ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ՉԵՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

Կարծես թե Հայաստանը ներառված չէ այն երկրների ցանկում, որոնց իշխանությունները չեն բավարարում Վաժինգթոնին:

Մոտ ժամանակներս ԱՄՆ-ի Կոնգրեսը կքննարկի սենատորներ Ջոն Մաքքեյնիի եւ Ջոզեֆ Լիբերմանի առաջարկած օրինագիծը, որը ենթադրում է աջակցություն ցուցաբերել Արեւելյան Եվրոպայի եւ Ասիայի զարգացող երկրների ժողովրդավարական շարժումներին: Փաստաթուղթն անվանվում է «Ժողովրդավարության առաջխաղացման Ակտ»: Քաղաքական մեկնաբանների կարծիքով, դրա ընդունումը կնպաստի արտահանել «թավշյա հեղափոխությունները» Ուկրաինայից եւ Վրաստանից դեպի ԱՊՀ այլ երկրներ: Եթե օրենսդիրները հավանության արժանացնեն Մաքքեյնիի եւ Լիբերմանի նախաձեռնությունը, ապա հայկական ընդդիմադիրների հաստատակամությունն էլ ավելի կավելանա:
PanARMENIAN.Net - Ռուսաստանում այս օրինագիծը գնահատել են որպես ԱՄՆ վարչակարգի կողմից տրված այլ պետությունների ներքին գործերին միջամտելու թույլտվություն: Փաստաթղթի հեղինակները չեն թաքցնում, որ իրենց նախաձեռնության գլխավոր նպատակը Միացյալ Նահանգների քաղաքական շահերի պաշտպանությունն է, եւ ոչ թե` այն երկրների բնակիչների քաղաքացիական իրավունքները, որոնց Վաշինգթոնը համարում է ոչ ժողովրդավար: «Ժողովրդավարության եւ ազատության աջակցությունն անբաժանելի են ԱՄՆ ազգային անվտանգության հարցից»,- հայտարարել է Ջոն Մաքքեյնին: «Եթե Նյու Յորքի, Վաշինգթոնի եւ կամ Կալիֆորնիայի անվտանգությունը թեկուզ եւ մասնակիորեն կախված է Էլ-Ռիյադի, Բաղդատի կամ Կիպրոսի ազատությունից, ապա մենք պետք է նպաստենք այնտեղ ժողովրդավարության կայացմանը եւ հասարակության բարգավաճմանը»: Իսկ որպես օրինակ այն երկրների, որտեղ ամերիկացիներին հաջողվել է հասնել այդ «բարգավաճմանը», նա բերում է Վրաստանը, Ուկրաինան, Իրաքը եւ Պաղեստինյան ինքնավարությունը:

«Ժողովրդավարության առաջխաղացման Ակտը» ենթադրում է 300 միլիոն դոլարի հատկացում «արտասահմանում ժողովրդավարության աջակցության» համար: Նախատեսվում է Վաշինգթոնում ստեղծել հատուկ կառույցներ, որոնք պետք է համակարգեն «ժողովրդավարության հովանավորությունը» զարգացող երկրներում: Միացյալ Նահանգների պահանջներին բավարարող վարչակարգերի իշխանույթան գալուն նպաստող գերատեսչությունը կոչվելու է «ժողովրդավարական շարժումների եւ ժողովրդավարության անցումային շրջանի Վարչություն»: Այն ստեղծվելու է պետական դեպարտամենտի հիմքի վրա: Տեղական մասնաճյուղերը նախատեսվում է ստեղծել այն բոլոր երկրների ամերիկյան դեսպանատներում, որոնց ամերիկացիները համարում են ոչ այնքան էլ ժողովրդավարական: Մինչ այժմ այդ դերը տեղերում իրականացնում էին ԱՄՆ Ժողովրդավարական Ազգային Ինստիտուտի գրասենյակները: Երեւանում եւս կա նման գրասենյակ, որի աշխատակիցներն ակտիվորեն աշխատում են առավել «առաջատար» ընդդիմադիր կուսակցությունների հետ: Ամենայն հավանականությամբ, Վաշինգթոնից նոր մասնագետների ժամանումից հետո կվերանայվի ընդդիմադիրներին «ուսանելու» մարտավարությունը:

Հնարավոր է, Լիբերմանի եւ Մաքքեյնիի նոր նախաձեռնության հաշվարկով էլ հենց «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը հինգշաբթի օրն իր մամլո ասուլիսում նշեց, թե պատրաստ է արդյունավետորեն համագործակցել ԱՄՆ-ի Ժողովրդավարական Ազգային ինստիտուտի հետ: Գուցե սա յուրօրինակ ազդակ է այն մասին, որ «Արդարությունը» ի վիճակի է արդարացնել ամերիկացիների սպասումները: Վերջիվերջո, 300 միլիոնը քիչ գումար չէ, եւ նոււյնիսկ դրա մեկ հարյուրականն էլ բավական կլինի «թավշյա հեղափոխության» իրականացմանը, որի անհրաժեշտության մասին այդքան շատ խոսում են հայ ընդդիմադիրները:

Սակայն, ոչ մի հիմք չկա ենթադրելու, թե Հայաստանն այն երկրների շարքում է, որոնց «ժողովրդավար դարձնելը» Միացյալ Նահանգների առաջնային խնդիրներից է: Օրինագծի հեղինակները պարզաբանում են, թե կոնկրետ որ երկրերում են նրանք ցանկանում «ժողովրդավարություն հաստատել»: Սենատում իր ելույթում Ժոզեֆ Լիբերմանը միայն նշել է, որ աշխարհում կա առնվազն 45 երկիր, որոնք պետք է ժողովդավարություն սովորեն Արեւմուտքից: Ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է «Ֆրիդոմ Հաուզ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության կազմած ցուցակի մասին: Սակայն այդ ցուցակում Հայաստանը չի հիշատակվում: ԱՊՀ երկրներից այստեղ ներառված են միայն Ռուսաստանը, Բելոռուսիան, Ղազախստանը, Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը:

Որտեղ է առաջիկա տարիներին Միացյալ Նահանգները մտադիր «թավշյա հեղափոխություն» հրահրել հարցի պատասխանը, հնարավոր է, պետք է փնտրել Ջորջ Բուշի եւ ուկրաինական հեղափոխականների առաջնորդ Վլադիսլավ Կասկիվի զրույցի բովանդակության մեջ: «Ժամանակն է» համաուկրաինական հասարակական կազմակերպության ղեկավարը, որն իշխանության բերեց Վիկտոր Յուշչենկոյին, ԱՄՆ-ի նախագահի հետ զրույցի ավարտին հայտնել է, որ Սպիտակ տան ղեկավարը հավանության է արժանացրել էքսպերտային կենտրոնի ստեղծումը, որը պետք է զբաղվի ժողովրդավարական շարժումների աջակցությանը հարեւան երկրներում` Ռուսաստանում, Բելոռուսիայում, Մոլդովայում եւ Ադրբեջանում: Հայաստանը նա չի նշել: Հատկանշական է, որ Բրատիսլավիայում Բուշի եւ Կասկիվի հանդիպումից անմիջապես հետո «Ժամանակն է» կազմակերպությունը նամակներ է ուղարկել ԱՊՀ մի քանի երկրների ղեկավարներին, որոնց մեջ նախազգուշացրել է «նարնջագույն հեղափոխությունների» գալիքի մասին: Ալիեւի ապարատում այդ նամակը խուճապ է առաջացրել: Ադրբեջանում անմիջապես Կասկիվին նոն գրատա անձ են հայտարարել: Միաժամանակ, Հայաստանի նախագահն անհանգստանալու բան չունի: Կիեւից նա ոչ մի նամակ չի ստացել:

Արտյոմ Երկանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---