Մերզլյակովն ու Բրայզան հակասում են միմյանց

Մինսկի խմբի ռուս համանախագահը հանդես եկավ իր ամերիկացի գործընկերոջ գնահատականներին միանգամայն հակադիր գնահատականներով

Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առիթ տվեցին կասկածելու նրանց մոտեցումների միասնականության մեջ: Ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը երեքշաբթի օրը հարցազրույց է տվել «Թրենդ» ադրբեջանական տեղեկատվական գործակալությանը, որի ժամանակ, ըստ էության, հերքել է իր ամերիկացի գործընկերոջ հայտարարությունները: Սկզբունքային հարցերի նկատմամբ մոտեցումները` Յուրի Մերզլյակովի եւ Մեթյու Բրայզայի մեկնաբանությամբ, միանգամայն հակադիր տեսք ունեն: Ընդ որում, եւ՛ մեկը, եւ՛ մյուսը խոսում են Մինսկի խմբի անունից:
PanARMENIAN.Net - Յուրի Մերզլյակովը, մեկնաբանելով Մինսկի խմբի վերջին հայտարարությունը, ասեց հետեւյալը. «Բանակցությունների սեղանին որեւէ շրջանակային համաձայնագիր չկա»: Նրա խոսքերով, միջնորդներն ընդամենը առաջարկել են կողմերին համաձայնեցնել հարցի կարգավորման սկզբունքները, եւ միայն այն դեպքում, եթե նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը հավանություն տան այդ գաղափարներին, կարելի կլինի խոսել շրջանակային համաձայնագրի նախագծի մշակման մասին: Չնայած այդ պնդմանը, ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «Ազատություն» ռադիոկայանին տված իր` աղմկալի հարցազրույցում հունիսի 22-ին հայտարարեց. «Մենք ունենք ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ, որը կոչ է անում դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի այն տարածքներից, որտեղ դրանք այժմ տեղակայված են...»:

Բանավոր խոսքում լինում են սխալասություններ: Գուցե Մեթյու Բրայզան ուրի՞շ բան էր ցականում ասել: Այս դեպքում դա բացառված է, քանի որ քիչ ուշ նա հաստատում է իր միտքը. «Մենք նախագահներին կոչ ենք անում ընդունել ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ, ինչը քաղաքական համարձակություն է պահանջում»: Ինչպե՞ս դա պատահեց: Ինչու՞ միեւնույն փաստաթուղթը ռուս միջնորդը սովորական թուղթ է անվանում, իսկ նրա ամերիկացի գործընկերը` շրջանակային համաձայնագիր: Ամեն ինչ այդքան լուրջ չէր լինի, եթե դա լիներ միակ հակասությունը երկու միջնորդների խոսքերում: Սակայն ռուս դիվանագետը հերքեց ամերիկյան Պետդեպարտամենտի ներկայացուցչի ոչ միայն այս հայտարարությունը: Ադրբեջանցի լրագրողի հետ ունեցած զրույցում Յուրի Մերզլյակովը պնդում է. «Համանախագահները բանակցային գործընթացում չեն օգտագործում այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «փուլային», «փաթեթային», «համապարփակ» եւ նմանատիպ այլ բառեր ...»: Իսկ միեւնույն ժամանակ, Մեթյու Բրայզան, խոսելով միջնորդների կողմից առաջարկված սկզբունքների մասին, հայտարարեց. «Այսինքն, սեղանին ՓԱԹԵԹԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ կա»:

Նկատենք, որ հակասությունները բավականին սկզբունքային հարցերի են վերաբերում: Համանախագահները վաղուց իրենց թույլ չէին տվել այսքան էական հակասությունների առկայությունը հաստատող արտահայտություններ անել: Ամերիկյան դիվանագիտության սրված ակտիվությունը, որ ձգտում է իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը Ղարաբաղյան հարցում, ամենայն հավանականությամբ, Կրեմլում նյարդայնություն է առաջացնում: Նոր համանախագահի չափից դուրս ինքնուրույնությունը չի մտնում Մոսկվայի ծրագրերի մեջ, որը ավելի դանդաղ քայլերի կողմնակից է հանդիսանում եւ չի ընդունում Ղարաբաղյան հարցի արագընթաց կարգավորումը: Սակայն գլխավորը նրանում է, որ բանաձեւը, որ այդքան տքնաջանորեն գովազդում է Բրայզան, չի համապատասխանում Ռուսաստանի շահերին: Չէ՞ որ, դրա կիրառման դեպքում, Մոսկվան ստիպված կլինի հաշտվել տարածաշրջանում օտարերկրյա ռազմական կոնտինգենտի տեղակայման հետ, որը կժամանի խաղապահի դրոշի ներքո:

Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, ռուսական ԱԳՆ-ն Վաշինգթոնի չափազնաց ակտիվացման հետ չի պատրաստվում կտրուկ քայլերի դիմել: Ամերիկացիներից նախաձեռնության հափշտակման փորձը, ամենայն հավանականությամբ, ավելի ուշ կլինի. այն բանից հետո, երբ երիտասարդ համանախագահը առաջին անգամ կայցելի տարածաշրջան եւ կհամոզվի նրանում, որ իր չափազանց լավատեսական հայտարարություններն իրականում իրականության վրա հիմնված չեն: «Սպասվում է ամերիկացի համանախագհի այցը տարածաշրջան ներկայացման համար, եւ այն ժամանակ մենք կկողմնորոշվենք: Ամեն ինչ պարզ կդառնա այն բանից հետո, երբ նա մեկնի եւ լսի կողմերի գնահատականները»,- հայտարարել է Մերզլյակովը: Երեւի, միակ բանը, ինչում ռուս եւ ամերիկացի համանախագահների հայտարաությունները համընկնում են, Մինսկի խմբի համանախագահների կողմից նոր քայլերի նպատակահարմարությունն է: «Առաջիկա ամիսներին ոչինչ չենք պատրաստվում նախաձեռնել»,- ասում է ռուս միջնորդը: Ամերիկացի գործընկերը նրա հետ համաձայն է:

Արտյոմ ԵՐԿԱՆՅԱՆ
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---