Վրաստանի համար անդամակցումը ՆԱՏՕ-ին տարածքային խնդիրները լուծելու գործիք է

Վրաստանի կառավարությունը մտադիր է արդեն ամռանը Ռուսաստանի դեմ ուղղված հայցով դիմել Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան եւ 20 մլրդ դոլարի չափով փոխհատուցում պահանջել

Կոսովոյի անկախության ճանաչումը եւ իրավիճակի հետագա զարգացումը Եվրոպայում դարձել է աշխարհում ամենաքննարկվող հարցերից մեկը: Որքան էլ ասեն ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, որ Կոսովոն եզակի դեպք է, այնուամենայնիվ քանի որ անկախությունը տրամադրվել է էթնիկ պատկանելության հիման վրա, նրանց փաստարկներն այնքան էլ համոզիչ չեն: Անկախության հռչակումը անմիջապես իր արձագանքն ունեցավ հետխորհրդային տարածքում, եւ առաջին հերթին, չճանաչված հանրապետություններում` Աբխազիայում, Հարավային Օսեթիայում, Մերձդնեստրում եւ Լեռնային Ղարաբաղում: Դե, Լեռնային Ղարաբաղն իրոք հատուկ դեպք է` այն ընդհանրապես կախված չէ Ռուսաստանի դիրքորոշումից, ինչը չի կարելի ասել հիշատակված երեքի մասին:
PanARMENIAN.Net - Պաշտոնական Թբիլիսիի կողմից չվերահսկվող երկու ինքնավարությունները` Աբխազիան եւ Հարավային Օսեթիան սկսել են ակտիվորեն պահանջել իր ինքնիշխանության միջազգային ճանաչումն այն բանից հետո, երբ Եվրամիության երկրների մեծամասնությունը, ինչպես նաեւ ԱՄՆ-ն հավանություն տվեցին Կոսովոյի անջատմանը Սերբիայից: Անցած շաբաթ Ռուսաստանը չեղյալ հայտարարեց ինքնահռչակ Աբխազիայի հանրապետության հանդեպ սահմանված պատժամիջոցները, հարուցելով վրացական իշխանությունների վրդովմունքը, որոնք մեղադրեցին Մոսկվային անջատողականությանը սատարելու մեջ:

Այսօր կրքերի բորբոքումից է սկսել իր նիստը վրացական խորհրդարանը, որի գլխավոր հարցը հայտարարության նախապատրաստումն է ի պատասխան Ռուսաստանի կողմից Աբխազիայի հանդեպ սահմանված պատժամիջոցների վերացմանը: Բնականաբար, խնդիրն առաջացել է գործող իշխանությունների հանդեպ ընդդիմության վերաբերմունքի պատճառով: Ավելի վաղ խորհրդարանի նիստը բոյկոտող ընդդիմադիր պատգամավորները անսացին Բուրջանաձեի երեկվա կոչին եւ ներկա էին նիստին: Սակայն, իրենց ելույթներում նրանք փորձեցին միավորել երկու առանցքային խնդիր` Աբխազիայի վերաբերյալ ռուսական նախաձեռնությունների պատասխանն ու...ընտրությունների մեծամասնական համակարգի վերանայումը: Խոսնակը, տարակուսանք հայտնելով հարցի նման ձեւակերպման առնչությամբ, զգացմունքների փոթորիկ է առաջացրել: Մասնավորապես, ընդդիմության կողմից մեղադրանքներ հնչեցին կառավարության հասցեին առ այն, որ հենց գործող իշխանությունն է մեղավոր աբխազական ճգնաժամի հարցում: Դա, իր հերթին, դուր չեկավ իշխող կուսակցության պատգամավորներին: Եվ, բնականաբար, սկանդալն էլ ավելի բորբոքվեց: Միայն Բուրջանաձեի փորձի շնորհիվ խորհրդարանը շարունակեց իր աշխատանքը: Սակայն, կընդունվի արդյոք հայտարարություն Աբխազիայի վերաբերյալ նման տարաբնույթ մոտեցման դեպքում, դժվար է ասել:

Վրաստանի կառավարությունը մտադիր է արդեն ամռանը Ռուսաստանի դեմ ուղղված հայցով դիմել Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան եւ 20 մլրդ դոլարի չափով փոխհատուցում պահանջել: Ինչպես «Վրեմյա նովոստեյ» թերթին է հաղորդել Վրաստանի խորհրդարանի տարածքային ամբողջականության վերականգնման գծով հանձնաժողովի նախագահ Շոթա Մալաշխիան, 5 միլիարդը փոխհատուցում է փախստականների մասնավոր սեփականության կորստի համար, իսկ մնացած 15 միլիարդը` վրացական պետության կորստի համար:

Մինչդեռ, ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները հանդես են եկել Վրաստանի տարածքային ամբողջականության օգտին եւ հաստատել են Թբիլիսիի հետ մերձեցումը շարունակելու պատրաստակամությունը: «Մենք մտահոգված ենք Վրաստանի շուրջ ստեղծված իրավիճակով, քանի որ Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՊՀ երկրները որոշել են որոշակի զուգահեռներ անցկացնել Կոսովոյի հետ»,-հայտարարել է ԵՄ-ում նախագահող Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը:

Իր հերթին, Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ Լեոնիդ Իվաշովը գտնում է, որ Կոսովոյի անկախության ճանաչումը վերջ կդնի Եվրոպայում ինտեգրացիոն գործընթացներին: «Դա կվերաբերի եւ Բուլղարիային, եւ Մակեդոնիային, եւ Հունաստանին, բուն Սերբիային, Բոսնիային եւ Հերցոգովինային: Անկայունության, անջատողականության այդ համաճարակը կտարածվի ողջ Եվրոպայով մեկ: Ի դեմս այսպես ասած Կոսովոյի անկախ պետության Եվրոպան միայն գլխացավանք ձեռք բերեց, քանի որ այնտեղ համատարած գործազրկություն է, եւ Կոսովոյի սերբական բնկաչությունը ենթարկվում է ցեղասպանության եւ խտրականության»,-ասել է նա:

ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով, Վրաստանի համար անդամակցումը ՆԱՏՕ-ին ոչ թե արեւմտյան արժեքները որդեգրելու միջոց է, այլ տարածքային խնդիրները լուծելու գործիք: Թբիլիսիում հուսով են, որ դաշինքը կկարողանա «խանգարել» Ռուսաստանին ճանաչել Աբխազիան կամ Հարավային Օսեթիան: «Անհրաժեշտ է նշել, որ Վրաստանի նման պատճառաբանությունը հիանալի հասկանում են ՆԱՏՕ-ում: ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն իրենք երբեք հիացած չեն եղել իրենց շարքերը Վրաստանի հաշվին համալրելու գաղափարով: Նրանց հայտարարությունները միշտ կազմված էին «սթափ կառուցողականության» եւ «զգուշավոր լավատեսության» ոգով: Առավել եւս, որ ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչներից եւ ոչ մեկը չէր շտապում մասնակցել Վրաստանի տարածքային խնդիրների լուծմանը, դուրս մղելով հակամարտության գոտիներից ռուս խաղաղապահներին»,-նշել է Մարկեդոնովը: Միանգամայն հնարավոր է, որ մարտի 13-ին ՌԴ Պետդումայում չճանաչված պետությունների հարցի շուրջ կայանալիք լսումներում կարող է մի որոշում կայացվել, որն այնքան էլ ձեռնատու չի լինի Վրաստանի համար: Սակայն կարող է տեղի ունենալ նաեւ հակառակը` Թբիլիսին կարող է գործարքի գնալ Մոսկվայի հետ, ինչպես դա արեց Մոլդովայի նախագահ Վորոնինը, փաստորեն հրաժարվելով ՎՈՒԱՄ-ից եւ ՆԱՏՕ-ին անդամակցելուց, պահպանելու համար Մերձդնեստրը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---