Վրաստանն ու Ուկրաինան դեռեւս մնացին առանց ՆԱՏՕ-ի, Ռուսաստանը կարողացավ պնդել իրենը

Հրավերներ կուղարկվեն միայն Ալբանիային եւ Խորվաթիային, իսկ Վրաստանի եւ Ուկրաինայի վերաբերյալ որոշում կկայացվի ընթացիկ տարվա դեկտեմբերին

Բուխարեստում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Վրաստանն ու Ուկրաինան այդպես էլ չստացան Membership Action Plan-ը` յուրատեսակ «ճանապարհային քարտեզը», որն անպայման թեկնածու երկրին լիարժեք անդամակցություն է բերում այդ ռազմաքաղաքական դաշնիքում: ՆԱՏՕ չընդունեցին նաեւ Մակեդոնիային, ինչին դեմ էր Հունաստանը: Հունաստանի ԱԳՆ մամլո քարտուղարը հայտարարել է, որ Հունաստանը դեմ է նախկին հարավսլավական հանրապետության անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ Մակեդոնիա է կոչվում նաեւ հյուսիսային հունական նահանգը, որն, ըստ նրա, տարածքային նկրտումներ է ենթադրում:
PanARMENIAN.Net - Վրաստանը, Ուկրաինան եւ Մակեդոնիան դեռեւս ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր չստացան: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը: Նա ընդգծել է, որ հրավերները կուղղվեն միայն Ալբանիային եւ Խորվաթիային, իսկ Վրաստանի եւ Ուկրաինայի վերաբերյալ որոշում կկայացվի ընթացիկ տարվա դեկտեմբերին:

Սակայն ուշադրության կենտրոնում, անշուշտ, Վրաստանն ու Ուկրաինան էին, իսկ ավելի ճիշտ` ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը` կկարողանա նա «խցկել» այդ երկու երկրներին ՆԱՏՕ: Ավելի վաղ Գերմանիայի եւ Ֆրանսիայի նախագահները միանշանակորեն հայտարարեցին, որ ոչ Վրաստանի, ոչ Ուկրաինայի համար դեռեւս տեղ չկա ՆԱՏՕ-ում: Վերջին պահին նրանց միացավ նաեւ Մեծ Բրիտանիան: «The Independent» թերթի հաղորդագրությամբ, Գորդոն Բրաունը սատարեց առավել զգուշավոր եվրոպացի դաշնակիցներին եւ դեմ դուրս եկավ ԱՄՆ նախագահին: Բրաունը հասկացրեց, որ նա սկզբունքորեն հավանություն է տալիս անդամակցության նախապատրաստման պլանին Վրաստանի եւ Ուկրաինայի համար, սակայն չի պնդի, որ այն հաստատվի այս գագաթնաժողովում: Բարձրաստիճան բրիտանական աղբյուրները նշել են, որ ըստ Բրաունի, եթե ՆԱՏՕ-ում Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցության հարցում համաձայնություն լիներ, որ գոհացներ բոլորին, «նա նույնպիսի առաջադեմ դիրքորոշում կորդեգրեր, ինչպես Ամերիկան», սակայն համաձայնության հասնելու շանսը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մեծ չէ:

Բուխարեստ գալուն պես, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ երկու երկրները պետք է ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկար ունենան, սակայն այս պահին ՆԱՏՕ-ի անդամակցության նախապատրաստման գործողությունների պլանի հաստատման ժամանակը չէ եւ դրանում է Գերմանիայի եւ ԱՄՆ-ի տեսակետների գլխավոր տարբերությունը: Ճիշտ է, Նիկոլյա Սարկոզին խոստացավ, որ Ֆրանսիան կվերադառնա ռազմական դաշինք, որտեղից նա դուրս էր եկել Շառլ դը Գոլի օրոք 40 տարի առաջ: Ֆրանսիայի նախագահը խոստացավ նաեւ ավելացնել խաղաղարար համակազմն Աֆղանստանում: Ի դեպ, այդ թեման գլխավորն էր քննարկումներում: Ավելորդ չէ նշել, որ Թուրքիան հրաժարվեց զորքեր ուղարկել Աֆղանստան:

Վրաստանի նախագահը զգուշացրեց, որ ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցման հարցում փաստացիի վետոյի իրավունքի տրամադրումը Ռուսաստանին, նշանակում է թողտվությամբ վերաբերվել այդ հարցին: Մինչդեռ Բրաունի զգուշավորությանը հավանություն տվեց նաեւ տորի կուսակցությունը ներկայացնող Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար սըր Մալքոլմ Ռիֆկինդը, որը հայտարարեց. «Խոսքը ռուսների տրամադրությունը չփչացնելու մտավախության մասին չէ: Մոսկվան իրավունք չունի որոշել, թե ով պետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ, ով` ոչ: Խոսքն այն մասին է, որ դաշինքը պահպանվի որպես իսկական պաշտպանական միություն, այլ ոչ թե քաղաքական դաշինք: Խաղադրույքը մեծ է եւ դրա համար ծանրակշիռ հիմքեր կան»:

Փաստորեն, ԱՄՆ-ն տանուլ տվեց Եվրոպային գագաթնաժողովում: Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի դիրքորոշումը վերջին դերը չկատարեց այստեղ, սակայն եվրոպացի առաջնորդները հասկացան, որ Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին հղի է Կովկասում նոր պատերազմով, իսկ Ուկրաինան կարող է կորցնել Ղրիմը:

Լոնդոնի Royal United Services Institute for Defense and Security Studies հետազոտական կենտրոնի աշխատակից Ալիստեր Կեմերոնը գտնում է, որ հարցի դրական լուծման համար չափազանց կարեւոր են նուրբ քաղաքական պատճառաբանությունները, որոնք ոչ մի «ճանապարհային ծրագրերում» չեն նկարագրվում` «դա կախված է նաեւ նրանից թե որքան «ախորժելի» կթվան թեկնածուները ՆԱՏՕ-ի այս կամ այն երկրին: Դաշինքին անդամակցում են 26 երկրներ, որոնցից յուրաքանչյուրն իր շահերն ունի: Դաշինքի անդամները հիանալի գիտակցում են, որ Թբիլիսիի եւ Կիեւի հրավերը ՆԱՏՕ կզայրացնի Մոսկվային, որը բավականին բացահայտ է արտահայտում իր դժգոհությունը` ՆԱՏՕ-ի անձրեւանոցով պատսպարվելու հարեւանների ցանկության վերաբերյալ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---