Ղարաբաղի թեման շարունակում է արդիական մնալ Հայաստանի ներքաղաքական կյանքում

Հուլիսի 10-16-ը տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների տեսություն

Ընթացիկ շաբաթվա քաղաքական իրադարձություններն Երևանում մեկնարկեցին «Ժառանգություն» կուսակցության VI համագումարով, համագումարում հաշվետու զեկույցով հանդես եկավ կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, «Ժառանգությունը» միշտ հանդես է եկել ի պաշտպանություն մարդու իրավունքների և պետական շահերի:

PanARMENIAN.Net - Մարտիրոսյանն ընդգծել է, որ կուսակցությունը միշտ հանդես է եկել ԼՂՀ անկախության օգտին և գտնում է, որ ղարաբաղյան խնդրի լուծման միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումն է: Համագումարն ընտրել է 11 հոգուց բաղկացած նոր վարչություն, վարչության անդամ է ընտրվել նաև կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «2008-ի մարտի 1-ի դեպքերի համար, երբ մահացավ 10 հոգի, պատասխանատու են Հայաստանի բոլոր երեք նախագահները»,-«Ժառանգություն» կուսակցության համագումարում հայտարարել է կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, դեպքերի օբյեկտիվ հետաքննություն անցկացնելու համար Հայաստանի երեք նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և գործող նախագահ Սերժ Սարգսյանը պետք է ցուցմունքներ տան: Նույն օրը ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հայտնեց, որ անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 200 դեպք: Հակառակորդի կողմից առաջնային գծում ձեռնարկած բոլոր գործողությունները ղարաբաղյան դիրքապահների կողմից ստացել են համարժեք պատասխան, հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:

Հուլիսի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավար Գեորգի Պետրոսյանի հանդիպումը Բելգիայի տարբեր համալսարանների դասախոսների և ուսանողների խմբի հետ: Հյուրերի խնդրանքով նախարարը պատասխանել է լայն շրջանակ ընդգրկող հարցերի, որոնք վերաբերվում էին ղարաբաղյան հիմնախնդրի նախապատմությանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ԼՂՀ հետպատերազմյան վերականգնումներին և տնտեսական զարգացմանը, երկրում ժողովրդավարական գործընթացներին, միջազգային հանրությանը Արցախի մասին անաչառ տեղեկատվության ներկայացմանը և այլն:

Ներկաների ուշադրությունը հրավիրելով պաշտոնական Բաքվի ապակառուցողական դիրքորոշման վրա` ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ընդգծել է,- «Մենք խոսում ենք իրավունքի մասին, իսկ Ադրբեջանը` տարածքների մասին: Այդ պատճառով պաշտոնական Բաքուն չի ցանկանում Լեռնային Ղարաբաղի հետ որևէ շփման գնալ: Դեռ ավելին, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով սիստեմատիկորեն հայտարարում են զավթողական նկրտումների մասին: Ուստի այսօրվա դրությամբ կողմերի միջև դիրքորոշումների ընդհանուր եզրեր չկան, չնայած մենք Ադրբեջանին բազմիցս առաջարկել ենք նստել բանակցային սեղանի շուրջ»:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է հանրապետության պաշտպանության բանակի մի շարք զորամասերի և զորամիավորումների նորանշանակ հրամանատարների:

Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարը շնորհավորել է ներկաներին, մաղթել նրանց խաղաղ և արդյունավետ ծառայություն: Նախագահը նշել է, որ պաշտպանության բանակը հանդիսանում է երկրի անկախության և անվտանգության կարևորագույն երաշխավորը, և այսուհետ ևս կարվի հնարավորը նրա մարտունակության շարունակական բարձրացման համար:

Հուլիսի 14-ին Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ 2007 թվականի նոյեմբերից ի վեր ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մի շարք աշխատանքային առաջարկություններ են ներկայացրել Երևանին ու Բաքվին` հիմնված մադրիդյան սկզբունքների վրա: «Բաքուն առաջին անգամը չէ, որ ժխտում է կամ հրաժարվում է ընդունել իրեն ներկայացրած աշխատանքային փաստաթղթերը: Այդպես էր նաև Քի Վեսթի, Մադրիդյան փաստաթղթի, ԵԱՀԿ հրադադարի ամրապնդման վերաբերյալ, ուժի չկիրառման նախաձեռնության դեպքում»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

«ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցային գործընթացի լիիրավ անդամը: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի կազմում»,-Երևանում լրագրողներին է հայտարարել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը: Ըստ նրա, Բաքուն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ հետո արդեն խոսի ինչ-որ փոխադարձ զիջումների մասին: «Խնդրի լուծման այլ տարբերակ ես չեմ տեսնում: Ինչ վերաբերում է Ալիևի ռազմատենչ հայտարարություններին, ապա դրանք նախատեսված են ներքին լսարանի, ինչպես նաև միջազգային հանրության համար: Ալիևի կլանը չի գնա պատերազմի վերսկսման, նավթադոլարները չափազանց մեծ հաճույք են:»,-ասել է Մինասյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնվի Լեռնային Ղարաբաղին ինչ-որ կարգավիճակ տալու հետ, խոսում է այն մասին, որ Ալիևի տգիտությունը սահմաններ չունի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Ադրբեջանի չկայացած սուլթանին տեղեկացնեմ, որ «ինքնորոշման իրավունք» նշանակում է, որ տվյալ ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը բացառում է, որ մի ժողովուրդ որոշի մեկ այլ ժողովրդի փոխարեն»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Հուլիսի 6-10-ը Օսլոյում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ նիստի ընթացքում ընդունվել է «Էներգետիկայի գլոբալ անվտանգության ապահովման համար մասնակից երկրների պատասխանատվության» մասին բանաձև: Բանաձեւում, ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմի բոլոր առաջարկները ներառվել են: Այս մասին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը: Սաֆարյանը նշել է նաև, որ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշը հերքել է իրեն վերագրված ադրբեջանական ԶԼՄ-երի տեղեկատվությունն այն մասին, որ ղարաբաղյան հարցում առաջխաղացում չի լինի, քանի որ ՀՀ նախագահը երկրում լեգիտիմության հիմնախնդրի առաջ է կանգնած: Նրա խոսքերի համաձայն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է ընթանա ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության իրավունքի սկզբունքների շրջանակներում: «Ադրբեջանի քարոզչությունն ուղղված է այն բանին, որ Հայաստանին մղեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր դիրքեր կոշտացնելու, ինչն էլ ադրբեջանական կողմին առիթ կտա հրաժարվելու մադրիդյան սկզբունքներից: Այսինքն` այս պահին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նյարդերի հետ խաղ է ընթանում», - ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը:

Տնտեսական և քաղաքական տեսակետից Հայաստանը չի կարող հաղթել թուրք-ադրբեջանական տանդեմին: Հենց այդ պատճառով հայկական կողմը կամ պետք է կարողանա սեպ խրել նրանց միջև կամ էլ կենտրոնացնել իր բոլոր ռեսուրսները իրավական դաշտում, որտեղ Հայաստանը հաղթելու ավելի մեծ շանսեր ունի: Այդ մասին հայտարարել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը: Ըստ նրա, Արևմուտքը հասկանում է, որ իսլամիստական Թուրքիան գնալով ավելի վտանգավոր է դառնում ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար, հետևաբար, արևմտյան խաղացողների շահերից չի բխում Հայաստանի դիրքերի թուլացումն ու Ադրբեջանի դիրքերի ամրապնդումը:

Հուլիսի 16-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բացահայտ սուտ է անվանել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե իբրև հայկական կողմի հետ քննարկվում է Լաչինի եւ Քելբաջարի շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցը, եւ թե իբրև այդ հարցը քննարկվել է նաեւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ընթացքում: «Հայկական կողմը երբեք չի քննարկել Ադրբեջանի վարչական հսկողության տակ Լաչինի եւ Քելբաջարի շրջանների փոխանցման հարցը: Այդ հարցը չի քննարկվել նաեւ նախագահների Սանկտ Պետերբուգում կայացած հանդիպման ընթացքում»,-հայտարարել Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլանդերին: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացմամբ, ինչը ոչ միայն բխում է մեր երկրի շահերից, այլեւ կարեւոր ներդրում կարող է ունենալ ամբողջ տարածաշրջանի անվտանգության ու կայունության ամրապնդման գործում:

Իր հերթին ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել միջազգային խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցության համար: Երկուստեք ընդգծվել է, որ դա ոչ միայն մեծ ներդրում է միջազգային հանրության կողմից իրականացվող գործողություններին, այլեւ նպաստում է ՀՀ զինված ուժերի մարտունակության աճին: Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլի վերաբերող հարցեր: Տիկին Վոլանդերն ընդգծել է, որ ռազմական ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին Միացյալ Նահանգներն իր դիքորոշումն արտահայտում է բոլոր մակարդակներում եւ ԱՄՆ-ը վստահ է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---