Անցած շաբաթ Հայաստանում քաղաքական հիմնական իրադարձությունները զարգացել են Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարած այցի շուրջ

Ապրիլի 12-17-ին տեղի ունեցած քաղաքական հիմնական իրադարձությունների ամփոփում

Հայաստանի քաղաքական շաբաթն սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարած այցով, ուր հրավիրված էր մասնակցելու միջուկային գլոբալ անվտանգության գագաթաժողովին:

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով մեկնել էր ԱՄՆ` մասնակցելու միջուկային գլոբալ անվտանգության գագաթաժողովին: Ապրիլի 12-ին նախագահը ելույթ ունեցավ Վաշինգտոնի ազգային մայր տաճարում և հայտարարեց, որ Ամերիկայի հայկական համայնքը, հատկապես վերջին տասնամյակում, դարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ակտիվ և հետևողական օղակներից մեկը:

Վաշինգտոնում միջուկային գլոբալ անվտանգության գագաթաժողովին մասնակցությանը զուգահեռ` նախագահ Սարգսյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել:

Ապրիլի 12-ին հանդիպել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի անդամների հետ: Քննարկվել են` հայապահպանության, հայրենիք-սփյուռք հարաբերությունների եւ այդ հարաբերությունների ամրապնդման գործում սփյուռքի կառույցների դերի վերաբերյալ հարցեր: Նախագահ Սարգսյանը հանձնախմբի անդամների հետ զրուցել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին: Այս ամենի մասին հաղորդել է նախագահի մամլո ծառայությունը:

Ամերիկահայությունը հատկապես վերջին տասնամյակներում դարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործի ամենաեռանդուն ու ամենահետևողական օղակներից մեկը, հայտարարել է Սերժ Սարգսյանը` Վաշինգտոնի մայր տաճարում ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գերեզման այցելությունից հետո: "Ես համոզված եմ, որ այսուհետև ևս ջանալու է բազմապատկել ճիգերն այս ուղղությամբ: Ոչ ոք չի կարող կասեցնել անխուսափելին,- նշել է նա:- Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախօրեին ոմանք մտավախություն ունեին, թե կդանդաղեն կամ ժամանակավորապես կսառեցվեն Ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջազգային քայլերը: Ժամանակը ցույց տվեց, որ այդ մտավախություններն անհիմն են: Մենք հետևողական կլինենք այնքան ժամանակ, քանի դեռ բոլորս պատրաստ ենք առավել ջանքերի, պատրաստ ենք նոր պայքարի",- հայտնել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի խոսքերի համաձայն, անցած ամիսներին բոլորն ականատես եղան Հայաստանն ու սփյուռքը պառակտելու Թուրքիայի ձախողման դատապարտված փորձերին, իրավիճակը ներկայացնելու այնպես, թե իբր գոյություն ունի երկու տարբեր կարծիք` Հայաստանում և սփյուռքում: "Այսօր մենք միասին կրկին անգամ հերքում ենք նման սին պատրանքները: Չկա Հայաստանի հայության և սփյուռքի հայության կարծիքների տարբերություն. կա միասնական հայ ժողովուրդ, և նա տեր է իր արդար դատին: Այո', մենք պատրաստ ենք և ցանկանում ենք բնականոն հարաբերություններ հաստատել մեր բոլոր հարևանների հետ, բայց մենք չենք հանդուրժի, որ պայմաններ թելադրեն մեզ: Այսօր առավոտյան ես հանդիպեցի Թուրքիայի վարչապետի հետ: Մեր դիրքորոշումը եղել և մնում է շատ հստակ. Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի և հայության հետ: Մենք դա պարզապես թույլ չենք տա: Մենք չենք պատրաստվում որևէ ձևաչափում քննության առարկա դարձնել Ցեղասպանության եղելության փաստը կամ ձևացնել, թե հավատում ենք, որ Թուրքիան կարող է որևէ դրական դերակատարություն ունենալ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում: Յուրաքանչյուր նոր արտաքին քաղաքական ուղեգիծ ենթակա է փորձությունների, որովհետև մենք անցնում ենք չտրորված արահետով: Ես վստահ եմ, որ Հայաստանը պատվով է հանձնելու նաև այս քննությունը",- նշել է Սարգսյանը:

Դիմելով հայրենակիցներին` Հայաստանի նախագահը հայտնել է, որ նրանք` որպես արտերկրում ապրող, բայց հայության ցավերով ու շահերով տոգորված հավաքականություն, անխորտակելի ուժ են` Հայաստանի միջազգային քաղաքական կշռի կարևոր բաղկացուցիչն են: "Սա գիտակցում են թե' մեր բարեկամները, թե' մյուսները: Դուք ձեր կեցվածքով ու վճռականությամբ ապացուցում եք, որ սխալ են եղել բոլոր այն հաշվարկները, ըստ որոնց հայությանը կարելի է փոշիացնել ու ոչնչացնել` ցրելով աշխարհով մեկ: Յուրաքանչյուր հայ, որ մայրցամաքում էլ լինի, պետք է դառնա այն կաթիլը, որը քար է ծակում: Մենք հենց այդ ճանապարհին ենք: Մեր ժողովրդի դահիճները մեզ այլընտրանք չեն թողել: Եվ մենք բարգավաճելու ենք, մենք ծակելու ենք անտարբերության, ցինիզմի ու երկերեսանության քարը: Դրա համար մենք ունենք բավականաչափ համբերություն, հավատ և նպատակասլացություն",- ընդգծել է նա:

Ամփոփելով իր խոսքը` Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել "այն երկրին ու ժողովրդին, որ ծնել է դեսպան Մորգենթաուի և նախագահ Վիլսոնի պես գործիչներ: Հայությունն ուժեղ է և կարողանում է ինքնարտահայտվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Դա անշուշտ ձեր արժանիքն է, բայց ձեր արժանիքը լինելուց զատ, ամերիկյան ազատության արժանիքն է: Մենք շնորհակալ ենք այս մեծ ու հզոր երկրին, որ այսօր էլ իր զգալի դերակատարությունն ունի հայ ժողովրդի կյանքում",- հայտնել է Հայաստանի նախագահը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 12-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Սերժ Սարգսյանը և Բարաք Օբաման անդրադարձել են նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքին, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլի վերաբերյալ:

Այժմ հայ հանրությունն ակնկալիքներ ունի Վաշինգտոնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումներից, մասնավորապես` կարտասանի արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին “ցեղասպանություն” բառը հայ համայնքին իր ամենամյա ուղերձում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:

Ա.Զուրաբյանը նշել է, որ նա առանձնակի սպասումներ չունի Հայաստանի նախագահի վաշինգտոնյան հանդիպումներից, քանի որ, այդ հանդիպումների նպատակն է, որ ապրիլի 24-ին Օբաման չարտասանի “ցեղասպանություն” բառը, ինչը բխում է Թուրքիայի շահերից; “Կոպիտ ասած, ԱՄՆ-ն փորձում է “պահպանել իր դեմքը”,-նշել է նա:

ՀՀՇ վարչության անդամը վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնում Սարգսյան-Էրդողան հանդիպումների ընթացքում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի: “Այժմ Ս.Սարգսյանը կարող է ընդհանրապես դուրս գալ ինչպես հայ-թուրքական, այնպես էլ ղարաբաղյան գործընթացներից, քանի որ նա կատարել է արդեն իր առջև դրված խնդիրը` խուսափեց 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետևանքով ծագած ճնշումներից”,-ասել է նա:

Հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ Զուրաբյանը նշել է, որ ճիշտ կլիներ, եթե Հայաստանն առաջինը վավերացներ Հայ-թուրքական արձանագրությունները` ցույց տալով ողջ աշխարհին թուրքական կողմի ապակառուցողականությունը: “Այդ քայլով Հայաստանը ցույց կտար, որ հենց Թուրքիայի պատճառով է, որ հայ-թուրքական գործընթացն առաջընթաց չի գրանցում”,-նշել է նա:

“Մեր համար անընդունելի են Մադրիդյան սկզբունքների բոլոր կետերը”,- շաբաթվա ընթացքում Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է “Հայկական ընտրություն” կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Ղարաբաղի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը: Ըստ նրա, այդ փաստաթղթի յուրաքանչյուր կետի իրագործում կամ ազատագրված թեկուզ մեկ տարածքի վերադարձը կարող է ծանր հետևանք ունենալ Հայաստանի համար և քանդել երկրի պաշտպանական համակարգը: “Եթե դուք լինեք Արցախում, կհասկանաք, որ Մադրիդյան սկզբունքների իրագործումն անհնար է”,- ասել է փորձագետը: Ընդ որում, նա նշել է, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը ոչ մի նշանակություն չի ունենա, եթե հայկական կողմը զիջի ազատագրված տարածքներից գեթ մեկը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին` Քանանյանն ասել է. “Մենք պատրաստ ենք բանակցել միայն այն երկրի հետ, որը պատրաստ է ընդունել մեր գոյությունն ու Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը”: Ընդ որում, նա նշել է, որ ինչպես Ադրբեջանի իշխանությունը, այնպես էլ Ադրբեջանի հանրությունը պատրաստ չեն հանդուրժելու հայերի ֆիզիկական գոյությունը: “Նման պետության հետ բանակցություններ կարելի է վարել միայն սահմանափակ թեմաների շուրջ”,-ասել է Ալեքսանդր Քանանյանը:

Ընդ որում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությանը, Քանանյանն ասել է, որ հենց այդ քաղաքականության պատճառով է, որ Հայաստանին Ադրբեջանն ու Թուրքիան դիտում են որպես թույլ պետության, որը պատրաստ է զիջումների գնալ: “Ս.Սարգսյանը չի հասնի հայ-թուրքական սահմանի բացմանը, եթե զիջումների չգնա ղարաբաղյան կարգավորման հարցում”,-նշել է Քանանյանը` հավելելով, որ հայ-թուրքական գործընթացը շաղկապված է ղարաբաղյան խնդրի հետ: Նաև նշել է, որ ՀՀ նախագահի քաղաքականությունը վստահություն չի ներշնչում ղարաբաղցիներին, որոնք այսօր ավելի ակտիվորեն են հետևում ղարաբաղյան կարգավորման գործընթացին, քան նախկինում:

Մեկնաբանելով Հայաստանի նախագահի հայտարարությունը ազատագրված տարածքները հանձնելու հավանականության մասին, Քանանյանն ասել է, որ եթե Սարգսյանի հայտարարությունը դիտարկենք Լ. Տեր-Պետրոսյանի մոդելի համատեքստում, այսինքն` Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը առանձին պետություններ են, ապա Սարգսյանն իրավունք չուներ նման հայտարարություն անելու ԼՂՀ-ի անունից: “Այսօր չկա ոչ մի միջպետական պայմանագիր, որի համաձայն ԼՂՀ-ն լիազորել է ՀՀ նախագահին իր անունից բանակցություններ վարել կամ հայտարարություններ անել, որոնք վերաբերում են Ղարաբաղի սահմաններին”,-ասել է Քանանյանը:

“Ես գտնում եմ, որ հարկավոր է իրավաբանորեն ամրագրել այն, ինչը վաղուց արդեն իրականություն է` հաստատել Հայաստանի ինքնիշխանությունը Արցախի ողջ տարածքում”,-ասել է Ա.Քանանյանը:

Ընդ որում, անդրադառնալով ՀՀ նախագահի հանդիպմանը Թուրքիայի վարչապետի հետ, Քանանյանն ասել է, որ ոչինչ չի ակնկալում այդ հանդիպումից:

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հետևողականորեն ստահոդ, կեղծ տեղեկություններ են տարածում հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին: Իրականությանը չհամապատասխանող հերթական սուտը ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին ապրիլի 12-ին:

Իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվությունն արդեն զավեշտալի է դառնում: 2010թ. ապրիլի 8-ի առավոտյան` ժամը 10.06-ին ադրբեջանական 1նյուզ.ազ կայքում հաղորդագրություն է տեղադրվել այն մասին, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները ապրիլի 8-ին` ժամը 10.30-ից 11.00-ն, 10.30-ից 12.30-ը, 21-40-ից 21.55-ը, գնդակոծել են ադրբեջանական դիրքերը:

Ի պատասխան, ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտարարել է, որ ՀՀ Զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում:

Անցած շաբաթ Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 12-ին աշխատանքային այցով մեկնել էր Չեխիա:

Այցի ընթացքում քննարկվել են երկու երկրների գլխավոր դատախազների համագործակցության վերաբերյալ հարցեր: Անցած շաբաթ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որով առաջարկում էր Հայաստանի ղեկավարությանը կոնկրետ քայլեր ձեռնարկել, որոնց իրականացումը թույլ կտա շտկել բոլոր բացթողումները, որ գրանցվել են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանի հայտարարության մեջ նշվում էր, որ Հայաստանի կառավարությունը պետք է կազմի 1915-1923թթ. Հայոց Մեծ եղեռնի վնասների փոխհատուցման, միջազգային իրավունքի հիման վրա հստակ ձեւակերպված Հայոց պահանջատիրության ծրագիր. “Բացի այդ, կառավարությունը պետք է կազմի 1988-1994 թթ. Ադրբեջանի տարածքում Հայ Ժողովրդի հանդեպ իրականացրած Ցեղասպանության վնասների փոխհատուցման, միջազգային իրավունքի հիման վրա հստակ ձեւակերպված Հայոց Պահանջատիրության ծրագիր”:

Այնուհետև շարունկվում էր` քանի դեռ վերը թվարկած քայլերը չեն իրականացվել, միջազգային հանրությունը կշարունակի տարատեսակ ու բազմաբնույթ ճնշումներ գործադրել Հայաստանի Հանրապետության դեմ: “Հայերի հանդեպ իրականացրած ցեղասպանության փաստի ճանաչումը տարբեր պետությունների կողմից մեզ տալիս է բարոյական հաղթանակներ, այլ ոչ իրավական, հետեւաբար միջպետական խնդիրների լուծումը վաղուց գտնվում է միջազգային դատարանների տիրույթում` ՄԱԿ-ի Կանոնադրության 33-րդ հոդվածի համապատասխան”,- ասված էր հայտարարության մեջ:

Ապրիլի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր Լիբանանի արտաքին գործերի եւ էմիգրանտների նախարար Ալի Շամիի հետ: Շամին, նշելով, որ հայերը մեծ դեր են կատարում Լիբանանի զարգացման գործում, հայտնել էր, որ իրենք միշտ էլ ցանկանում են հարաբերություններ զարգացնել քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Եվ այդ գործում մեծ դեր ունեն կատարելու երկու երկրների դեսպանությունները:

Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ էր համարել հարաբերությունների ակտիվացումը միջազգային կառույցներում: ՀՀ ԱԺ նախագահը առանձնակի կարեւորել էր խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը:

Այդ հանդիպման ընթացքում անդրադարձ են հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հարցին: ՀՀ ԱԺ նախագահը վերստին հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը` առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Մինչդեռ վերջինս ձգձգում է Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացումը:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նա շատ կարեւոր է համարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Ալի Շամիի խոսքերով` իրենք համաձայն են, որ հարցը կարգավորվի Մինսկի խմբի շրջանակներում:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Լիբանանի նախագահի նստավայրում հանդիպել է Լիբանանի նախագահ, գեներալ Միշել Սուլեյմանի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ–լիբանանյան երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, Հովիկ Աբրահամյանը դատապարտել է, որ Թուրքիան դրանց վավերացումը կապում է ԼՂ խնդրի հետ: ՀՀ ԱԺ նախագահը խստորեն ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է հարեւանների հետ ունենալ բարեկամական հարաբերություններ, բայց դրանք չեն կարող լինել մեր ժողովրդի արժանապատվության հաշվին:

Միշել Սուլեյմանը կարեւորել է Հայաստանի ու Լիբանանի համագործակցությունը միջազգային կառույցներում` ի նպաստ Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ հայկական հարցի լուծման:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ամենակարեւորը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն է, ԼՂ ժողովրդի անվտանգությունը եւ ԼՂ կարգավիճակի հարցը: Այս մասին պարբերաբար հաղորդել է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:

Լիբանանում ընթացող այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են հայ-լիբանանյան տնտեսական հարաբերությունները: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է Լիբանանի վարչապետի սեպտեմբերին Հայաստան այցի շրջանակներում հայ–լիբանանյան բիզնեսֆորում անցկացնել:

Վարչապետի հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելել է Լիբանանի նախկին վարչապետ, նահատակ Ռաֆիկ Հարիրիի շիրիմին եւ ծաղկեպսակ դրել, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:

Ապրիլի 12-ի երեկոյան Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է հայաբնակ Այնջար բնակավայր, որտեղ ծաղկեպսակ են դրել մուսալեռցիների հիշատակին կանգնեցված հուշարձանին, ապա հանդիպում են ունեցել մեր հայրենակիցների հետ:

2010թ. ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 13-ին Մոսկվա էր մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել են ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր: Ս. Օհանյան երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Ա. Սերդյուկովի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յ. Ժադոբինի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Մ. Եժելի հետ:

Շաբաթվա ընթացքում Երևանում մամլո ասուլիսով հանդես է եկել Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Նա նախ` հայտարարել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Վաշինգտոնում ունեցած հանդիպումները Թուրքիայի վարչապետի և ԱՄՆ-ի նախագահի հետ ռազմավարական նշանակություն ունեն ինչպես Երևանի, այնպես էլ` Անկարայի ու Վաշինգտոնի համար: Ըստ նրա, եթե հայկական կողմի համար այդ հանդիպումները կարևոր էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսակետից, ապա ԱՄՆ-ի ու Թուրքիայի համար` գլոբալ շահերի համատեքստում:

Ըստ Ա.Մելիքյանի, լարվածությունն ամերիկա-թուրքական հարաբերություններում աստիճանաբար կաճի, իսկ այն, որ Անկարան պատրաստ չէ վավերացնելու արձանագրությունները, ԱՄՆ-ի համար լծակ կդառնա Անկարայի դեմ ճնշման համար: “Ես հակված չեմ կարծելու, թե արձանագրությունների վավերացման հարցում ինչ-որ առաջընթաց կլինի: Դրա համար նախադրյալներ չկան: Հայ-թուրքական գործընթացը դատապարտված է ձախողման”,-ասել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը: Նա հավելել է, որ հայ-թուրքական երկխոսության ձախողումը բացասական հետևանքներ կունենա, քանի որ դա կնվազեցնի Հայաստանի մանևրելու հնարավորությունները:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Ա.Մելիքյանը հայտարարել է, թե չի բացառում, որ այն կարող է լուծվել Ռուսաստան-ԵՄ-ԱՄՆ եռանկյունու ձևաչափում: “Հաշվի առնելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումների մերձեցումը մի շարք գլոբալ խնդիրների առնչությամբ` ես չեն բացառում, որ ղարաբաղյան հակամարտությունը սկզբում կարող է լուծվել գլոբալ մակարդակով, հետո արդեն` տարածաշրջանային”,-ասել է Մելիքյանը: Նա չի բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Հայաստան-Չինաստան բարեկամության խմբի պատվիրակությանը:

Կարինե Ղազինյանը, ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, կարևորել է Հայաստանի և Չինաստանի խորհրդարանների միջև համագործակցությունը, որը, նրա բնորոշմամբ, մեծապես նպաստում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակությամբ նշել են հայ-չինական համագործակցության դինամիկ զարգացումը:

Կարևորվել են երկկողմ բարձրաստիճան պատվիրակությունների այցերի կազմակերպումը, քննարկվել են երկկողմ հարաբերություններին, միջազգային կազմակերպություններում համագործակցության, հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանը, «Շանհայ էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսին, «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության շինարարության ավարտին և գործարկմանը, ինչպես նաև` մշակույթի և կրթության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

Երևանում տեղի ունեցած մեկ այլ մամլո ասուլիսում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը հայտարարել էր, որ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի է մտել: Նրա խոսքերով, արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված է: “Հայ-թուրքական գործընթացը պետք է դիտարկել թուրք-ամերիկյան հարաբերությունների համատեքստում: ԱՄՆ-ն և Թուրքիան պարզ առևտուր են վարում, և հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության Վաշինգտոնի ճանաչման գործընթացն այդ սակարկության մասն են”,-ասել է պրոֆեսորը: Նրա կարծիքով, եթե Անկարային հաջողվի ամերիկյան վարչակազմից ստանալ իրեն անհրաժեշտ զիջումները, ապա Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում, որտեղ գտնվում են արձանագրությունները, կարելի է սպասել որոշակի առաջխաղացման, բայց ոչ լիարժեք վավերացման:

“Թուրք-ամերիկյան առևտուրը դեռ այն մակարդակում չէ, որպեսզի Անկարան արձանագրությունների հարցում անցնի հաջորդ քայլին”,- ասել է Ռուբեն Սաֆրաստյանը: Մեկնաբանելով Վաշինգտոնում Հայաստանի նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումը` փորձագետը նշել է, որ ՀՀ նախագահի այցն ԱՄՆ ցույց տվեց, որ Հայաստանը զիջումների չի գնա ղարաբաղյան հակամարտության և Հայոց ցեղասպանության հարցերում: Բացի դրանից, նա հայտարարել է, որ ՀՀ նախագահի հանդիպումը հայկական համայնքի ներկայացուցիչների հետ ցույց է տվել հայկական սփյուռքի համախմբվածությունը: Սաֆրաստյանն ավելացրել է, որ հիմա Հայաստանը գտնվում է ավելի բարենպաստ վիճակում, քան Թուրքիան, և, ի տարբերություն Անկարայի, պաշտոնական Երևանն ապացուցել է, որ միջազգային ասպարեզում հուսալի գործընկեր է:

Խոսելով ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ճանաչման ԱՄՆ նախագահի հայտարարության մասին` նա հայտարարել է, թե հավատում է, որ ԱՄՆ այժմյան վա րչակազմը կճանաչի 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Վաշինգտոնում արած հայտարարությունները վկայում են այն մասին, որ ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում վտանգել սփյուռքի հետ հարաբերությունները, այսինքն` Հայաստանն ու սփյուռքը միասնական են: “Սակայն պետք է նշեմ, որ արձանագրությունների ստորագրումը մեծապես վնասեց այդ հարաբերություններին”,-ասել է “Ժառանգություն” կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:

Ալավերդյանը հայտարարել է, որ “Ժառանգությանը” կասկածելի է թվում ՀՀ նախագահի և Թուրքիայի վարչապետի վաշինգտոնյան հանդիպման արդյունավետությունը, քանի որ դրանից հետո ավելի հստակ դարձավ “բաժանարար գիծը” Հայաստանի ու Թուրքիայի միջև: “Այսինքն, հանդիպումը ոչ միայն չլուծեց առկա խնդիրները, այլև հեռացրեց կողմերին”,-ասել է պատգամավորը` հավելելով, որ հայ-թուրքական գործընթացն, ինչպես կար, այնպես էլ շարունակում է մնալ փակուղում:

Նա նաև նշել է, որ թուրքական կողմի արձանագրությունների ձգձգման հիմնական պատճառը ոչ թե Ադրբեջանի գործոնն է, այլ այն, որ Թուրքիան չի կարողանում լուծել իր առջև դրված 3 խնդիրները միանգամից` կասեցնել Ցեղասպանության միջազգային ճանաչումը, առաջընթացի հասնել ղարաբաղյան կարգավորման և Հայաստանի հետ իր սահմանի ճանաչման հարցում: Ալավերդյանը նշել է, որ պետք չէ այդչափ կարևորել կարտասանի՞ Օբաման “ցեղասպանություն” բառը ապրիլի 24-ի ուղերձում, թե` ոչ: “Այդ հարցը պետք է հուզի ԱՄՆ-ի ընտրողներին, քանի որ Օբաման պետք է կատարի իր նախընտրական խոստումը”,-ասել է Լ.Ալավերդյանը:

Նա նշել է նաև, որ հայ-թուրքական գործընթացը շատ կդանդաղի ապրիլի 24-ից հետո: “Մենք գտնում ենք, որ վաղ թե ուշ հարկավոր կլինի սկսել նոր հայ-թուրքական գործընթաց, որը հեռու կլինի այսօրվա գործընթացի բացասական շեշտադրումներից”,-ասել է պատգամավորը:

Ալավերդյանը, չնայած ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարություններին, քիչ հավանական է համարում ռազմական գործողությունների վերսկսումը ղարաբաղյան ճակատում:

Հայաստանի ԱԳ ախարար Էդվարդ Նալբանդյանը շաբաթվա ընթացքում ճեպազրույց է ունեցել Վաշինգտոնում հայաստանցի լրագրողների հետ: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որքանո՞վ է ԼՂ հարցը քննարկվել էրդողանի հետ հանդիպմանը` Է.Նալբանդյանն ասել է. “Թուրքական կողմը փորձում էր քննարկում ծավալել Ղարաբաղի թեմայի շուրջ, և պատասխանը եղել է այն, ինչ եղել է, այն ինչ ասել ենք մինչ այժմ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարելի շաղկապել Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ”: “Չեմ կարծում , որ պատճառներ կան ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումներ անցկացնելու թուրքական կողմի հետ, ավելի շուտ այդպիսի պատճառները բացակայում են”, - նշել է արտգործնախարարը: Ըստ Է.Նալբանդյանի, ԼՂ կարգավորման գործում Թուրքիան չի կարող միջնորդ լինել և ԼՂ հարցում Հայաստանը երբևէ որևէ զիջման չի գնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով: “Պետք է նկատի ունենալ նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շաղկապումը Ղարաբաղի խնդրի հետ վնաս կհասցնի երկու գործընթացներին էլ: Դա նաև եռանախագահող երկրների դիրքորոշումն է:”,-ասել է ԱԳ նախարարը:

“Եթե թուրքական կողմն իր հնարավորությունների իմաստով սխալ հաշվարկներ է արել, դա իր խնդիրն է: Եթե մենք սկսել ենք այս գործընթացը այն փոխըմբռնմամբ, որ նախապայմաններ չեն կարող լինել, նույն փոխըմբռնմամբ շարունակել ենք գործընթացը և հանգել ենք արձանագրությունների ստորագրմանը: Եթե Թուրքիան այսօր փոխել է իր դիրքորոշումը, ուրեմն համապատասխան եզրակացություններ պետք է անենք, թե արդյո՞ք մյուս կողմում կան այնպիսի գործընկերներ, որոնց հետ հնարավոր է շարունակել գործընթացը: Եթե Թուրքիան իրականում ցանկանում է այս գործընթացը չձախողել, պետք է շատ արագ ցույց տա, որ պատրաստ է վավերացնել և իրականացնել արձանագրությունները ու գնալ հարաբերությունների կարգավորման` առանց նախապայմանների, ինչին սպասում է միջազգային հանրությունը”,-ասել է ՀՀ արտգործնախարարը:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ճեպազրույց է ունեցել Վաշինգտոնում հայաստանցի լրագրողների հետ: Լրագրողների խնդրանքով նա անդրադարձել է այն հարցին, թե վաշինգտոնյան այցից հետո ի՞նչ հանգրվանի է հասել հայ-թուրքական կարգավորման գործընթացը։

Արգործնախարարը նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետի հետ հնարավորություն տվեց ավելի հստակ պատկերացնել թուրքական կողմի դիրքորոշումը։ “Վաշինգտոնում կայացած հանդիպումները մեկ անգամ ևս հնարավորություն տվեցին համոզվելու, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ մեր գնահատականները ճիշտ են: Ամրապնդվեցին վերջին շրջանում հասունացած հետագա քայլերի վերաբերյալ մեր պատկերացումներն ու մոտեցումները: Երբ Հանրապետության նախագահը անհրաժեշտ համարի, համապատասխան որոշման մասին կիրազեկվի նաև հանրությունը”,-ասել է Էդվարդ Նալբանդյանը:

"Պետքարտուղար Քլինթոնը միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցող արտգործնախարարների պատվին կազմակերպված ճաշի ժամանակ ես Դավութօղլուի հետ բավական հանգամանալից զրույց եմ ունեցել: Նա ասաց, որ ընդհանրապես նման հարցազրույց ինքը չի տվել: Հերքեց",- Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայ լրագրողներին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Ղարաբաղի խնդրում առաջընթացից: Նրա խոսքով, կարելի էր չհավատալ, որ ադրբեջանական գործակալությունը երկար–բարակ պատասխաններով հարցազրույց է տպում, ու Թուրքիայի արտգործնախարարն ասում է` նման հարցազրույց չի տվել: "Պարոն Դավութօղլուն ինձ անձամբ ասաց, Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն հրապարակել է այդ հերքումը, որ նման հարցազրույց չի եղել: Սա կրկին ապացուցում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներին, թերթերին շատ քիչ պետք է հավատալ",- ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վաշինգտոն շատ կարևոր այցելություն էր: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հայաստանցի լրագրողների հետ ճեպազրույցում: "Վերջին շրջանում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հաստատվել է սերտ բարեկամական գործընկերություն, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ակտիվ շփումներ երկու երկրների ղեկավարությունների միջև",- նշել է նա:

Նալբանդյանի խոսքով, այս այցելությունը և կայացած հանդիպումները կարևոր էին թե' երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման, թե' երկու կողմերին հուզող տարածաշրջանային և միջազգային հարցերի քննարկման առումով: "Նախագահ Սարգսյանի հանդիպումները ԱՄՆ նախագահ Օբամայի ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հնարավորություն տվեցին շարունակելու կառուցողական երկխոսությունը և քննարկումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման շուրջ",- ընդգծել է ՀՀ արտգործնախարարը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլուդ Չավուշօղլուն անցած շաբաթ հայտարարություն է արել այն մասին, որ պետք է հանդիպել միայն Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ներկայացուցիչների հետ` ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը վերականգնելու համար: Այդ հայտարարությունը անհասկանալի է համարել “Բարգավաճ Հայաստան” խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքերով, ավելի ճիշտ կլիներ, եթե այդ հանդիպմանը ներկա լինեին բոլոր կողմերի պատվիրակությունները, քանի որ բոլորն էլ ասելիք ունեն: “Ես չեմ հասկանում Չավուշօղլուի ձգտումը` վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը, մենք դեմ ենք, որ ղարաբաղյան հակամարտության քննարկումը ԵԱՀԿ ՄԽ-ից տեղափոխվի ուրիշ հարթություն”,- ասել է նա: Զոհրաբյանը հայտարարել է, որ հայկական կողմը կտրականապես հանդես է գալիս այդ հանձաժողովում ղարաբաղյան հիմնահարցը քննարկելու դեմ: “Եթե Չավուշօղլուն այդպես հետաքրքրվում է Լեռնային Ղարաբաղով, ապա թող ենթահանձնաժողովը զբաղվի ԼՂՀ մարդասիրական օգնության և մարդու իրավունքների հարցերով”,- ասել է Զոհրաբյանն, ավելացնելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողով ստեղծելու մտադրության մասին Չավուշօղլուն խոսել է դեռ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի ժամանակ: Նա նաև նշել է, որ ապրիլյան նստաշրջանից հետո Չավուշօղլուն ժամանելու է Հայաստան:

Նաիրա Զոհրաբյանը հաղորդել է , որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը տեղի է ունենալու ապրիլի 26-30-ը: Նրա խոսքերով, նստաշրջանի օրակարգում Հայաստանին վերաբերող հարցեր չեն լինելու, բայց նա “Կանանց իրավունքները կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային տարածաշրջաններում” թեմայով զեկույց է պատրաստում, որի ընթացքում ներկայացնելու է, թե ինչ դաժան փորձությունների են ենթարկվել հայ կանայք և երեխաները հայկական Մարաղա գյուղում 1992թ. ղարաբաղյան հակամարտության ընթացքում:

Հունվարի 13-ին Մևլուդ Չավուշօղլուն Ադրբեջանում հանդիպում է անցկացրել այդ երկրի խորհրդարանականների հետ: Նա հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն անդառնալի է դարձել, և կվավերացվեն արձանագրությունները, թե ոչ, դրանից ոչինչ չի փոխվի: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մեկ այլ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: “Ըստ իս, հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մինչ արձանագրությունների վավերացումը”,-ասել է Սահակյանը: Ինչ վերաբերում է արձանագրությունների տակ Հայաստանի ստորագրության չեղյալ հայտարարելուն, ապա` Գ.Սահակյանը գտնում է, որ եթե պահը հասունանա և դրա անհրաժեշտը լինի, Հայաստանը դա կանի:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վաշինգտոն շատ արդյունավետ էր: “Այդ այցը միավորեց ողջ հայությանն ու ես կարծում եմ, որ այժմ մեր ազգը միասնական է, ինչպես երբեք”,-ասել է հայ պատգամավորը: Բաքուն կարող է տապալել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկ քայլով` փոքր ռազմական գործողություն սկսելով Արցախի Հանրապետության դեմ: Այդ մասին Երևանում լրագրողներին հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, ներկայումս համաշխարհային հանրությունը նույնպես զգում է պատերազմի վտանգը, որը հետո կարող է վերածվել լայնածավալ պատերազմի: “Ոչ Արևմուտքը, ոչ Արևելքը չեն ցանկանում, որ պատերազմ լինի: Ադրբեջանում գիտեն, որ եթե պատերազմ սկսեն, պարտվելու են: Սակայն, ցավոք, այդ երկրում որոշումները կայացնում են այնպիսի անգրագետներ, ինչպիսին է Սաֆար Աբիևը”,-ասել է Ռիչարդ Կիրակոսյանը:

Ըստ նրա, ռազմական գործողությունները Ղարաբաղի դեմ կարող են սկսվել ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում մի փոք միջադեպից: Փորձագետը նշել է, որ հայկական կողմը, հաշվի առնելով պատերազմի վերսկսման վտանգը, միջոցներ է ձեռնարկում այն կանխելու համար: Մասնավորապես, մի կողմից, Հայաստանը ցույց է տալիս Բաքվին հայկական ԶՈւ հզորությունը, մյուս կողմից` հանգստացնում է Բաքվին` հայտարարելով, որ պատերազմի վերսկսման համար պատճառներ չկան:

Նա համոզվածություն է հայտնել, որ ռազմական գործողությունների վերսկսումը Ղարաբաղում ճանապարհ կհարթի հակամարտության գոտում ռուսական զորքերի տեղակայման համար, ինչը բացասական հետևանքներ կունենա Հայաստանի համար: “Ռուսաստանը մեծ փորձ ունի տարածաշրջանի սառեցված հակամարտությունների հարցում, իսկ Ղարաբաղն այն տարածաշրջաններից մեկն է, որտեղ ռուսական զորքեր չկան, և դրա կարիքը չկա”,-ասել է փորձագետը:

Հայաստանի նախագահի և Թուրքիայի վարչապետի վաշինգտոնյան հանդիպումը փորձ էր դուրս գալու Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում ստեղծված փակուղուց: Այդ մասին Երևանում լրագրողներին է ասել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, արձանագրություններն այժմ “մեռյալ վիճակում են”: “Ես ենթադրում եմ, որ վաշինգտոնյան հանդիպումը հաջող էր, հակառակ դեպքում, մենք կտեսնեինք Անկարայի հակազդեցությունը: Ինձ թվում է, որ արդեն որոշակի համաձայնություն է ձեռք բերվել հայ-թուրքական երկխոսությունը շարունակելու վերաբերյալ”,-ասել է փորձագետը: Ըստ նրա, միջուկային անվտանգության գագաթաժողովին Ադրբեջանի նախագահին չհրավիրելու Վաշինգտոնի որոշումը կարելի է դրական գնահատել: Ինչպես նշել է Ռ.Կիրակոսյանը, ամերիկյան կողմը թույլ չի տա, որ Բաքուն խոչընդոտի հայ-թուրքական բանակցությունները:

Ռիչարդ Կիրակոսյանը նշել է, որ ներկայումս Անկարայի դիրքերը Հայաստանի հետ գործընթացում բավականին թուլացել են: “Հայաստանն այդ գործընթացում արեց այն ամենն, ինչ կարող էր: Այժմ ողջ ճնշումն ուղղված է Թուրքիայի դեմ: Ղարաբաղյան հարցն այսուհետև նախապայման չէ և այդ մասին հստակ հայտարարել են ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Ռուսաստանը”,-ասել է փորձագետը: Նա հավելել է, որ այժմ Թուրքիայի համար այնքան էլ բարենպաստ ժամանակ չէ, քանի որ լարվածությունը ադրբեջանա-թուրքական հարաբերություններում շարունակվում է, իսկ Վաշինգտոնը վերջին անգամ զգուշացրել է Անկարային` փրկելու համար հայ-թուրքական գործընթացը: Փորձագետը գտնում է, որ թուրքական կողմը դեռևս որոշում չի կայացրել` Հայաստանի հետ հարաբերությունների և հետագա քայլերի մասին:

Գնահատելով ԱՄՆ նախաձեռնողականությունը հայ-թուրքական երկխոսության հարցում` փորձագետն ընդգծել է,որ Վաշինգտոնը կօգտագործի Երևանի ու Անկարայի միջև գործընթացը ` ղարաբաղյան կարգավորման հարցում իր նպատակներին հասնելու համար:

“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը հինգ պատճառ ունի` բարձր գնահատելու համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վաշինգտոն: Առաջին հերթին ՀՀ նախագահի հայտարարությունները Վաշինգտոնում Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների յուրօրինակ ամփոփում էին, երկրորդ` նրա վաշինգտոնյան հանդիպումները ԱՄՆ-ի քաղաքականության արդյունքն են, որը ջանում է մեռյալ կետից շարժել հայ-թուրքական երկխոսությունը: Երրորդ` հայ-թուրքական մերձեցումը պետք է շարունակվի, քանի որ այն նպաստում է խաղաղության ամրապնդմանը Հարավային Կովկասում: Չորրորդ` Ս.Սարգսյանը հստակ ցույց տվեց աշխարհին, որ հայկական կողմը ղարաբաղյան հարցում չի գնա զիջումների` հանուն հայ-թուրքական մերձեցման, և մտադիր է շարունակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունը: Եվ հինգերորդ` հայ-թուրքական երկխոսությունը պաշտոնական հանդիպումներից բացի, հարկավոր է առաջ տանել նաև հասարակական մակարդակով: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

Ըստ Սաֆարյանի, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը օլիմպիական “մարաթոն է”, որը հարկավոր է պատվով անցնել: Նա նաև հավելել է, որ, այնուամենայնիվ, ապրիլի 24-ից հետո երկխոսությունը Հայաստանի ու Թուրքիայի միջև կշարունակվի, ինչն առավելապես կախված է Թուրքիայից:

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վերաբերյալ Սաֆարյանը մեկ անգամ ևս նշեց, որ եթե թուրքական կողմը վավերացնի այդ փաստաթղթերն առանց նախապայմանների ու վերապահումների, Հայաստանը նույն կերպ կվարվի:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա, ըստ պատգամավորի, այստեղ գլխավոր հարցը շարունակում է մնալ Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը: “Ես կարծում եմ նաև, որ Թուրքիան չի կարող ազնիվ ու անաչառ միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության հարցում: Սակայն, հանուն այն բանի, որ Թուրքիան նույն աչքով նայի Ադրբեջանին ու Հայաստանին, կարելի է աշխատել”,-նշել է նա:

Հայաստանը պետք է չեղյալ հայտարարի արձանագրությունների տակ դրած իր ստորագրությունը: Այդ մասին դարձյալ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով, փաստաթղթերի վավերացման համար բոլոր խելամիտ ժամկետներն արդեն անցել են: “Արձանագրությունների վավերացման մասին խոսելն ավելորդ է”,- ասել է ՀԺԿ առաջնորդը: Միաժամանակ նա նշել է, որ Թուրքիան մինչև ապրիլի 24-ը չի վավերացնի արձանագրությունները, ինչը պետք է առիթ լինի Հայաստանը գործընթացից դուրս գալու համար:

“Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում այս փուլն արդեն ավարտվել է, և պետք է առանց նախապայմանների նոր հայ-թուրքական գործընթաց սկսել”,- ասել է Սարգսյանը: Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանը, լինելով փոքր պետություն, այսօր գտել է իր տեղը տարածաշրջանում և դարձել է գործոն, առանց որի չի կարող լուծվել ոչ մի լուրջ քաղաքական հարց: Միաժամանակ նա նշել է, որ հայ-թուրքական գործընթացում Հայաստանը պետք է հանդես գա որպես գործընկեր, այլ ոչ թե ուղեկցող:

Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի ղեկավարությունն արտաքին քաղաքականությունում հաջողության հասնելու համար պետք է լուծի իր ներքին խնդիրները:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Արամ Սարգսյանն ասել է, որ այս գործընթացում Հայաստանի զիջումներն անհնար են:

Վաշինգտոնյան հանդիպումները նոր փուլ բացեցին հայ-թուրքական հարաբերություններում: Այս նոր փուլում հայկական կողմն ավելի բարենպաստ դիրքորորշում է որդեգրել, քան Թուրքիան: Այդ մասին հայտարարել է “Նորավանք” գիտակրթական կենտրոնի ղեկավար Գագիկ Հարությունյանը: “Ադրբեջանն ու Թուրքիան վերջերս շատ սխալներ թույլ տվեցին: Թուրքիան խնդրահարույց երկիր է դարձել, որը տարաձայնություններ ունի այլ պետությունների հետ, իսկ

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---