Ադրբեջանցիները առևտրային ակցիայի քողարկման տակ քարոզել են այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությունը»

Ադրբեջանցիները առևտրային ակցիայի քողարկման տակ քարոզել են այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությունը»

PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին Ադրբեջանի դեսպանությույնը Պրահայի հրապարակներից մեկում կազմակերպել էր Խոջալիի դեպքերի 20-ամյա տարելիցին հիշատակի միջոցառում:

Ձեռնարկը կազմակերպվել է Չեխիայում Ադրբեջանի դեսպանության, ադրբեջանաչեխական միության (ղեկավար՝ Էլշան Նազարով) կողմից՝ մի շարք ազերի գործարարների և Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ի ստացած հաղորդագրության մեջ, միջոցառմանը Պրահայի հրապարակների անկյուններից մեկում տեղադրվել էր վրան, որի կողքին բարձրացվել Ադրբեջանի դրոշը: Միջոցառման նպատակն է եղել քարոզել Խոջալիի իրադարձությունների ադրբեջանական պաշտոնական տեսակետը:

Այդ նպատակով վրանում բաժանել են անվճար սնունդ, կազմակերպել ադրբեջանական հուշանվերների վաճառք: Բացի քարոզչական նյութերից վրանում են եղել նաև առևտրային բնույթի՝ գորգի վաճառասրահի և ռեստորանի գովազդային պաստառներ: Սրա պատճառը հովանավորների պահանջն է, և թե այն հանգամանքը, որ միջոցառման թույլտվությունը Պրահայի քաղաքապետարանից ստացվել է ոչ որպես քաղաքական ակցիա, այլ որպես գովազդա-առևտրային ակցիա:

Վրանում և մոտակայքում թվով 6-7 ադրբեջանցի ուսանողներ անցորդներին են ծուլորեն բաժանել քարոզչական բուկլետներ: Միջոցառումը սկսելուն պես հայ համայքի մի քանի ներկայացուցիչներ սկսել են վրանի կողքին անցորդներին բաժանել Չեխիայում չեխերենով պատրաստված ադրբեջանական կեղծիքը մերկացնող թռուցիներ (կցվում է) և ՙՙԽոջալու. քարոզչություն ողբերգության միջոցով՚՚ անգլերեն բրոշյուրը:

Հայ համայնքի ակտիվիստները ադրբեջանցիների համար անսպասելի կերպով մտել են վրան և նշված նյութերը բաժանել նաև այնտեղ, այդ թվում նաև միջոցառման կազմակերպիչներին և լուսանկարել: Բացի այդ, նրանք խուճապահար եղած ադրբեջանցիներին բարձրաձայն ներկայացրել են Խոջալուի ողբերգության վերաբերյալ ճշմարտությունը: Ընհանուր առմամբ հայերի կողմից բաժանվել է շուրջ 300 թռուցիկ և 50 բրոշյուր:

Ժամը 17:00-ի մոտակայքում միջոցառման են ժամանել Չեխիայում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանները Չիհադ Էրգինայը: Ադրբեջանի դեսպանի ելույթը հանկարծակիորեն խանգարվել է միջոցառման կողքով անցնող կրիշնայականների թափորի թմբուկների բարձր ձայնով և բարձրախոսներից հնչող երգեցողությամբ:

Միջոցառման կուլմինացիոն պահին մասնակցել է մինչև 40-50 ադրբեջանցի: Ընդհանուր առմամբ ակցիան անցել է անաղմուկ: Տեղաբնակների կողմից այն ուշադրության առաձնապես չի արժանացել:

Ռազմական գործողություն Խոջալուի մոտակայքում

1992թ. փետրվարի 25-ից 26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել Խոջալու բնակավայրի մոտակայքում գտնվող հանրապետության միակ օդանավակայանը ապաշրջափակելու եւ Խոջալուում գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով, որտեղից 1991թ. գարնանից սկսած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել են ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին եւ հրետակոծություններին, այդ թվում նաեւ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից` մասսայական ոչնչացման զենքերից, որոնք արգելված են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով:

Ղարաբաղի բնակչության համար տենսականորեն կարեւոր խնդիր կատարելով` Խոջալուն գրոհած ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչներին միջանցք են տրամադրել ռազմական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրօք զգուշացվել էր: Այս փաստը բազմաթիվ անգամ հաստատվել է նաեւ Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, մասնավորապես, այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի կողմից: Սակայն ադրբեջանական իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց տարհանելու համար: Դեռ ավելին, խաղաղ բնակիչների շարասյունը գնդակահարվել է Աղդամի շրջանի սահմանի մատույցներում, որն ավելի ուշ հաստատել է Մութալիբովը` այս հանցագործությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու ընդդիմության փորձերի հետ` ամբողջ պատասխանատվությունը նրա վրա դնելով:

Այն տարածքները, որտեղ հետագայում նկարահանվել են սպանվածների մարմիններ պատկերող կադրերը, գտնվում են Աղդամից երեք կիլոմետր եւ Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա: Ընդհուպ մինչեւ 1993թ. ամառը տվյալ տարածքը գտնվում էր ադրբեջանական զինված կազմավորումների մշտական վերահսկողության տակ, որը բացառում էր ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումների մուտքն այնտեղ: Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը փորձում է հայերին մեղադրել Խոջալուի խաղաղ բնակիչների սպանության մեջ, սակայն նույնիսկ ԱՀ նախագահ Մութալիբովն ինքը 1992թ. մարտին խոստովանել է, որ միջանցքը, որտեղով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, տրամադրել էին:

Հենց իրենց բարձրաստիճան հայրենակիցների կողմից Խոջալուի բնակիչների հանդեպ դավաճանությունը ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ներկայացնել իբրեւ Սումգայիթի արյունալի վաքխանալիայի համար հայերի վրեժխնդրություն:

Ելնելով վերոնշյալ փաստերից, համոզված կարելի է ասել, որ Խոջալու գյուղի խաղաղ բնակիչների, ինչպես նաեւեւ այնտեղ պահվող հայ պատանդների մահվան մեջ մեղավոր է ադրբեջանական կողմը, որն իր սեփական ժողովրդի հանդեպ հրեշավոր ոճիր է գործել քաղաքական խարդավանքների պատճառով եւ իշխանության հասնելու համար: Ոչ ոքի համար այլեւս գաղտնիք չէ, որ Խոջալուում ադրբեջանցիների «ցեղասպանությունը» միֆ է, որը ստեղծվել է դեռեւս Հեյդար Ալիեւի կողմից եւ որը պաշտպանել է գահաժառանգ Ալիեւ-կրտսերը` միջազգային հանրության ուշադրությունը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ շատ այլ հայաբնակ վայրերում հայերի կոտորածներից շեղելու, ինչպես նաեւ հայ խաղաղ բնակչության եւ սեփական ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության քաղաքական, մարդասիրական, ռազմական, տնտեսական եւ այլ քրեականորեն հետապնդվող գործողությունները քողարկելու նպատակով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---