Վրաստանը կանգնած է հերթական ցնցումների շեմին

Վրաստանի նախագահի արկածախնդրությունը հարվածեց ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաեւ Ուկրաինայի ու Իսրայելի իմիջին, որոնք նրան զենք էին վաճառում, բոլորովին չմտածելով, թե ինչով դա կավարտվի

Վրաստանը կանգնած է հերթական ցնցումների շեմին: Նախկին խոսնակ եւ Սահակաշվիլիի նախկին զինակից Նինո Բուրջանաձեի բաց նամակն, ուղղված Վրաստանի նախագահին, միանգամայն բացահայտ վկայում է առաջիկա իշխանափոխության մասին: Վերջերս Բուրջանաձեն վերադարձավ ԱՄՆ-ից եւ այս նամակաը Միացյալ Նահանգների քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների արդյունք է: Նամակը բավականին կոշտ է, այն կարող է գնահատվել որպես Վրաստանի նոր նախագահի ուղերձ, որի պաշտոնին, հավանաբար, ձգտում է նախկին խոսնակը, եւ արժէ այն մեջբերել որքան հնարավոր ամբողջական տեսքով:
PanARMENIAN.Net - Բուրջանաձեն գրում է.«Ձեզ լավ հայտնի է, որ սկզբունքային տարաձայնությունների պատճառով անձամբ ձեզ եւ ձեր քաղաքական թիմի հետ ես բազմիցս եմ ցանկացել լքել այդ թիմը: Ես գիտեի, որ իմ անձնական քաղաքական կարիերայի համար իրականում ավելի լավ կլինել զերծ մնալ այնպիսի որոշումներից, որոնց հետ ես ոչ միայն համձայն չէի, այլ որոնց ընդունմանը ես առավելագույնս դեմ էի: Ես գտնում էի, որ գոնե 2007թ. նոյեմբերի 7-ը դառը դաս դարձավ իշխանությունների համար: Ցավոք, պարզ դարձավ, որ իշխանությունները ոչինչ չքաղեցին նոյեմբերի 7-ի դասից եւ սկսեցին իրականացանել լոկ արտաքուստ, մակերեսային փոփոխություններ»: «Ինձ համար անընդունելի էր հեղափոխական ոճով կառավարման շարունակումը: Այսպիսով, մեր սկզբունքային տարբեր հայացքները երկրի կառավարման եւ որոշումների կայացման վերաբերյալ բացառում էին մեր ներկայությունը նույն թիմում..եւ ես հեռացա: 2008թ. օգոստոսի ողբերգությունը կանգնեցրեց մեզ բոլորովին նոր, ծանր իրողության առջեւ: Դրանից հետո ամենափոքր սխալ քայլը կարող է ճակատագրական դառնալ երկրի համար»,-գրում է Բուրջանաձեն:

Հավանաբար, նա Սահակաշվիլիի շրջապատում միակ վրաց առաջնորդն է, որը բացահայտորեն խոսում է Վրաստանի տանուլ տված պատերազմի մասին: Եվ ոչ միայն: Բուրջանաձեն թվարկում է Վրաստանի նախագահի բոլոր տապալումները` ԶԼՄ-ների եւ գործարարության աննախադեպ վերահսկողությունը, ինչի նպատակը իշխանության պահպանումն է, իրականում միակուսակցական, ձեւական խորհրդարանը, գործադիր իշխանությունների ցուցումներից կախված դատարան:

«Տանուլ է տրվել պատերազմը, որի պատմական բեռի ընդունումը, գիտակցումն ու շտկումը ծանրացած է յուրաքանչյուր վրացու ուսերին, մեր սերնդի, սակայն առաջին հերթին, իշխանությունների պատասխանատվությունն է: Երբ մարդը, առավել եւս իշխանության ներկայացուցիչը, չի կարողանում խոստովանել իր պարտությունը, դա նոր բարդություններ է առաջացնում: Իշխանությունները պետք է քաջություն ունենան եւ խոստովանեն իրենց սխալը: Միայն այդ դեպքում է հնարավոր ռացիոնալ կերպով նոր քաղաքականություն մշակել եւ նրա շուրջ միավորել հասարակությունը: Ես ամուր հիմքեր ունեմ մտածելու, որ իշխանությունները անկարող են զերծ պահել երկիրը հերթական սադրանքից: Այս կարծիքը հաստատում են օգոստոսյան իրադարձություններից ի վեր անպատասխան մնացած հարցերը, հաստատվում է նրանով, որ Վրաստանի իշխանությունների կազմն ու մտածելակերպը նույնն են, ինչ մինչ օգոստոսյան իրադարձությունները: Ես հստակ տեսնում եմ, որ այսօրվա իշխանությունների հիմնական գերակայությունը լոկ սեփական իշխանությունը պահպանելն է: Ելնելով դրանից, իրական սպառնալիք կա, որ իշխանությունը պահպանելու փորձերը կարող են ստիպել մեզ կրկին անուղղելի սխալներ կատարել: Հայտարարում եմ, որ եւս մեկ արկածախնդրության դեպքում Վրաստանը կրկին երիտասարդներ կկորցնի, կկորցնի տարածքներ, վերջնականապես կկորցնի Արեւմուտքի վստահությունն ու աջակցությունը, եվրաատլանտյան կառույցների մեջ ինտեգրվելու հեռանկարը եւ նրա առաջ բազում այնպիսի խնդիրներ կառաջանան, որոնք նույնիսկ դժվար է կանխատեսել: Դուք պետք է ընտրություն կատարեք` ինչն է ձեզ համար առավել կարեւոր` երկիրը, մեր կողմից 2003-ին ժողովրդին տված խոստումները թե ձեր անձնական իշխանության պահպանումը: Ես կպայքարեմ, որ հեղափոխությունից հինգ տարի անց երկրում ծառացած չլինի կայունության, արդարության եւ տարրական ազատության խնդիրը: Ես պետք է ազնիվ լինեմ իմ երեխաների սերնդի առջեւ»,-ասել է Նինո Բուրջանաձեն:

Համաձայնեք, որ սա ապագա նախագահի նամակ է, որը, դեռեւս խոսքերով, ցանկանում է դուրս բերել Վրաստանին այն ճահճից, որտեղ նա հայտնվել է Սահակաշվիլիի, մեղմ ասած, անմիտ քաղաքականության պատճառով, որն իրոք հավատացել էր, թե ռուսական զորքերի դեմ կռվելու են ոչ թե վրացիները, այլ ամերիկյան կամ ՆԱՏՈ-ի գումարտակները: Եվ որ բավական է մի փոքրիկ հաղթական պատերազմ եւ Վրաստանը վերջնականապես կդասվի այնպիսի երկրների շարքին, ինչպիսին ԱՄՆ-ն է, կամ վատագույն դեպքում, Գերմանիան կամ Ֆրանսիան: Սակայն ստացվեց այնպես, ինչպես էլ պետք է լիներ` հերոս չստացվեց, նախագահ Բուշն ու նրա թիմը չկարողացան բացատրել, թե ինչու զինված եւ գերազանց սպառազինված վրաց զինվորները ուղղակի փախուստի դիմեցին ռուսական կողմի առաջին իսկ կրակոցներից: Վրաստանի նախագահի արկածախնդրությունը հարվածեց ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաեւ Ուկրաինայի ու Իսրայելի իմիջին, որոնք նրան զենք էին վաճառում, բոլորովին չմտածելով, թե ինչով դա կավարտվի: Այսինքն, նրանց համար դա ուղղակի բիզնես է, անձնական ոչ մի բան: Սահակաշվիլիի եւ Վրաստանի համար դա ողբերգություն դարձավ, ինչը նա ոչ մի կերպ չի ցանկանում խոստովանել:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---