Ո՞ւմ կողմից է Ռուսաստանը քրդական հարցում

Ներկայումս Թուրքիան հեռանում է ԱՄՆ-ից, եւ Ռուսաստանը պետք է նպաստի այդ գործընթացին

Այն, որ Քրդական աշխատավորական կուսակցությունն (ՔԱԿ) ըստ ԱՄՆ Պետքարտուղարության «ընդհանուր թշնամի է Թուրքիայի համար եւ ԱՄՆ-ի համար» արդեն հայտնի է: Սակայն նախօրեին այդ հայտարարությանը, թեկուզ եւ ոչ ուղղակիորեն, միացել է Կրեմլը, ինչը դժվար էր ենթադրել: «Մենք դիտարկում ենք Քրդական աշխատավորական կուսակցության գործողությունները որպես ահաբեկչական հարձակումներ եւ դատապարտում ենք նրանց: Մենք կարծում ենք, որ Թուրքիան իրավունք ունի պաշտպանել իրեն: Սակայն մենք հավատում ենք, որ խնդրի լուծման ճանապարհը երկխոսությունն է: Անկարային հարկավոր է նստել բանակցությունների սեղանի շուրջ մի քանի երկրների հետ, որոնք սատարում են ՔԱԿ-ին»,-հայտարարել է Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
PanARMENIAN.Net - Ինչպես գրում է «Հյուրիեթ» թերթը, առաջին անգամ Ռուսաստանը պաշտոնապես ահաբեկչական կազմակերպություն ճանաչեց ՔԱԿ-ը: Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում մի փոքր տարօրինակ է, եթե հաշվի առնենք այն, որ քրդական անջատողականությունը սկիզբ առավ արդեն վաղելի 30-ական թվականներին, երբ խորհրդային հատուկ ծառայությունները մոտիկից սկսեցին զբաղվել Մերձավոր Արեւելքի խնդիրներով: Սակայն Մոսկվան ձգտում էր հրահրել քրդերին ոչ թե Իրանի դեմ, որի հետ Խորհրդային Միությունը այն ժամանակ լավ հարաբերություններ ուներ, այլ Իրաքի եւ Թուրքիայի դեմ, որոնք Արեւմուտքի ռազմավարական դաշնակիցներն էին:

1936թ. բացելով մեջլիսի նիստը` Թուրքիայի նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը նշեց, որ երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրներից գրեթե ամենակարեւորը քրդականն է եւ կոչ արեց «վերջ դնել այդ խնդրին մեկընդմիշտ»: Քրդական բնակչության երկամյա հետապնդումներից հետո Թուրքիայի արտգործնախարար Բայարը հայտարարեց, թե նման խնդիր երկրում այլեւս չկա: «Քրդական հարցի պատմությունը ձեւակերպվում է մեկ նախադասությամբ` քրդերը չունեն ազգային պետություն: Դա շատ մեծ ժողովուրդ է, որի բնակչությունը կազմում է 23-25 մլն: Քրդերը հասկանում են, որ այսօր առաջին անգամ տասնյակ հարյուրավոր տարիների ընթացքում հայտնվել է թեկուզ հազիվ նշմարելի, բայց շանս` իրենցը ստեղծելու: Առավել եւս, որ Իրաքի հյուսիսային մասը, որը բնակեցված է քրդերով եւ այժմ ստանում է ամերիկացիների աջակցությունը, դե-ֆակտո ինքնուրույն պետություն է: Այնտեղ կա նավթ եւ էլի շատ բաներ գոյությունը պահպանելու համար»,-գտնում է իսլամի եւ Մերձավոր Արեւելքի գծով փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն:

Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովի տեսակետից, այժմ Թուրքիան հեռանում է ԱՄՆ-ից, եւ Ռուսաստանը պետք է նպաստի այդ գործընթացին: «Թուրքիան քաղաքականապես թերագնահատված երկիր է, բանը նրանում է, որ այն բոլորի կողմից դիտվում էր որպես ԱՄՆ-ի խամաճիկ, եւ ոչ ոք նրա հետ հաշվի չէր նստում: Սակայն Թուրքիան դադարում է խամաճիկ լինել եւ դա տեսանելի է, քանի որ ԱՄՆ-ն խնդրեց չռմբակոծել Իրաքը, չներխուժել, իսկ Թուրքիան ուշադրություն չդարձրեց դրան: Թուրքիան խնդրեց ԱՄՆ-ին չընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը եւ ԱՄՆ-ն արեց դա: Մենք այժմ պետք է հարաբերություններ հաստատենք Թուրքիայի հետ, մենք հնարավորություն ունենք լրջորեն բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ` ընդգրկելով նրան միասնական տնտեսական տարածության մեջ: Միասնական տնտեսական տարածության տակ մենք հասկանում ենք նման տնտեսությամբ երկրներին, որոնք Եվրամիությունից դեպի արեւելք են գտնվում եւ որոնք Եվրամիության անդամ դառնալու շանս չունեն: Ուստի մենք Թուրքիային եւս պետք է ասենք, որ նա պետք է ավելի շատ իրավունքներ տա քրդերին, նա պետք է առավել զուսպ լինի, անշուշտ: Սակայն, ինձ թվում է, այստեղ եւս պետք է ոչ այնքան «դիրք ընդունել», որքան օգտագործել այս հնարավորությունը Ռուսաստանի ազդեցությունն ուժեղացնելու համար»:

Նշենք, որ Թուրքիայում շատ բարդ ներքաղաքական իրավիճակ է: Իշխանության են եկել իսլամիստները, թեկուզ եւ չափավոր` նախագահը, վարչապետը, որոնց դիմակայում է թուրքական բանակը, որն այնքան էլ չի սիրում իսլամը: Թուրքական բանակին հաղթանակ է պետք, սակայյն կառավարությունը եւս ցանկանում է ցույց տալ, որ ուժեղ է: Ուստի պայքարը քրդերի դեմ նաեւ աշխարհիկ զինվորականների եւ իսլամիստների միջեւ դիմակայության սքողված ձեւ է: Սակայն այդ հաղթնակը կարող է երբեք չգալ: 1984 թվականից ի վեր ՔԱԿ-ը իսկական պատերազմ է վարում թուրքական բանակի կանոնավոր ստորաբաժանումների դեմ, եւ այդ պատերազմի վերջը չի երեւում: Իսկ եթե միջամտի նաեւ Ռուսաստանը, ապա Մերձավոր Արեւելքում արդեն հաստատ տարածաշրջանային մի տերություն կհայտնվի, որը ոչ ոքի չի լսի` ոչ Ռուսաստանին, ոչ ԱՄՆ-ին, ոչ առավել եւս Եվրամիությանը: Հեռանկարում Թուրքիան կարող է կրկնել Օսմանյան կայսրության ուղին, սակայն առավել կարճ ժամկետում, քանի որ թուրքերի կողմից հետապնդվող ժողովրդների թիվն աճում է: Մնում է հուսալ, որ համաշխարհային հանրությունը վաղ թե ուշ չի ընկրկի շանտաժի եւ սպառնալիքների առջեւ եւ վերջապես քաղաքակիրթ աշխարհի թշնամի կհայտարարի Թուրքիային:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---