Հովհաննես Թամամյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ Ա.Պողոսյանի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վ. Խանզադյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության մամլո ծառայությունից։

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում Հակոբ և Հովսեփ Հովհաննիսյանների, ինչպես նաև Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձն իրականացրած Արամ և Արթուր Մարտիրոսյան եղբայրների կողմից հիշյալ առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու համար քրեական պատասխանատվությունից զերծ պահելու դիտավորությամբ Հ. Թամամյանը, տեղեկացված լինելով, թե ովքեր են կատարել հանցագործությունը և թե որտեղ են թաքցված հանցագործության գործիք հանդիսացող զենքերը, ձեռնպահ է մնացել տեղեկությունները ստուգելու և հանցագործության գործիք հանդիսացող զենքերը հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքները կազմակերպելուց:

Նա ոչնչացրել է չբացահայտված հանցագործության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում վերահսկման դրված և հաստատող տեղեկություններ պարունակող հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ամփոփագիրը:

Բացի այդ, պարզվել է, որ Հ. Թամամյանը կազմակերպել ու փաստացի ղեկավարել է 2010թ. մայիսի 12-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում Ա. Ահարոնյանին և Պ. Գրիգորյանին հրազենային ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու և Խ. Մկրտչյանին սպանելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության բացահայտման ուղղությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնի և քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական գործողությունները:

Նախաքննությաբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Թամամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Վ. Խանզադյանին և Ա. Պողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ինչ վերաբերում է Հակոբ, Հովսեփ Հովհաննիսյանների ու Սպարտակ Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դրվագին, ապա այս մասով նույնպես քրեական գործը դատարան է ուղարկվել 2011 թվականին: Արթուր Մարտիրոսյանին և Հրաչյա Պետրոսյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Արամ Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-235-րդ հոդվածի 1-ին մասով: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատաքննությունն ավարտվել է և սկսվել դատական վիճաբանությունների փուլը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---