Ռեջեփ Էրդողանի կուսակցության հաղթանակը ապտակ դարձավ թուրք գեներալներին

Եվրոպան, որը հինգհարյուրամյա դառը փորձ ունի, հենց այդ պատճառով է մերժում Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու հարցում, որ հոյակապ պատկերացնում է` ինչ կլինի քրիստոնեական քաղաքակրթության հետ

Ռեջեփ Էրդողանի Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP) իրոք տապալիչ հաղթանակ տարավ Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում` հավաքելով գրեթե 47 տոկոս: Համեմատությամբ 2002 թվականին հավաքած համեստ 34 տոկոսին, սա իրոք մեծ առաջխաղացում է: AKP-ի հաղթանակը նշանակում է ոչ միայն «վերադարձ» իսլամական արժեքներին, այլեւ ազգայնամոլական եւ պանթուրքական տրամադրությունների աճ:
PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ Արեւելգիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերով, AKP-ի ներքին քաղաքականության կուրսը կշարունակվի: «Արտաքին քաղաքականության մեջ Թուրքիան կձգտի անդամակցել ԵՄ-ին, սակայն այդ ակնկալիքներին զուգահեռ սպասվում է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա` հարաբերությունների բարելավում արաբական երկրների, մասնավորապես, Իրանի հետ»,-նշել է Սաֆրաստյանը: Վերջինիս հաստատումը կայացել է դեռ մինչեւ ընտրությունները, րեբ Իրանն ու Թուրքիան հուշագիր են կնքել Էներգետիկայի բնագավառում, մասնավորապես Թուրքիա իրանական գազի մատակարարման հարցում համագործակցության մասին` ԱՄՆ-ի կողմից ակնհայտ հակադրության դեպքում:
Օրակարգից հանված չէ նաեւ Թուրքիայի անդամակցության հարցը ԵՄ-ին: Ամենայն հավանականությամբ, հենց դրանով է պայմանավորված Ռեջեփ Էրդողանի գաղտնի հրամանագիրը, որը արգելում է օգտագործել «sozde» («ենթադրյալ», «այսպես կոչված»` թուրք.) արտահայտությունը Հայոց ցեղասպանության մասին նյութերում: Այդ գաղտնի հրահանգի մասին նորությունը հրապարակվեց հուլիսի 19-ին թուրքական TV Ulusar Kanal-ում, զետեղվեց նրա վեբ-կայքում, ինչպես նաեւ լրատվական մյուս գործակալությունների կողմից: Հայոց ցեղասպանությունն ուրացող թուրքերի արձագանքը կոշտ էր` վարչապետին մեղադրեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի 106-րդ բանաձեւի ընդունման դեմ ուղղված իրենց ջանքերը տապալելու մեջ: Թուրք պաշտոնյաներն ու լրագրողներն երբեք չեն հրաժարվում անվանել Հայոց ցեղասպանությունն «այսպես կոչված» կամ «ենթադրյալ», կասկածի տակ առնելով հայերի զանգվածային սպանությունները թուրքական կառավարության կողմից 1915-1923 թթ.-ին: Ըստ Էրդողանի հրահանգի, այսուհետ Հայոց ցեղասպանությունը պաշտոնական փաստաթղթերում եւ հանրությանը պետք է ներկայացվի որպես «1915 թվականի իրադարձություններ» կամ «հայկական պնդումներ 1915թ. իրադարձությունների վերաբերյալ»:

Վարչապետի գրասենյակը տարածել է այդ հրահանգը բոլոր պետական հաստատություններում, ներառյալ նախարարությունները, նահանգապետների, քաղաքապետների գրասենյակները, դատարաններն ու Գլխավոր շտաբը: Ինչպես ասում են, Էրդողանը հրամանագրում հայտարարել է, թե խոսքը գնում է որոշ թուրքական ոչ կառավարական կազմակերպությունների կողմից 2005 թվականին հնչած խորհուրդների մասին` առ այն, որ հարկավոր է միջոցներ ձեռնարկել «մաքրելու համար թուրքական դասագրքերը այլատյացությունից եւ ծայրահեղ ազգայնամոլությունից»: Այդ առաջարկը դարձավ եվրոպական հանձնաժողովի կողմից եռամյա հետազոտությունների արդյունքը: Ulusal Kanal-ը նշում է, որ Եվրոպայի Խորհուրդը դիմել է Թուրքիային, խնդրելով զերծ մնալ թուրքական դասագրքերում հայերին եւ հույներին նվաստացնող որոշ բառերից եւ արտահայտություններից, հաղորդում է The California Courier-ը:

Եվրամիությանն ամեն գնով անդամակցելու Թուրքիայի ձգտումը հստակորեն գալիս է պանթուրքիզմի գաղփարից եւ ապագայում հնարավոր է, Օսմանյան Կայսրությունը «վերակենդանացնելու» ձգտումից: Իհարկե, ոչ տառացիորեն, սակայն նման նպատակի համար գնում են ամեն ինչի: Իսկ Եվրոպան, որը հինգհարյուրամյա դառը փորձ ունի, հենց այն պատճառով է մերժում Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու հարցում, որ հոյակապ պատկերացնում է` ինչ կլինի քրիստոնեական քաղաքակրթության հետ: «Անկեղծ լինենք: Թուրքիան պատրաստ չէ ԵՄ անդամ դառնալ, եւ Եվրամիությունը եւս պատրաստ չէ ընդունել Թուրքիային: Ոչ վաղը, ոչ էլ վաղը չէ մյուս օրը»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:
Միեւնույն ժամանակ, շվեյցարական Tages Anzeiger-ը նշում է, որ առաջին անգամ վերջին հիսնամյակում իշխող կուսակցությանը ոչ միայն հաջողվեց մնալ իշխանության ղեկին, այլեւ բարելավել իր արդյունքները: «Հնարավոր է, շատ ավելի կարեւոր արդյունք է գեներալներին հասցված դառը ապտակը: Վերջին ամիսներին երկրում մռայլ մթնոլորտ էր տիրում, եւ պատասխանատվությունն այդ ամենի համար կրում էր բանակը»,- գրում է թերթը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---