6 մարտի 2012 - 18:39 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն մտադիր է «ինչ-որ համագործակցություն հաստատել» արցախցիների ու ադրբեջանցիների միջև

«Գտնում եմ, որ ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հումանիտար կապերի զարգացման համար շատ հնարավորություններ կան»,-Բաքվում լրագրողներին է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն: Դիվանագետը, պատասխանելով այն հարցին, թե ակնկալվում են արդյոք նոր քայլեր Ադրբեջանի ու Հայաստանի միջև հումանիտար համագործակցության ոլորտում, կարևորել է նման կապերի հաստատումը: «Այդ մասին ասել են նաև Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները: Նրանք հուսադրում են, որ հումանիտար կապերը կզարգանան. Մենք նոր ենք սկսում հումանիտար կապեր հաստատել, դա դեռ սկիզբն է: Համագործակցությունն այս փուլում հուսադրում է», ասել է նա, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

Հիշեցնելով, որ անցյալ տարվա դեկտեմբերին համանախագահները եղել են Ադրբեջանի ու Արցախի սահմանին՝ Բրադկեն ասել է. «Մենք տեսանք, որ երկու կողմերում բնակվող մարդիկ բախվում են նույնանման խնդիրների հետ՝ ջրամատակարարում, էներգետիկ խնդիրներ: Մենք կցանկանայինք ինչ-որ համագործակցություն հաստատել նույն խնդիրների հետ բախվող մարդկանց միջև»: