ԲԱՔՎԻ ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՄԻԱՑՆԵԼ» ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Բաքվում ստեղծվել է կազմակերպություն, որը նպատակ ունի այդ առաքելությունն իր վրա վերցնել:

Ադրբեջանում հիմնվելէ նոր հասարակական կազմակերպություն հետաքրքրական անվանումով` «Արեւմտյան Ադրբեջանի ազատագրման ճակատ»: Հետաքրքարական է նրանով, որ Արեւմտյան Ադրբեջանի մասին խոսելիս` հիմնադիրները նկատի ունեն Հայաստանի Հանրապետությունը: Հենց կազմակերպության անունն էլ ներկայացնում է դրա խնդիրները: Թե ինչ միջոցներով են կազմկոմիտեի անդամները պատրաստվում Հայաստանը միացնել Ադրբեջանին կորոշի մայիսին գումարվելիք նստաշրջանը:
PanARMENIAN.Net - Կազմակերպության կանոնադրության մեջ ուղղակիորեն չի նշվում այն մասին, որ անդամները պատրաստվում են ձեռքները երկարացնել Հայաստանի կողմը: Պաշտոնապես «ճակատի» գլխավոր նպատակը «Արեւմտյան Ադրբեջանի» փախստականների շահերի պաշտպանությունն է, եւ, իհարկե, նրանց վերադարձման համար պայքարը: Կազմակերպության հիմնադիրները մտադիր են իրենց վրա ուշադրություն գրավել աղմկալի ակցիաների միջոցով. նրանք խոստանում են Հայաստանի դեմ հայց ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական դատարան 1988-90թթ.-ին հանրապետությունը թողած բոլոր փախստականներին փոխհատուցում վճարելու պահանջով: Նրանք պատրաստվում են Երեւանից բռնագանձել ոչ ավել ոչ պակաս, քան 8 միլիարդ դոլար` 50 հազարական դոլար յուրաքանչյուր փախստականին: Սակայն այստեղ անհրաժեշտ է մեկ կարեւոր պարզաբանում մտցնել: Հայաստանը լքած 160 հազար ադրբեջանցիների բացարձակ մեծամասնությունը մեկնել են` վաճառելով իրենց տները եւ ունեցվածքը: Այնինչ, Ադրբեջանում բնակավող 400 հազար հայեր, փախնելով փրկվելով, զրկվել են իրենց ամբողջ ունեցվածքից: Եթե առաջնորդվենք կազմակերպության հիմնադիրների տրամաբանությամբ, ապա պաշտոնական Բաքուն պետք է Հայաստանին վճարի 20 միլիարդ դոլար: (Ներկայիս պետբյուջեի չափերի, այդ գումարները մեզ բավարար կլինեն 40 տարի բարեկեցիկ ապրելու համար): Այսպիսով, ակնհայտ է, որ խարդախ այս մտադրությունն ամենեւին էլ շահեկան չէ Ադրբեջանին: Պարզ է, որ այս նախաձեռնությունը կկանխվի իշխանությունների կողմից:

Ի դեպ, իշխանությունների մասին: «Արեւմտյան ադրբեջանցիները» գոհ չեն նրանցից, քանի որ մինչ այժմ չի բավարարվել «ճակատի» կողմից առաջադրած Հայաստանից գաղթածներին մայրաքաղաքում կամ դրա շրջակայքում հողատարածքների տրամադրման մասին պահանջը: Եվ ընդհանրապես, շարժման հիմնադիրները նշում են, որ «արեւելյան եղբայրները» սիրով տոգորված չեն իրենց հանդեպ: «Ադրբեջանում մեզ բավականին սառը դիմավորեցին»,- օրերս մամուլի ասուլիսին հայտարարեց «Արեւմտյան Ադրբեջանի ազատագրման ճակատի» կազմկոմիտեի նախագահ Ռիզվան Թալիբովը: Այնպես որ, պարզ է, որ «ճակատի» խնդիրն է լինելու ոչ միայն Հայաստանը Ադրբեջանին միացնելը, այլեւ արեւի տակ տեղ ունենալու համար իրենց համերկրացիների հետ պայքարելը:

Սակայն կան նաեւ ստվերային խնդիրներ, որոնք առայժմ չեն հրապարակվում: Դրանք կապված են առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: Հայտնի է, որ Հայաստանից գաղթածների քաղաքական կլանը ամենազդեցիկներից է երկրում: Ժամանակ առ ժամանակ այն նույնիսկ մարտահրավեր է նետում նախիջեւյան կլանին, որը ղեկավարվում է Ալիեւների ընտանիքի կողմից: Վերջին շրջանում նախիջեւանցիներն ու բաքվեցիները նեղում են «արազներին» ու «երազներին» (Այդպես են անվանում հայաստանաբնակ եւ երեւանաբնակ ադրբեջանցիներին իրենց համերկրացիները): Այդ պայքարի արդյունքը եղավ աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար, նախիջեւանցի Ալի Նագիեւի ակնհայտ «վրաերթը» կրթության նախարար Մասիր Մարդանովի վրա, ինչպես նաեւ` արտաքին գործերի նախարար Վիլայեթ Գուլիեւի պաշտոնանկությունը, ով լինելով ղարաբաղի գաղթական` դասվում էր «հայկական կլանի» շարքը: Խորհրդարանական ընտրությունները լավ առիթ են ռեվանշ վերցնելու համար: Նյութական եւ ադմինիստրատիվ լուրջ միջոցներ ունենալով` «արազները» մտադիր են բարձրագոչել իրենց մասին, եւ հենց սրա հետ է կապված հնչեղ անվանումով նոր կազմակերպության հիմնումը:

Միաժամանակ շարունակվում է իշխանության համար պայքարը հենց կլանի ներսում: Առաջնորդի դերին իրապես կարող են հավակնել երեքը` նախագահի խորհրդական Իդայաթ Օրուջեւը, կրթության նախարար Միսիր Մարդանովը եւ առողջապահության նախարար Ալի Ինսանովը: Վերջինս առավել ակտիվն է: Նա պատրաստվում է ստեղծել իր կուսակցությունը, որի հիմքը պետք է կազմեն իր նախկին համերկրացիներ «արազները»: Ի դեպ, 97թ.-ին Ինսանովը եղել է Հայաստանում, այցելել է Էջմիածին: Վերադարձին հիացել էր ընդունելությամբ եւ ջերմ խոսքեր էր ասել հյուրասեր երեւանցիների հասցեին: Այսօր նա մեկն է նրանցից, ով Հայաստանի մասին խոսում է որպես «Արեւմտյան Ադրբեջանի»:

Ինսանովը միակ բարձրաստիճան պետական գործիչը չէ, ով իրեն թույլ է տալիս այնպիսի արտահայտություններ, որոնք կարելի է գնահատել որպես Հայաստանի հանդեպ տարածքային հավակնություններ: Մի քանի ամիս առաջ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը Լիտվայի զինվորական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հստակորեն հայտարարեց Հայաստանի հարավային շրաջանների հանդեպ պաշտոնական Բաքվի հավակնությունների վերաբերյալ: «Ադրբեջանը չի ուզում բաժանված պետություն ունենալ: Նկատի ունեմ Նախիջեւանը, որ բաժանված է մեր հիմնական հողերից: Մենք անհապաղ կբարձրացնենք այդ հարցը»,- ասել է նա: Ադրբեջանական շատ նախարարներ սկզբունքորեն Երեւանը անվանում են Իրիվան, իսկ Սեւանը` Գեկչա:

Ենթադրվում է, որ այդ գործիչների սրտով է «Արեւմտյան Ադրբեջանի ազատագրման ճակատի» հիմնումը: Սակայն կարիք կա նրանց բոլորին հիշեցնել հանգուցյալ նախագահ Աբուլֆաս Էլչիբեյի խոստումը, ով հավաստում էր համերկրացիներին, թե հաշված շաբաթներից հետո ոտքերը լվանալու է Սեւանի ջրով: Բոլորը գիտեն` ինչ դրանցի դուրս եկավ:

Արտյոմ Երկանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---