ԻԼՀԱՄ ԱԼԻԵւՆ ՈւԶՈւՄ Է ԴԱՌՆԱԼ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԻՄ ՉԵՆ ԻՐԸ

Կովկասում հնարավոր է հյուսիսկորեականի նման վարչակարգ հաստատվի:

Հեյդար Ալիեւը չի առաջարկի իր թեկնածությունը Ադրբեջանում սպասվելիք նախագահական ընտրություններում: Դատելով Բաքվից եկող տեղեկատվությունից` այս հարցն արդեն լուծված է: Երկրի ղեկավարությունն արդեն հաստատել է իշխանության փոխանցման նեոմիապետական սցենարը: Ինչպես եւ սպասելի էր, երկրի ղեկավարն իրեն հաջորդող է նշանակել որդուն: «Յենի Ադրբեջան» իշխող կուսակցությունից կառաջադրվի Իլհամ Ալիեւը:
PanARMENIAN.Net - Պաշտոնական անձինք առայժմ հերքում են այս տեղեկատվությունը: Սակայն նախագահի շրջապատի տեղեկացված աղբյուրները հավաստում են, որ այս հարցի վերաբերյալ սկզբունքային որոշումն արդեն ընդունվել է: Բաքվի թերթերից ստացվող տեղեկությունների համաձայն, իշխանամետ եւ վերահսկվող զլմ-ներին հանձնարարվել է քարոզարշավը շարունակել նույն հունով. «Հեյդար Ալիեւը մեր միակ առաջնորդն է, իսկ Իլհամ Ալիեւը` նրա միակ հետնորդը»: Շատ նման է Հյուսիսային Կորեայում ստեղծված իրավիճակին: Իշխող դինաստիայի հիմնադիր Կիմ Իր Սենը Հզոր Առաջնորդն էր, իսկ Կիմ Չեն Իրը` սոսկ Սիրելի Ընկեր: Ժամանակի ընթացքում Սիրելի Ընկերը դարձավ Հզոր Առաջնորդը...

Ալիեւ-կրտսերի պաշտոնական առաջադրումը տեղի կունենա իշխող կուսակցության նիստում, որը կգումարվի խորհրդարանի կողմից ընտրական օրենսգրքի վավերացումից անմիջապես հետո: Բաքվի «Զերկալո» թերթի համաձայն, «նիստի ժամանակ պետության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով իր կուսակիցներին բարձր պատվին արժանացնելու համար, կհրաժարվի նախագահի թեկնածությունից: Նիստին նա կառաջարկի նոր թեկնածու ընտրել»: Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, Հեյդար Ալիեւն ինքը չի հայտարարի իր հետնորդի անունը, այդ առաքելությունը կվստահի պատվիրակներին, որոնք պետք է հիշեն կուսակցության երկրորդ նիստի որոշումը, որով Իլհամ Ալիեւը հայտարարվել էր ներկա առաջնորդի հետնորդը: Մեկ տարի առաջ նիստի պատվիրակները միասնականորեն բարձրագոչում էին. «Կեցցե Իլհամ Ալիեւը` Ադրբեջանի ապագան», «Կեցցե Հեյդար Ալիեւի այլընտրանք չունեցող հետնորդը»:

Բացառված չէ, որ ընտրությունների նախօրեին «այլընտրանք չունեցող հետնորդը» նշանակվի վարչապետ: Բաքվի քաղաքագետները վաղուց են խուսում իշխանության փոխանցման «ելցինյան» սցենարի մասին: Հնարավոր է, որ մինչ ընտրությունները Հեյդար Ալիեւը հրաժարական կտա` որդուն նախապես նշանակելով վարչապետ եւ օրինականորեն կփոխանցի նրան իշխանությունը: Այս սցենարը Իլհամին թույլ կտա թեկնածությունն առաջադրել որպես երկրի փաստացի ղեկավար: Այսօր աշխարհում ղեկավարում են իշխանությունը ժառանագաբար ստացած երկու հայտնի նախագահ: Եվ Կիմ Չեն Իրի, եւ Բաշար Ասադի դեպքում էլ գործում է Արեւմուտքի կողմից անընդունելի վարչակարգը: Ալիեւ-կրտսերի վարչակարգը տրամաբանորեն չի կարող բացառություն դառնալ: Օրերս ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հետ սերտ կապեր ունեցող քաղաքագետ Պոլ Գոբլն, որին համարում են ղարաբաղյան հակամարտության մեծ մասնագետ, Ադրբեջանի համար կանխատեսել է այն տխուր հետեւանքները, որոնք կարող են առաջանալ նեոմիապետական սցենարի իրականացման դեպքում: «Պատմությունն ապացուցում է, որ ոչ միապետական կարգերի դեպքում իշխանությունը հորից որդուն փոխանցելու փորձերը դրական արդյունք չեն տվել: Նման փորձերը կհանդիպեն լուրջ հակազդեցությունների»- նշել է Գոբլը: Նրա խոսքերով, մրցասպարեզից Հեյդար Ալիեւի հեռանալուց հետո Ադրբեջանի քաղաքական կայունությունը կխաթարվի: Կանխատեսման համաձայն, անկայունությունը կառաջանա «արտաքին ուժերի միջամտությունից» եւ «երկրի հյուսիսի եւ հարավի ազգային փոքրամասնությունների ակտիվացումից»:

Նման հեռանկարը ապագա նախագահ Իլհամ Ալիեւի մոտ կարող է նոր պատերազմ սկսելու գայթակղությունն առաջացնել, որպեսզի ուշադրությունը շեղի ստեղծված խնդիրներից: «Գահի ժառանգորդը» դեռեւս հունվարին հայտարարել էր, որ «Ադրբեջանը պետք է պատրաստ լինի ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով», քանի որ «Արեւմուտքի որոշ ուժեր ճնշում են գործադրում պաշտոնական Բաքվի վրա` ստիպելով Ադրբեջանին ընդունել ստորացուցիչ խաղաղություն»: Այսօր Արեւմուտքը պետք է գիտակցի, որ բոլոր գործընթացները տանում են Կովկասում նոր Հյուսիասային Կորեայի ստեղծմանը: Անկանխատեսելի եւ ագրեսիվ...
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---