Նիկոլյա Սարկոզին համոզված է, որ, չնայած առկա խնդիրներին, տարաձայնությունները ԵՄ-ում կարելի է եւ պետք է հաղթահարել

Հավանաբար չարժե խոսել Հարավային Կովկասում ԵՄ-ի քաղաքականության արմատական փոփոխությունների մասին` այն կշարունակի ուղղված լինել Եվրոպական հարեւանության քաղաքականության հաջող իրագործմանը

Հոիլիսի 1-ին Եվրամիության նախագահի պարտականությունները կես տարով կստանձնի Ֆրանսիան: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին մտադիր է հռչակել Միջերկրական միության ստեղծումը եւ մտադիր է լուծել մթնոլորտի պաշտպանության եւ անվտանգության համաեվրոպական քաղաքականության ոլորտին վերաբերող մի քանի հարցեր: Ըստ նախագահ Սարկոզիի, կես տարում նա մտադիր է ուշադրությունը կենտրոնացնել այնպիսի կարեւոր հարցերի վրա, ինչպիսիք են շրջակա միջավայրի պաշտպանությունը, իմիգրացիան, գյուղատնտեսությունը եւ պաշտպանությունը, սակայն ամենակարեւորն աճող եվրահոռետեսությունը հաղթահարելն է:
PanARMENIAN.Net - Սակայն հենց այսօր ԳԴՀ եւ Լեհաստանի նախագահներ Հորստ Կելլերն ու Լեխ Կաչինսկին հայտարարեցին, որ մտադիր չեն իրենց ստորագրությունը դնել Լիսաբոնի պայմանագրի տակ, որը կոչված է փոխարինելու Եվրամիության Սահմանադրությունը: Ըստ Կաչինսկու, Իռլանդիայում հանրաքվեի տապալումից հետո հետագա վավերացումն իմաստ չունի: Սակայն Ն.Սարկոզին համոզված է, որ, չնայած առկա խնդիրներին, տարաձայնությունները ԵՄ-ում կարելի է եւ պետք է հաղթահարել:

Նախագահը մեծապես կանխորոշում է ԵՄ պետությունների նախագահների եւ կառավարության ղեկավարների գագաթնաժողովների մթնոլորտը, որտեղ լուծվում են կազմակերպության գործունեության կարեւորագույն հարցերը: Նախագահող երկրի միջնորդական տաղանդից է կախված մասնակիցների փոխզիջման գնալու պատրաստակամությունը: Այդ փաստաթուղթը պարունակում է ընդլայնված ԵՄ-ի գործունեության համար անհրաժեշտ բարեփոխումների փաթեթը: Սարկոզին մտադիր է մինչեւ 2008թ. հոկտեմբեր ներկայացնել փակուղային վիճակից դուրս գալու իր ծրագիրը: Նրա կարծիքով, երկրորդ անգամ հանրաքվեի անցակցումն Իռլանդիայում հնարավոր է 2009 թ. սկզբից ոչ շուտ: Միայն եթե ուժի մեջ մտնի Լիսաբոնի պայմանագիրը, ԵՄ-ն կկարողանա իր շարքերն ընդունել նախկին Հարավսլավիայի երկրներին, գտնում է Սարկոզին: «Ֆրանսիան ցանկանում է ընդունել Բալկաններին, սակայն այն պայմանով, որ կընդունվի ԵՄ-ի բարեփոխումների մասին պայմանագիրը»,-հայտարարել է նախագահը: Ինչն ի դեպ, ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ Թուրքիայի վերաբերյալ Սրակոզիի անփոփոխ դիրքորոշման վրա: «Թուրքիան չի համարվում Եվրոպայի մաս նույնիսկ աշխարհագրական տեսակետից»,-չի հոգնում կրկնել Ֆրանսիայի նախագահը:

Սակայն բանը միայն Ֆրանսիայի նախագահը չէ: 55 պատգամավորներից կազմված խումբը հայտարարություն է նախապատրաստել, որտեղ Ֆրանսիայի Սենատը դատապարտվում է այն բանի համար, որ հրաժարվել է սահմանադրական ուղղումի ընդունումից, որը իրավունք էր տալիս Թուրքիային անդամակցել Եվրամիությանը միայն հանրաքվեի միջոցով: «Անգլիան հանրաքվե անցկացրեց 1972թ. Դուք կարծո՞ւմ եք, մենք այլ կերպ մեզ կպահենք Թուրքիայի, Ռուսաստանի, Մարոկկոյի կամ Ուկրաինայի հարցում»,-նշում են հայտարարության հեղինակները, հաղորդում է Anatolia News Agency-ն: Իրենք սենատորները բացատրեցին իրենց որոշումը նրանով, որ իրենց իսկ կողմից ընթացիկ տարվա մայիսին ընդունած օրենքը խտրական էր Թուրքիայի հանդեպ որպես «դաշնակից եւ բարեկամական երկիր»: Անկարայում ԵՄ-ին անդամակցելու պայմանների մեղմացումը ոգեւորությամբ ընդունեցին: Այնուամենայնիվ Փարիզը մինչ օրս մնում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ամենահետեւողական հակառակորդներից մեկը: Ֆրանսիայում ոչ միայն հանրությունը, այլ նաեւ վերնախավի մեծ մասը թերահավատորեն է վերաբերվում Թուրքիայի հետ նույն միությունում հայտնվելու հեռանկարին:

Մինչդեռ նախագահությունը ԵՄ-ում Ֆրանսիայի համար կարող է առիթ հանդիսանալ ՆԱՏՕ-ի միասնական հրամանատարական կառույց վերադառնալու համար: «Մոտակա կես տարում, երբ Ֆրանսիան կդառնա ԵՄ նախագահ եւ կորոշի նրա «օրակարգը», Փարիզի համար դժվար կլինի բացատրել, թե ինչում է կայանում «եվրոպական պաշտպանական ինքնությունը», որը Սարկոզին այնքան շատ էր ցանկանում ներկայացնել որպես ՆԱՏՕ վերադառնալու պայման»,-գրում է The International Herald Tribune-ը:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին ընդհանուր առմամբ, ապա Ֆրանսիան հանդես է գալիս 60000 զինծառայողների թվաքանակով արագ արձագանքման համաեվրոպական ուժերի ստեղծման օգտին` սակայն այդ ծրագիրը գոյություն ունի արդեն 10 տարի եւ այդ ընթացքում այն չի մոտեցել գործնական իրականացմանը: «ՆԱՏՕ-ի ռազմական կազմակերպությունից դուրս մեր վիճակը շարունակում է անվստահություն սերմանել Եվրոպայում մեր նպատակների հանդեպ: Երբ Ֆրանսիան լայնածավալ մասնակցություն ունենա ՆԱՏՕ-ի գործունեությանը, Եվրոպան առավել կարեւոր դեր կստանձնի դաշինքում»,-գտնում է Սարկոզին:

Հավանաբար չարժե խոսել Հարավային Կովկասում ԵՄ-ի քաղաքականության արմատական փոփոխությունների մասին` այն կշարունակի ուղղված լինել Եվրոպական հարեւանության քաղաքականության հաջող իրագործմանը: Հերթական հայտարարությունները կհնչեն հակամարտությունների խաղաղ կարգավորման մասին, առավել եւս, որ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկն է:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է

Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---