Ադրբեջանը կրկին միջամտում է Հայաստանի ներքին գործերին

Հույս կա, որ եվրոպական կառույցներն արդեն ընտելացել են նման տեսակի «հայտարարություններին» եւ ուղղակի մի կողմ են դնում դրանք

Մենք արդեն ինչ-որ տեղ ընտելացել ենք Ադրբեջանի ԱԳՆ նյարդային «արձագանքներին» այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում: Իսկ հեռու մնալ նման կարեւոր իրադարձությունից, ինչպիսին էր նախագահի ընտրությունը Հայաստանում, Ադրբեջանի ԱԳՆ-ն ուղղակի չէր կարող: Չէին հասկանա: Պարզ է, որ Բաքվում, ինչպես եւ Թուրքիայում հիասթափված են ընտրությունների արդյունքներից` Լեւոն Տեր-Պետրոսյանը չանցավ եւ բոլոր հույսերը, որ փայփայվում էին մամուլի եւ պաշտոնյաների կողմից, ի չիք դարձան: Ուստի պետք է ինչ-որ բան անել, գոնե հանդես գալ հայտարարությամբ: Ինչն էլ արվեց զուտ ադրբեջանական ծավալով:
PanARMENIAN.Net - ԱԳՆ-ն որոշեց չմանրանալ եւ նոտա հղեց ԵԱՀԿ-ին, Եվրոպայի Խորհրդին եւ Եվրախորհրդարանին, որտեղ ստից բացի ուրիշ ոչինչ չկա: Ինչպես հայտարարեց ԱՀ ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը, նոտան հղվել է «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի օկուպացված այլ տարածքներում Հայաստանի նախագահի ընտրությունների նպատակով ընտրական տեղամասերի կազմակերպման եւ քվեարկության անցկացման կապակցությամբ»: Նոտայում նշվում է, որ «այդ ակցիան Հայաստանի կողմից Ադրբեջանի մի մասի օկուպացման եւս մեկ ապացույց է»: Ադրբեջանի ԱԳՆ-ն խնդրել է միջազգային կազմակերպություններին ուշադիր հետաքննել այդ ապօրինի գործողությունը, հաշվի առնել կատարվածը իրենց զեկույցների նախապատրաստման ժամանակ եւ համապատասխան միջոցներ կիրառել: Դեռ լավ է, որ Խ.Իբրահիմը չի ասել, թե ընտրություններն անարդար են անցել, նրանից սպասելի է: Մենք չենք արդարանա նրանով, որ ԼՂՀ-ում չեն ընտրել Հայաստանի նախագահ:

Անկասկած, շուտով ԱՀ ԱԳՆ-ն կհայտարարի, թե պատասխան է ստացել ԵԱՀԿ-ից, ԵԽԽՎ-ից եւ Եվրահանձնաժողովից, որտեղ հաշվի կառնեն Ադրբեջանի դիրքորոշումը: Սակայն եթե լուրջ` ապա Բաքուն հերթական անգամ միջամտում է ինքնիշխան պետության ներքին գործերին, եւ որքան դա կշարունակվի կախված է արդեն Հայաստանի իշխանություններից: Ճիշտ է, հույս կա, որ եվրոպական կառույցներն արդեն ընտելացել են նման տեսակի «հայտարարություններին» եւ ուղղակի մի կողմ են դնում դրանք: Եվ եւս մեկ խորհուրդ Բաքվին` Ադրբեջանում նույնպես շուտով լինելու են նախագահի ընտրություններ, որոնք կանցնեն այնպիսի խախտումներով, որոնք Վրաստանում եւ Հայաստանում չեն էլ պատկերացնում: Այնպես որ ավելի լավ է մեր հարեւանները լռեն, հիշելով հետեւյալ ասացվածքը` «Կախվածի տանը պարանի մասին չեն խոսում»:

Անմասն չի մնացել նաեւ ոչ անհայտ պատգամավոր Զախիդ Օրուջը, որը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը հրաժարվել ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունից: Պատգամավորը գտնում է, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելության հայտարարությունը նախապես էր պատրաստված եւ ցույց է տալիս այդ կազմակերպության իրական դեմքը: «Ադրբեջանը չպետք է հրավիրի նրանց ընտրությունների հետեւելու համար: Ես կոչ եմ անում»,-ասել է Զ.Օրուջը:

Պատասխան խոսքում խոսնակ Օքթայ Ասադովն ասել է, թե Ադրբեջանը բաց հասարակություն է եւ ցանկացած միջազգային կազմակերպություն կարող է հետեւել մեր երկրում կայանալիք ընտրություններին: «Տարբերությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նրանում է, որ իրենց մոտ քաղաքական կուսակցություններն ու ՈԿԿ-ը վախենում են իրենց դժգոհությունների մասին հայտարարությամբ հանդես գալ միջազգային կազմակերպությունների առջեւ: Իսկ Ադրբեջանում ընդդիմության համար նման սահմանափակումներ չկան»,-ասել է Ասադովը: Հետաքրքիր է, որ Ադրբեջանում կալանում են լրագրողներին, կան քաղբանտարկյալներ, ընդդիմություն որպես այդպիսին չկա, իսկ Աասադովը նկարում է մի «ազատ եւ ժողովրդավարական» Ադրբեջան: Դե, դա արդեն նրա գործն է, Հայաստանը չի պատրաստվում մատնացույց անել հարեւաններին, թե ինչը ինչպես է պետք անել:

Մինչդեռ, «Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության» պաստախանը ստացվեց այնտեղից, որտեղից եւ հարկ էր` Լեռնային Ղարաբաղից: «ԼՂՀ տարածքում Հայաստանի նախագահի ընտրություններ կազմակերպելու նպատակով չի բացվել եւ ոչ մի ընտրատեղամաս: Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Ա.Ազիմովը, ԱՀ ԿԸՀ քարտուղար Նաթիկ Մամեդովը ԶԼՄ-ների միջոցով եւ միջազգային ատյաններին դիմելով, ապակողմնորոշում են միջազգային հանրությանը դատարկաբան հայտարարություններով այն մասին, որ Հայաստանի նախագահի ընտրություններ կազմակերպելու նպատակով ԼՂՀ-ում բացվել են ընտրատեղամասեր: Ադրբեջանական իշխանությունները, հավատարիմ մնալով իրենց ապատեղեկատվական եւ սադրիչ քաղաքականությանը, հերթական անգամ անպտուղ ջանքեր են գործադրում վատաբանելու համար Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Այս անգամ առիթը Հայաստանում կայացած նախագահական ընտրություններն էին, որոնք միջազգային դիտորդները գնահատեցին որպես արդար, ազատ եւ թափանցիկ»,-նշվում է Նասիբյանի հաղորդագրության մեջ:

Նասիբյանը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ Ադրբեջանի այդ հերթական սադրանքները մնացին անպատասխան, քանի որ միջազգային դիտորդները, իրականացնելով դիտորդական առաքելությունը Հայաստանում, այցելեցին գրեթե բոլոր ընտրական տեղամասեր եւ համոզվեցին, որ դրանք բացվել են բացառապես ՀՀ տարածքում:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---