Հանրությանը ներկայացվեց «Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի» կատալոգը

Հանրությանը ներկայացվեց «Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի» կատալոգը

PanARMENIAN.Net - Այսօր` փետվարի 28-ին Հայաստանում Իտալիայի դեսպանատանը տեղի ունեցավ «Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի» հայերենով և իտալերենով հրատարակված կատալոգի շնորհանդեսը: Կատալոգում ներկայացված են Նեապոլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում գտնվող 17-րդ դարի իտալացի հայտնի նկարիչ Լուկա Ջորդանոյի ստեղծած որմնանկարները, որոնց լուսանկարչական ցուցահանդեսը «Իտալերենի համաշխարհային 10-րդ շաբաթվա» շրջանակում կայացել է 2010 թ. հոկտեմբերի 18-ին` ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունում: Եկեղեցին գնտվում է Գրիգոր Լուսավորչի անունը կրող փողոցում: Այն 16 դարի կառույց է, որտեղ հայ և հույն միանձնուհիները բերել են Լուսավորչի մասունքները և ամփոփել այդտեղ: Ասում են, որ այդտեղ ամփոփվել է սրբի գանգը:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին: Նա, ողջունելով բոլոր ներկաներին, նշեց, որ կատալոգը փոքր է իր չափերով, բայց մեծ իր նշանակությամբ:

Հանրության մոտ Իտալիայում հայերի ներկայության մասին տեղեկությունները սահմանափակվում են միայն Վենետիկով: Բայց դա այդպես չէ: Այդ իսկ պատճառով նրանք ձեռնամուխ եղան հենց Նեապոլի հայկական եկեղեցու կատալոգի հրատարակմանը :

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նշեց, որ այսօր մեծ բարեբախտություն է ներկայացնել այդ կատալոգը և առհասարակ խոսել հայ-իտալական հարաբերությունների մասին: Նա հատուկ շեշտեց, որ խորհրդանշական է, որ հայ գրատպության 500-ամյակը մեկնարկեց հենց Վենետիկից, «Հայաստան. քաղաքակրթության դրոշմերը» խորագրով ցուցահանդեսով, քանի որ այնտեղ տպագրվել է առաջին հայերեն գիրքը:

Պողոսյանը գոհ է հայ-իտալական հարաբերություններից և համագործակցությունից, որովհետև Իտալիայի դեսպանը կարևորում է մշակութային համագործակցությունը երկու երկրների միջև:

Կատալոգի տպագրությունն իրականացրել են ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանում Իտալիայի դեսպանությունը: Այն լույս է տեսել 500 օրինակով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---