Թուրքիան քաղաքական ցնցումների շեմին

Քեմալականներն որոշել են ռեվանշ վերցնել 2007 թվականի հուլիսի խորհրդարանական ընտրություններում պարտվելուց հետո, երբ Թուրքիայում իշխանության եկավ իսլամիստական Արդարության եւ զարգացման կուսակցությունը (ԱԶԿ)

Անցյալ շաբաթ Թուրքիայի դատախազությունը պետական հեղաշրջման մեղադրանք է ներկայացրել «Էրգենեկոն» խմբավորման անդամ 33 ազգայնականների: Այդ որոշումը հետեւեց այդ խմբավորման անդամ մի քանի տասնյակ ազգայնականների ձերբակալություններին այս շաբաթ: Ոստիկանությունը ազգայնականների հետքին դուրս եկավ այն բանից հետո, երբ անցած ամռանը Ստամբուլի տներից մեկում հայտնաբերվեց 700 կգ պայթուցիկ եւ զենք: Ըստ «Հյուրիեթի», խմբավորման անդամները անցյալում «Հեզբոլլահ» ծայրահեղական իսլամական կազմակերպության անդամներ են եղել:
PanARMENIAN.Net - «Էրգենեկոնը» մի շարք ահաբեկչական գործողություններ եւ քաղաքական սպանություններ էր պատրաստում, այդ թվում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի եւ որոշ քուրդ քաղաքական գործիչների սպանությունները: Դավադրության մասնակիցները մտադիր էին 2009թ. զինված պետական հեղաշրջում կատարել Թուրքիայի աջակենտրոն կառավարության դեմ: Ենթադրվում է, որ խմբավորման անդամներն են կանգնած հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության ետեւում: «Թուրքիայում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը քննադատության առարկա դարձավ Հ.Դինքի սպանությունից հետո: Դինքի սպանության մեղավորը «խորքային պետությունն է»: «Խորքային պետությունը» ընդհատակյա կազմակերպություն է եւ անվտանգության ու այն պաշտոնյաների մաս է կազմում, որոնք հստակորեն դեմ են Թուրքիայի ժողովրդավարացմանը: Դինքի սպանությունը ավելի բարդ էր, քան առանձին հանցագործություն եւ դարձավ Թուրքիայում վտանգավոր մտածելակերպի» արդյունքը»,-գտնում է Մինեսոտայի համալսրանի պրոֆեսոր, թուրք պատմաբան Թաներ Աքչամը, որ բնակվում է ԱՄՆ-ում:

Հավանաբար, քեմալականները որոշել են ռեվանշ վերցնել 2007 թվականի հուլիսի խորհրդարանական ընտրություններում պարտվելուց հետո, երբ Թուրքիայում իշխանության եկավ իսլամիստական Արդարության եւ զարգացման կուսակցությունը (ԱԶԿ): Նախկին նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի օրոք վարչապետ Ռեջեփ Էրդողանի վարած քաղաքականությունը քննադատվում էր քեմալականների եւ զինվորականների կողմից: Բավական հաճախ նախագահն օգտվում էր իր վետոյի իրավունքից ԱԶԿ-ի առաջարկած օրենքների հարցում, որոնք այս կամ այն կերպ շոշափում էին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած պետություն հիմքերը: Բնականաբար, այնպիսի երկրոմ, ինչպիսին Թուրքիան է, պետք է գոյություն ունենար մի կազմակերպություն, որը պայքարում է քեմալիզմը վերադարձնելու համար: Ըստ Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանի, «Էրգենեկոն» կազմակերպության գոյությունը «խորքային պետության» գոյության դրսեւորումներից մեկն է, որի նպատակն է պահպանել քեմալականությունը Թուրքիայում: «Ձերբակալվածները կապեր ունեին բարձր ոլորտներում, ներառյալ բանակը: «Թուրքիային ահաբեկչությունների ալիք է սպասում, սակայն, ես համոզված եմ, որ ձերբակալվածները ճյուղավորված կազմակերպության ստորին օղակն են կազմում: Այժմ նրանք սպառնում են հաշվեհարդար տեսնել Փամուկի եւ քրիստոնյաների հետ, 2 նպատակ հետապնդելով: Առաջինը, վախեցնել այլախոհներին, եւ երկրորդը` լարվածություն ստեղծել երկրում, ինչը առիթ կտա բանակի միջամտության համար»,-նշել է Սաֆրաստյանը: Վերադառնալով Փամուկին, հավելենք, որ Դինքի սպանությունից հետո նա լքել էր Թուրքիան եւ, հավանաբար, վերադառնալ դեռեւս չի պատրաստվում:

«Խորքային պետության» երեւույթը նոր չէ Թուրքիայի համար: Այդ ավանդույթը գալիս է երիտթուրքերից: 1908-1618թթ. Օսմանյան կայսրությունը փաստորեն կառավարում էր երիտթուրքերի կուսակցության ԿԿ-ն, որի անդամների անունները գաղտնի էին պահվում: Այդ «պետության» գագաթը կազմված է երկրի քաղաքական, ռազմական եւ գործարար շրջանակները ներկայացնող անձերից: Այդ մարդկանց անուններն անհայտ են, սակայն նրանք կարող են որոշումներ կայացնել եւ դրանք իրագործելու մեխանիզմներ ունեն: Այդ մարդկանց միավորում է քեմալական հանրապետության հիմքերի անձեռնմխելիությունը պահպանելու ձգտումը, որի հիմքը բացի կրոնի եւ պետության անջատ լինելուց, կազմում է նաեւ թուրքական ազգայնամոլության պետական գաղափարը: Թուրք հետազոտողները չեն բացառում, որ «խորքային պետությունը» որոշակիորեն ղեկավարում է նաեւ «գորշ գայլերի» շարժումը: «Այդ կապակցությամբ Դինքի սպանությունը պետք է դիտարկել այն հանցագործությունների շարքում, որոնք ազդեցություն կունենան ոչ միայն Թուրքիայի հանրային մթնոլորտի վրա, այլ նաեւ կօգտագործվեն տարբեր քաղաքական ուժերի կողմից սեփական շահերից ելնելով»,-գտնում է Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---