ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ ՌՈՒՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԱՄՐԱՊՆԴԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ

Ռուսաստանի պետական դումայի ընտրություններին իրենց թեկնածությունն են առաջադրել ավելի քան 40 հայեր:

Կիրակի Ռուսաստանում կկայանան խորհրդարանի ստորին պալատի` պետական դումայի պատգամավորների հերթական ընտրությունները: Հայկական համայնքը բավականին ակտիվորեն է մասնակցում ընտրություններին եւ հավակնում է օրենսդիր մարմին անցկացնել հինգից տաս համերկրացիների: Ընդհանուր առմամբ պատգամավորի թեկնածու են գրանցվել ավելի քան չորս տասնյակ հայեր: Նրանցից երեսունը ներառված են կենտրոնական եւ տարածքային ընտրական խմբավորումների ցուցակներում:
PanARMENIAN.Net - Կես տարի առաջ Ռուսաստանի հայերի միության նախագահ, Հայերի համաշխարհային միության ղեկավար Արա Աբրահամյանը, գտնվելով Երեւանում, հայտարարեց, որ իրենց առջեւ խնդիր են դրել Պետական դումա անցկացնել հայկական համայնքի նվազագույնը հինգ ներկայացուցիչ: Նշենք, որ խոսքը ոչ միայն հայկական ծագումով անձանց մասին է, այլ` հենց համայնքի ներկայացուցիչների: Իսկ դա արդեն բավականին բարդ խնդիր է, քանի որ կուսակցությունները եւ խմբավորումները, իրենց ցուցակները կազմելիս ազգային գործոնը հաշվի են առնում վերջում: Մինչ օրս հայերը չեն կարողացել հասնել նրան, որ կուսակցությունները հայերին ընգրկեն իրենց ցուցակներում նրանց հայրենակիցները ձայները ստանալու համար: Սա այն դեպքում, երբ Ռուսաստանում միջին հաշվով ապրում է ավելի քան երկու միլիոն հայ, որոնցից շուրջ մեկ միլիոնը ձայնի իրավունք ունի: Այս իմաստով ռուսահայերը դեռ շատ բան ունեն սովորելու իրենց ամերիկյան համերկրացիներից, որոնք առավել համեստ մարդկային ներուժ ունենալով` անհամեմատ մեծ արդյունք են ստանում գրագետ լոբբիի շնորհիվ:

Այնուհանդերձ, պետդումայի պատգամավորների հայկական ազգանուն ունեցող թեկնածուների շարքում կան անձինք, ում համար միեւնույն չեն Հայաստանի եւ հայերի շահերը: Հենց նրանց վրա են հույս դնում Ռուսաստանի հայերի միության առաջնորդներրը: Այդ անձանցից ոմանք մանդաթներ ձեռք բերելու իրական հնարավորություններ ունեն: Նրանցից են, առաջին հերթին, խորհրդարանի ներքին պալատի ներկայիս փոխխոսնակ, Խորհրդային միության հերոս, բեւեռախույզ Արթուր Չիլինգարովը, որն առաջադրվել է «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցությունից: Նա Սանկտ-Պետերբուրգի տարածքային ցուցակում զբաղեցնում է երկրորդ տեղը: Քանի որ «Միասնական Ռուսաստանը» ընտրողի մոտ ասոցիացվում է նախագահի անձի հետ, կարելի է չկասկածել, որ Չիլինգարովին կհաջողվի մանդաթը թարմացնել եւս մեկ ժամկետով: Մի փոքր ավելի քիչ համոզվածությամբ նույնը կարելի է ասել նաեւ Ստեփան Շորշորովի մասին, որը «Միասնական Ռուսաստան» կուսակցության Կենտրոնական քաղաքական խորհրդի անդամ է: Այժմ նա պետդումայի անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ է: Իշխող կուսակցության առաջնորդները Շորշորովին հատկացրել են «Ռոստովյան» խմբավորման ցուցակի հինգերորդ տեղը: Երեւանյան նախկին լրագրող, այժմ աշխատավորների ինքնակառավարման ռուսական կուսակցության ղեկավար Լեւոն Չախմախչյանն ընտրություններին գնում է «Ռուսաստանի վերածնունդ կուսակցություն եւ Կյանք ռուսական կուսակցության» ընտրական դաշինքի դրոշի ներքո: Այս իշխանամետ դաշինքն առաջնորդում են խորհրդարանի երկու պալատների ղեկավարներ Գենադի Սելեզնովը եւ Սերգեյ Միրոնովը: Հինգտոկոսանոց արգելքը հաղթահարելու դեպքում, Չախմախչյանը հնարավորություն կունենա դրսեւորել իրեն որպես օրենսդիր եւ ապացուցել իր հավատարմությունը ոչ միայն Ռուսաստանի, այլեւ` Հայաստանի հանդեպ: Կենտրոնական ցուցակում նա զբաղեցնում է 16-րդ տեղը` ոչ այնքան հեղինակավոր, բայց եւ անցողիկ: Դաշինքում ընդգրկված Չախմախչյանի գործընկեր Սերգեյ Մաղդեսյանն ավելի քիչ շանսեր ունի, քանի որ նա զբաղեցնում է Կենտրոնական խմբի տարածքային ցուցակի 8-րդ տեղը: Վատ հեռանկարներ չունեն Ռուբեն Բադալովը եւ Սերգեյ Խաչատրյանը: Նրանք երկուսն էլ Վլադիմիր Ժիրինովսկու ղեկավարած լիբերալ-դեմոկրատական կուսակցության ակտիվիստներն են: Ռուբեն Բադալովը գլխավորում է Ռոստովի շրջանի տարածքային ցուցակը, իսկ Սերգեյ Խաչատրյանը` «Հարավային Սիբիրի» ցուցակը: Սակայն կասկածներ կան, որ կուսակցության վարած քաղաքականությունը կստիպի նրանց մի կողմ դնել հայկական շահերը, որոնք այնքան էլ հավանության չեն արժանանում Ժիրինովսկու կողմից: Տեսականորեն շանսեր ունեն նաեւ կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված երկու հայեր: Պետդումայի պատգամավորի օգնական 31-ամյա Արմեն Բանիամինովը կուսակցության «Արեւմտյան» թեւի ցուցակի 9-րդ տեղում է, իսկ թոշակառու Սիմոն Բաղդասարովը` ուրալյան խմբի 3-րդ տեղում է: Դժվար է հավատալ «Հայրենիք» ազգային-հայրենասիրական միավորման դրոշի ներքո գնացող մեր հայրենակիցների հաղթանակին: Ռոստովցի Ռուբեն Բադալովը եւ Բարնաուլի բնակիչ Սերգեյ Խաչատրյանը ղեկավարում են կուսակցության համապատասխան տարածքային ցուցակները: Խորհրդարանում հայտնվելու քիչ շանսեր ունի Իգոր Խանկոեւը, որը ժողովրդական կուսակցության Կուբանի ցուցակի առաջին տեղում է:

Ինչ վերաբերում է մեծամասնական կարգին, ապա հայերն առավել ակտիվ են Կրասնոդարի երկրամասում: Երեք կուբանահայ է պայքարում պատգամավորական մանդաթի համար` Պետդումայի տնտեսական քաղաքականության եւ ձեռնարակատիրության կոմիտեի ապարատի խորհրդական Մամիկոն Հայրապետյանը, Կրասնոդարի երկրամասի օրենսդրական խորհրդի պատգամավոր Բորիս Անուշավանի Կասակովը եւ Նովոչերկասի էլեկտրաշինարարական գործարանի գլխավոր տնօրեն Իլյա Քոչյանը: Իսկ Սոչիի ձեռներեց Հմայակ Ուստյանը որոշել է իր քաղաքական կարիերան սկսել Կրասնոդարի երկրամասի օրենսդիր մարմնում: Նա իր ուժերը կփորձի երկրամասային խորհրդարանի կրկնակի ընտրությոններում, որոնք կկայանան Պետդումայի ընտրությունների հետ միաժամանակ: Եւս 11 մեր հայրենակիցներ մտադիր են պայքարել Կուբանի շրջանի Բելորեչենսկի քաղաքային խորհրդում տեղ գրավելու համար, որտեղ հայկական համայնքը քիչ ազդեցություն չունի:

Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցելու` ռուսահայերի փորձերն այնքան էլ հաջող չեն: Հայկական համայնքին չհաջողվեց հստակորեն արտահայտել իրենց առաջնայնությունները եւ ռուսական քաղաքական էլիտային ցույց տալ սեփական նշանակությունը: Պետդումայի չորրորդ գումարման ընտրությունները դժվար թե հնարավորություն տան ռուսական խորհրդարանում ձեւավորել ամուր հայկական լոբբի: Այս առումով, Ռուսաստանի հայերի միությունը դեռ շատ աշխատանք ունի անելու:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---