Հիշելով Եվրոպայի հրեաների Աղետը, աշխարհն ուղղակի պարտավոր է հիշել նաեւ Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի ոչ մի նախագահ կամ վարչապետ ծաղկեպսակ չի դնի Երեւանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, նույնիսկ եթե թուրքերը ստիպված լինեն դրա դիմաց վճարել ԵՄ-ի անդամակցությամբ

Անցյալ շաբաթ լրացավ «Ճենապակյա գիշերվա»` նացիստական Գերմանիայում հրեաների ջարդի 70 տարին, որը սկիզբ դրեց Եվրոպայի հրեաների աղետին` Հոլոքոսթին: 1938թ. նոյեմբերի լույս 10-ի գիշերը մի քանի ժամվա ընթացքում նացիստները քանդեցին հազարավոր սինագոգեր եւ հրեաներին պատկանող սեփականության օբյեկտներ: Հարյուրավոր հրեաներ զոհվեցին, իսկ հազարավորներին քշեցին համակենտրոնացման ճամբարներ: Այդ արյունալի ջարդերը ստացան «Ճենապակյա գիշեր» կամ «Ջարդված ապակիների գիշեր» անվանումը` գերմանական քաղաքների փողոցներում թափված բազում բեկորների պատճառով:
PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին Երուսաղեմի Հոլոքոսթի «Յադ վաշեմ» հուշահամալիրի մոտ տեղի ունեցան այդ ողբերգական իրադարձություններին նվիրված միջոցառումներ: Գերմանիայում նույնպես տեղի ունեցան ողբերգական տարեթվին նվիրված միջոցառումներ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներկա գտնվեց Բեռլինի սինագոգում կայացած ժողովին եւ հայտարարեց, որ անթույլատրելի է համարում անտարբեր վերաբերմունքը ազգային կամ կրոնական հողի վրա ծայրահեղականության ցանկացած դրսեւորում. «Եվրոպայում եւ նրա սահմաններից դուրս այլատյացությունը, ռասիզմն ու հակասեմիտիզմը այլեւս երբեք չպետք է շանս ունենան: Ուստի, տիկնայք եւ պարոնայք, եկեք ամփոփենք այն պատմական դասերի արդյունքները, որ մենք քաղել ենք, եւ ասենք` մենք չպետք է անտարբեր լինենք»:

Անգելա Մերկելի, իսկ մինչ այդ Կոնրադ Ադենաուերի եւ նրան հաջորդած Գերմանիայի բոլոր կանցլերները խոսում են այն մասին, որ իսկապես քաղաքակիրթ ազգը միշտ իր մեջ ուժ կգտնի խոստովանելու իր արյունոտ անցյալն ու կջանա հարաբերություններ հաստատել ժողովրդների միջեւ: 1969թ. Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդտը ծնկի իջավ Բեռլինի սինագոգի առջեւ եւ ներողություն խնդրեց հրեաներից` կատարած ոճրագործության համար:

Ինչու այնպես ստացվեց, որ Հոլոքոսթը, որն առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում հայերի համար, քանի որ հենց Հայոց ցեղասպանությունը «լռության մատնելու» պատճառով այն հնարավոր դարձավ, շատ ավելի մեծ ուշադրության է արժանանում աշխարհում, քան XX դարի առաջին ցեղասպանությունը: Պատճառներից մեկը, եթե ոչ գլխավորը, պաշտոնական Անկարայի «լռությունն է»: 93 տարվա ընթացքում Թուրքիան այդպես էլ չկարողացավ իր մեջ ուժ գտնել ճանաչելու համար այս փաստը եւ վերջ դնելու քաղաքական գործիչների անիմաստ վեճերին: Գուցե, դրանում կա նաեւ հայ ազգի մեղքը, որն, ի տարբերություն, հրեաների, փորձում էր վերապրել եւ տեղավորվել սփռման երկրներում: Ինչեւէ, այսօր, հիշելով Եվրոպայի հրեաների Աղետը, աշխարհն ուղղակի պարտավոր է հիշել նաեւ Առաջին աշխարհամարտի տարիներին սպանված 1,5 մլն հայերի մասին:

Պատմական փաստերը, որոնց վրա այդքան սիրում են հղում անել թուրք քաղաքական գործիչները, երբ խոսքը գնում է Հայոց ցեղասպանության մասին, ասում են, որ հայերի ջարդի հարցում մեղսակից է նաեւ կայզերական Գերմանիան, որը տառացիորեն երիտթուրքերին սպանդ սարքելու քարտ-բլանշ տվեց: Պատմաբան Թորոս Սարյանը գերմանացիների ու թուրքերի պայմանավորվածության համոզիչ ապացույցներ է բերում, համաձայն որի Թուրքիան պետք է Գերմանիայի կողմից հանդես գար ընդդեմ Ռուսաստանի: Փոխարենը գերմանացի դիվանագետները պատրաստ էին աչք փակել Արեւմտյան Հայաստանի հայերի բռնագաղթի վրա: Ավելին, 1914թ. օգոստոսի 2-ի գաղտնի պայմանագրով Օսմանյան կայսրությունը համաձայնվում էր, որ թուրքական բանակի հրամանատար դառնա գերմանացի գեներալ Լիման ֆոն Զանդերսը, ինչն էլ արվեց: Ճիշտ է, թուրքական զորքերը նույնիսկ գերմանացի գեներալով անընդունակ եղան դիմակայելու Անտանտին, եւ մասնավորապես, Ռուսաստանին: Եվ այն ժամանակ «քավության նոխազ» գտնվեց ի դեմս հայ բնակչության:

Սակայն այս հարցում մեզ առավել հետաքրքրում է տուժած կողմերի դիրքորոշումը: Հրեաները, շնորհիվ համախմբվածության, կարողացան ստիպել Գերմանիային վճարել Հոլոքոսթի համար, գործն այնպես շուռ տալով, որ հակառակ դեպքում գերմանացիներն ընդմիշտ պատմության մեջ կմնային «մարդասպանների եւ բռնարարաների» խարանով: Գերմանիան գնաց դրան եւ մինչ այժմ հսկայական փոխհատուցում է վճարում համակենտրոնացման ճամբարների զոհերին: Իսկ ի՞նչ էին այդ ժամանակ անում հայերը: Մինչ 1991թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը մղում էր սփյուռքը, որը, բնականաբար, չէր կարող անել այն ամենն, ինչ կաներ պետությունը: Այնուամենայնիվ, եթե հաշվի առնենք ժամկետներն ու ի տարբերություն Գերմանիայի պաշտոնական Անկարայի շատ ավելի մեծ դիմադրությունը, հարկ է խոստովանել, որ Հայաստանն որոշակի հաջաղությունների հասավ: Ճիշտ է, Թուրքիայի ոչ մի նախագահ կամ վարչապետ ծաղկեպսակ չի դնի Երեւանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, նույնիսկ եթե թուրքերը ստիպված լինեն դրա դիմաց վճարել ԵՄ-ի անդամակցությամբ:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է

Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---