Հնարավոր է արդյո՞ք համաձայնություն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ

Թուրքիան որպես հարաբերությունների նորմալացման նախապայմաններից մեկը առաջ է քաշում հենց ՀՀ-ի կողմից այժմյան սահմանների ճանաչումը, ինչը լուրջ հարց է Հայաստանի ազգային անվտանգության համար

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների լույսի ներքո Հայաստանի համար գնալով կարեւորվում է հայ-թուրքական հարաբերությունների հարցը, որոնք վերջին 18 տարիներին այդպես էլ չշարժվեցին մեռյալ կետից: Հարաբերություններ հաստատելու չկամությունը, ընդհանուր առմամբ, երկուստեք է` ոչ Հայաստանին, ոչ Թուրքիային դեռեւս հարկավոր չեն բաց սահմաններ, որոնք դեռ ճշտված չեն: Կարսի եւ Լոզանի պայմանագրերը, որոնցով որոշվում է երկու երկրների սահմանները, մինչ այժմ վավերացված չեն, թեեւ պաշտոնական Անկարան գտնում է, որ ԽՍՀՄ փլուզման հետ նրանց մասին ոչ ոք չի հիշի:
PanARMENIAN.Net - Պայմանագրերով նախատեսվում են Հայաստանի սահմանը, որն ավելի դեպի արեւմուտք է ընկած` այսինքն, ներառում է Կարսը, Արդահանը, Սուրմալուն եւ Տրաբզոնը: Փաստորեն Թուրքիան խախտում է պայմանագրերի այն հոդվածները, որոնք սահմանում են հայ-թուրքական սահմանը, հիանալի գիտենալով դրա մասին: Հավանաբար, այդ փաստը վերջին դերը չի կատարում այն բանում, որ Արեւմտյան Հայաստանի մեծ մասը բնակեցված է քրդերով կամ թրքացած հայերով: Մինչդեռ, Թուրքիան որպես հարաբերությունների նորմալացման նախապայմաններից մեկը առաջ է քաշում հենց ՀՀ-ի կողմից այժմյան սահմանների ճանաչումը, ինչը լուրջ հարց է Հայաստանի ազգային անվտանգության համար: Բնականաբար, Երեւանը չի կարող դրան համաձայնվել: Երկրորդը եւ, հավանաբար, Թուրքիայի ամենացավոտ նախապայմանը հրաժարումն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից: Սակայն եթե այդ երկու նախապայմանների իմաստն ինչ-որ տեղ դեռ կարելի է հասկանալ, թեեւ մեծ դժվարությամբ, երրորդն ուղղակի չի դիմանում քննադատության: Անկարան պնդում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ի օգուտ Ադրբեջանի, ի դեպ, սահմանի փակումը 1993 թվականին պատճառաբանելով հենց Ղարաբաղի հակամարտությամբ: Ըստ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի, Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, նա չի կարող ինչ-որ բանի վրա ազդել: «Միջազգային պրակտիկան թույլ չի տալիս շահագրգիռ կողմին մասնակցել հակամարտության կարգավորմանը»,-ընդգծել է Օսկանյանը:

Միջազգային հանրության մեջ հարաբերությունների նորմալացման առաջին պայմանը սահմանի բացումն է եւ դա չի կարող նախապայման լինել: Այդ մասին Երեւանում հայտարարել է նաեւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին` ընդգծելով, որ փակ սահմանը անոմալիա է: «Հայաստանն ու Թուրքիան պետք է հաշտվեն հանուն ապագայի: ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ գործընթացին, սակայն մենք գտնում ենք, որ կողմերը պետք է զիջումների գնան: Պետք չէ մոռանալ, որ երկու երկրներն ընդհանուր պատմություն ունեն: Բնականաբար, դա տեւական գործընթաց է, որը պետք է քայլ առ քայլ առաջ տանել: Հայաստանն ու Թուրքիան տարբեր տեսակետներ ունեն 1915 թվականի իրադարձությունների եւ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Սակայն Հայաստանը կողմ է հարաբերությունների նորմալացմանն առանց նախապայմանների, այն դեպքում երբ Թուրքիան հակառակ կարծիքի է: Փոխզիջումը հենց այստեղ պետք է որոնել»,-ասել է Սեմնեբին: Իր հերթին, «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը նշել է, որ Թուրքիայի անդամակցումը Եվրամիությանը կփակի Եվրոպայի դուռը Հայաստանի առջեւ: «Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին նրա այժմյան վիճակում կփակի Հայաստանի համար ճանապարհը դեպի Եվրամիություն, քանի որ այժմ Թուրքիան խոչընդոտներ է հարուցում Հայաստանի համար, փորձում է զրկել մեզ միջազգային կազմակերպություններին անդամակցելուց, միջազգային պայմանագրերին միանալուց»,-ասել է Մանոյանը` հավելելով, որ Թուրքիան այդ դեպքում ուղղակի կօգտագործի ԵՄ-ն իր շահերի համար: Նա նաեւ գտնում է, որ բանակցությունները Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ սկսվել են առանց ԵՄ-ի բոլոր անդամների հավանության, ինչն արդեն հուշում է, որ ԱՄՆ -ն ու Մեծ Բրիտանիան իրենց քաղաքական շահերն ունեն այստեղ: «Չի բացառվում, որ նույն քաղաքական հաշվարկով Թուրքիային կընդունեն ԵՄ, սակայն այդ դեպքում Անկարան ոչ մի բարեփոխում չի անի»,-ասել է Մանոյանը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին, ապա Թուրքիան չի ճանաչում այն ոչ միայն քաղաքական համոզմունքների կամ այսպես կոչված «թուրքական ինքնագիտակցության վիրավորման» համար, այլ նաեւ հսկայական նյութական փոխհատուցումից վախենալով, որն անխուսափելիորեն կհետեւի ճանաչմանը: «Ըստ պաշտոնական փաստաթղթերի, Թուրքիայի պարտավորությունները Հայաստանի առջեւ 1914-1919թթ. հասցված վնասի համար կազմում է շուրջ 41,5 մլրդ դոլար: 1919 թվականի հունվարին աշխատանքն ավարտեց Փարիզյան խաղաղ կոնֆերանսը, որի հիմնական նպատակն էր ձեւակերպել խաղաղության մասին պայմանագիրը եւ դիտարկել պատերազմի բոլոր ասպեկտները, այդ թվում նաեւ ռազմական գործողություններ հրահրող երկրների կողմից պատերազմի հասցրած վնասի փոխհատուցման հարցը: Հետագայում ձեւավորվեց նաեւ աշխատանքային խումբ, որը հաշվարկեց այն երկրներին եւ ժողովրդներին հասցված վնասը, որոնք չեն եղել պատերազմի անմիջական մասնակիցները: Ըստ աշխատանքային խմբի զեկույցի, Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանում հայ ժողովրդին հասցված վնասը 1914-1919 թթ. կազմել է շուրջ 19,130 մլրդ ֆրնակ կամ շուրջ 41,5 մլրդ դոլար, քանի որ նման դեպքերում ֆրանկի փոխանակման կուրսը դոլարի նկատմամբ կազմում է 1:2,17 դոլար: Այստեղ նշված չեն նյութական կորուստները, հասցված 1920-1932թ. Եթե հաշվի առնենք նաեւ այդ շրջանը, ապա վերոնշյալ թիվը հարկավոր է ավելացնել առնվազն 20 տոկոսով»,-գտնում է պատմաբան եւ դիվանագետ Արա Պապյանը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---