Թուրքիան մերժել է Ֆրանսիային իր օդային և ծովային տարածքից օգտվելու հարցում

Թուրքիան մերժել է Ֆրանսիային իր օդային և ծովային տարածքից օգտվելու հարցում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի պետական ինքնաթիռներն ու ռազմանավերն այլևս չեն օգտվում Թուրքիայի օդային և ծովային տարածքից այն բանից հետո, երբ թուրքական կառավարությունը մերժել է երեք տարբեր դեպքերում:

Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Լորեն Բիլին հայտնել է այն մասին, որ օդային և ծովային տարածքից օգտվելու թույլտվության հարցումները մերժվել են, ուստի Ֆրանսիայի իշխանություններն այլևս չեն դիմում թույլտվություն ստանալու համար և օգտվում են այլընտրանքային ճանապարհներից: Այդ մասին Բիլին հայտնել է CNN Turk հեռուստաալիքին:

Դեսպանը նշել է, որ առաջինը մերժվել է ֆրանսիական ռազմական ինքնաթիռի հարցումը, որը Թուրքիայի օդային տարածքից օգտվելու թույլտվություն է խնդրել Ֆրանսիայից Աֆղանստան ճանապարհին: Վերջերս երկու ֆրանսիական ռազմանավերի նույն կերպ չի թույլատրվել մուտք գործել Թուրքիայի տարածքային ջրերը: Ֆրանսիական բանակի դեմ թուրքական կողմի ձեռնարկած միջոցները մաս են կազմում այն պատժամիջոցների, որոնք Թուրքիան ներմուծել է Ֆրանսիայի դեմ վերջինիս Սենատի կողմից «Հայոց ցեղասպանության» ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո:

Չնայած, որ այդ օրինագծի ընդունման դեմ Սահմանադրական դատարան դիմելու համար հավաքվել էր ֆրանսիական սենատորների և խորհրդարանականների ստորագրությունների անհրաժեշտ քանակը, Բիլին հայտնել է, որ այդ գործընթացը հեշտ չէ:

«Անկարայում այնպիսի մթնոլորտ է տիրում, որ իմ` Ֆրանսիա վերադառնալու անհրաժեշտություն է առաջացել»,- նշել է դեսպանը: Նա նշել է նաև, որ Թուրքիայի արձագանքը օրինագծի ընդունմանը «առաջ է բերել բազմաթիվ ֆրանսիացիների զարմանքը, բայց չի ազդել երկրում Թուրքիայի իմիջի վրա»:

Նրա խոսքով` Ֆրանսիան մեծապես կարևորում է Թուրքիայի հետ հարաբերությունները: Ֆրանսիան պետք է հանգիստ լինի: Օրենքը Թուրքիայի դեմ չէ ուղղված: Նրա խոսքով` Ֆրանսիայում բնակվող հայերի թիվը տասնապատիկ գերազանցում է հայերի թիվը Թուրքիայում. «Նրանք ֆրանսիական պատմության մի մասն են»: Դեսպանն ընդգծել է, որ հասկանում է պատմության հարցերի բարդությունն ու զգայունությունը, սակայն բոլոր կապերի խզումը, նրա կարծիքով, լավագույն գաղափարը չէ:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Ինչպես հաղորդել են Ելիսեյան դաշտերից, նախագահն օրինագիծը կստորագրի 14 օրվա ընթացքում:

Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: Որոշ ֆրանսիական սենատորներ Սահմանադրական խորհուրդ են դիմել օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ դնել շրջանառության մեջ, եթե Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական ճանաչի հունվարի 23-ին Սենատի կողմից ընդունված օրինագիծը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---