այս ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է բարձրացնեն մեր հանրության վստահությունը համակարգի նկատմամբ: Կարծես, այստեղ մենք տարակարծություններ չենք ունեցել: Եվ ճանապարհն այն էր, որ մենք վեր հանեինք, վերացնեինք այն խնդիրները, որոնք կան, և որոնք խոչընդոտում են հանրության վստահության բարձրացմանը: Տրվել են հանձնարարականներ, ներկայացվել են առաջարկություններ, որոնց պատշաճ իրագործումը պետք է բարելավեր ձեր ղեկավարած կառույցների գործունեությունը, հենց դրանով հանդերձ բարձրացներ հանրային վստահությունը: Ցավոք, պետք է նշեմ, որ արդյունքներն այսօրվա դրությամբ գոհացուցիչ չեն, և մենք չենք կարող արձանագրել լուրջ փոփոխություններ այս ոլորտում»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Նախագահի խոսքով, օրինակ, քրեական արդարադատության բնագավառում շատ հաճախ կարելի է հանդիպել ուղղակի ապօրինի որոշումների: Ընդ որում, նման երևույթների պատճառներն ավելի խորն են, քան միայն կոնկրետ խախտում թույլ տված պաշտոնատար անձի անբարեխղճությունը կամ անփութությունը: Առկա թերություններն ու խախտումներն ամբողջը միասին ուղղակի վարկաբեկում են քրեական արդարադատության բուն էությունը: Նախագահը կարևորել է ապօրինի որոշումների վերանայումը` վերականգնելով անձանց խախտված իրավունքները:

Խորհրդակցության արդյունքում նախագահն առաջարկել է անօրինական որոշումներ կայացրած կամ հաստատած քննիչների, դատախազների, դատավորների նկատմամբ նախաձեռնել ծառայողական քննություն` նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար, իսկ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում` համապատասխան նյութերն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Հանրապետության ղեկավարն առաջարկել է դատաիրավական բարեփոխումների ծրագրի նախագծի կապակցությամբ նախաձեռնել խորհրդարանական լսումներ` նկատի առնելով ծրագրի կարևորությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---