Նույնականացման քարտ կամ կենսաչափական տվյալներով անձնագիր ստանալը կամավոր բնույթ է կրում

PanARMENIAN.Net - 2012 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ կմտնեն Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման նպատակով Ազգային Ժողովի կողմից 2011թվականի նոյեմբերի 30-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքները:

Ոստիկանությունից հայտնում են, որ օրենքների ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները 2012 թվականի հունիսի 1-ից հետո իրավունք ձեռք կբերեն ՀՀ տարածքում օգտագործելու նպատակով որպես անձը հաստատող փաստաթուղթ ունենալու Նույնականացման քարտ, իսկ օտարերկրյա պետություններ մեկնելու դեպքում որպես ճամփորդական փաստաթուղթ՝ նաև կենսաչափական տվյալներով անձնագիր (անձնագիրը պարունակելու է քաղաքացու աջ և ձախ ձեռքերի ցուցամատերի մատնադրոշմները):

Անձը հաստատող նշված փաստաթղթերը ստանալը ՀՀ քաղաքացիների իրավունքն է, այսինքն՝ կամավոր է. ուժի մեջ են գտնվելու նաև ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված՝ հին նմուշի անձնագրերը, 2012 թվականի հունիսի 1-ից հետո ՀՀ քաղաքացիները կարող են նաև ստանալ, փոխանակել հին նմուշի անձնագրերը կամ երկարաձգել դրանց վավերականության ժամկետը՝ միաժամանակ օգտագործելով այն թե ՀՀ տարածքում և թե ՀՀտարածքից դուրս: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 2011 թվականի նոյեմբերի 30-ին կատարված լրացման արդյունքում սահմանվել են նաև ՀՀ քաղաքացու նույնականացման քարտի և կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի տրամադրման համար պետական տուրքի չափերը, համապատասխանաբար՝ 3 հազար և 25 հազար դրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---