Հաագայի դատարանի որոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման պրիզմայի միջով

Հուլիսի 17-23-ի Հայաստանի ներքին քաղաքական իրադարձությունների ամփոփում

Հայաստանում քաղաքական իրադարձություններն անցյալ շաբաթ սկսվեցին Հայոց համազգային շարժման ու Արմենական Ռամկավար-Ազատական կուսակցությունների համագումարներից: Հուլիսի 17-ին Երևանում կայացավ Հայոց համազգային շարժման 16-րդ համագումարը: Ելույթ ունենալով համագումարում` Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնեց, որ առանց ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի: Նա համոզմունք հայտնեց, որ որ հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան կարգավորման լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքերում:

PanARMENIAN.Net - Համագումարից երեք օր անց` ապրիլի 20-ին, Հայաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը դուրս եկավ Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) կազմից: Նամակում Կարապետ Ռուբինյանը, հիմնավորելով իր որոշումը, բերում է մի քանի պատճառ` ՀՀՇ վարչության անդամների ընտրության կեղծումը կուսակցության 16-րդ համագումարում, ապագայի տեսլականի բացակայությունը և զիջողական տրամադրությունները ներկա ղեկավարության դեմ պայքարում: Հուլիսի 21-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ՀՀՇ նորընտիր վարչության նախագահ Արամ Մանուկյանը, անդրադառնալով Կարապետ Ռուբինյանի` կուսակցությունը լքելու պատճառներին, որոնք նա շարադրել էր իր նամակում, նշել է, որ Ռուբինյանի մեղադրանքները վարչության ընտրությունները կեղծելու վերաբերյալ անհիմն են:

Հուլիսի 17-ին Երևանում կայացավ նաև Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության երկրորդ համագումարը: Համագումարի ժամանակ զեկույցով հանդես եկավ կուսակցության ղեկավար Հակոբ Ավետիքյանը, որը ներկայացրեց կուսակցության հանրապետական վարչության գործունեությունը մեկ տարում: Ավետիքյանը նշել է, որ կուսակցության կենտրոնում գործող կուսակցական օղակների ամրապնդումն ու նորերի բացումն է: Խոսելով Հայաստանի տնտեսական և արտաքին քաղաքական իրավիճակի մասին` Ավետքիյանն ասաց, որ ընդդիմադիր և իշխանամետ դաշինքների բևեռացման պայմաններում Արմենական-Ռամկավար ազատական կուսակցությունը հանդես կգա հավասարակշռող ուժի դիրքերից:

Հուլիսի 17-ին ԵԱՀԿ անգամ երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես եկան ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ, որը հայ քաղաքագետները մեկնաբանեցին հետևյալ կերպ: «Ալմաթիում ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հետևած Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ղեկավարության ուժի սպառնալիքի և պատերազմ սկսելու վերաբերյալ հոխորտանքներն անպատասխան չեն մնում,- հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, վերը ասվածը ցույց է տալիս, որ Բաքվի իշխանությունների սեփական հանրությանը հաճոյանալու նպատակով արվող ստահոդ հռետորաբանությունն այդ երկիրը տանում է փակուղի, որի հետևանքով այսօր Ադրբեջանն Ալմաթիում «դեղին քարտ» ստացավ:

Հուլիսի 18-ին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը հայտնեց, որ Ադրբեջանում ակնկալում էին, որ Ալմա-Աթայում կստորագրվի «Ղարաբաղի շրջաններից հայկական ստորաբաժանումների դուրսբերման ժամանակացույցը», իսկ Հայաստանում` հակառակը, քաղաքագետների մեծ մասը գտնում էր, որ հանդիպումը հերթական ու անցումային կլինի, որի ժամանակ ոչ մի կոնկրետ բան տեղի չի ունենա: «Արդյունքում, ինչպես հաճախ է պատահում, երկու կողմերն էլ սխալվեցին. «Ժամանակացույց» չստորագրվեց, բայց և հանդիպումն այնքան էլ անցումային չստացվեց»,- ասաց նա:

ԵԱՀԿ գագաթաժողովն Ալմաթիում ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ մի քանի կարևոր տարրեր արձանագրեց, սակայն դրանցից ոչ մեկը նորություն չէր: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ ևս մեկ անգամ շեշտվեց խաղաղ գործընթացին այլընտրանքի բացակայությունը` ֆիքսելով 2010 թվականի հունիսի 18-ին Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը: Ադրբեջանի գերագույն ղեկավարությունն ու այդ երկրի հասարակական-քաղաքական շրջանակները հերթական անգամ ազատվեցին այն պատրանքներից, որոնք անհասկանալի պատճառով վերջին մեկուկես-երկու ամիսներին համակել էին նրանց, թե իբր հնարավոր են միակողմանի զիջումներ` առանց ստեղծված ռազմաքաղաքական իրողությունները հաշվի առնելու»,- ընդգծեց Մինասյանը:

Հուլիսի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը, հայտնեց, որ հնգակողմ հանդիպումը օգտակար հանդիպում էր, չնայած հնարավորություն չեղավ հնգակողմ հայտարարություն անել, ինչպես միշտ, Ադրբեջանի` ադրբեջանական կողմի ապակառուցողական, դիրքորոշման պատճառով: Էդվարդ Նալբանդյանն առանձնահատուկ կարևորություն տվեց այն բանին, որ դրույթների միջև չի կարելի գերակայություն կատարել, չի կարելի ընտրովի մոտենալ այդ հայտարարությունների դրույթներին:

Նույն օրը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ այդ հայտարարությունը հասցեագրված էր ոչ միայն Ադրբեջանին, այլև հայկական կողմին, քանի որ միջնորդները միշտ ցանկանում են հավասարակշռել իրադրությունը: Մարտիրոսյանի խոսքով, այդ հայտարարությունը չի կարող որևէ ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման վրա, դա միջնորդների հերթական հայտարարությունն է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Ալմաթիում Ղարաբաղի վերաբերյալ արված ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հայտարարությունն ուղղերձ է Ադրբեջանին, որպեսզի վերջինս չներկայացնի քննարկվող փաստաթղթի առանձին դրույթները որպես բանակցությունների հիմնական հարց: «Ժամանակն է, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները հստակ հասցեատեր ունենան, այսինքն, որ, խոսելով Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, նշվի միջադեպի մեղավորը»,- ասաց նա:

Հուլիսի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտնեց, որ Ադրբեջանն, ըստ էության, 1918 թվականին ստեղծված նախագիծ է, ոչ թե պետություն: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որքան հավանական է Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը, նա պատասխանեց, որ ադրբեջանական կողմը պատերազմ չի սանձազերծի ԼՂՀ-ի դեմ: «Իսկ եթե նման բան պատահի, այդ դեպքում հայկական զորքերը կհասնեն Կասպից ծով, ինչը ժամանակին մենք կարող էինք անել, սակայն, մեզ թույլ չտվեցին»,- ասաց նա:

Ալմաթիում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳՆ ոչ պաշտոնական վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումը կարելի է կոչել կարևոր ժամանակաշրջանում ձեռք բերած արդյունքների հանրագումար, որը ներառում էր 1-2 տարիների գործընթացները, գտնում է ՀՀԿ անդամ, ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Ղարաբաղյան կարգավորման մեջ ժամանակն աշխատում է ի շահ Հայաստանի, դեռ ավելին, միջազգային հանրությունն աստիճանաբար այնպիսի եզրահանգումների է գալիս, որոնք բխում են միջազգային իրավունքների նորմերից»,- ավելացրել է նա:

Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարել «Պետերբուրգյան առաջարկների» հիման վրա, այժմ Ադրբեջանի կողմնորոշվելու հերթն է: Այդ մասին հուլիսի 21-ին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով հայկական Սփյուռքի երիտասարդ ներկայացուցիչների` «Միասին» շարժման և «Արի տուն» ծրագրի մասնակիցների հարցերին: «Ներկա պահին բանակցությունների սեղանին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ կատարված առաջարկներն են, որոնց առնչությամբ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հայտնեն իրենց դիրքորոշումները: Բանակցությունները կշարունակվեն այն բանից հետո, երբ Ադրբեջանն ընդունի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները»,- ասել է Հայաստանի նախագահը:

Ներքին քաղաքական քննարկումների համար հերթական թեմա դարձավ Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի վճիռը: Հուլիսի 22-ին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ Կոսովոյի գործով ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումը դրական անդրադարձ կունենա ԼՂՀ անկախության ճանաչման վրա: Շարմազանովի խոսքով, ՄԱԿ դատարանի նման որոշումն այն բանի ցուցանիշն է, որ ազգերի ինքնորոշման իրավունքն աստիճանաբար գերակայում է տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ:

Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումը, իհարկե, կարող է դրական ազդեցություն ունենալ ԼՂՀ անկախության ճանաչման վրա: Ոչ ոք չի կարող հայկական կողմին բացատրել, թե ինչու է նման որոշումը կիրառելի Կոսովոյի, բայց ոչ Հայաստանի նկատմամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Սաֆարյանի խոսքով, հայկական կողմը պետք է ՄԱԿ Միջազգային դատարան դիմի ԼՂՀ հիմնախնդրի լուծման համար:

Հուլիսի 23-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ ինքը ողջունում է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը Կոսովոյի անկախության վերաբերյալ, քանի որ այն նոր լծակներ է տալիս հայ ժողովրդին ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար պայքարում: Հովհաննիսյանի խոսքով, Սերբիայից Կոսովոյի անկախացումն օրինական ճանաչելու մասին ՄԱԿ-ի դատարանի որոշումն արդարացի է: ««Նոր պետության ստեղծումը մեկ այլ պետությունից անջատման միջոցով չի հակասում միջազգային իրավունքնին»,- ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Նույն օրը Երևանում կայացած մամլո ասուլիսում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ Կոսովոյի գործով ՄԱԿ Միջազգային դատարանի վճռի հիմնավորումները կարելի է կիրառել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար պայքարում: Զուրաբյանի խոսքով, միջազգային իրավունքը թույլ է տալիս ինքնորոշման ճանապարհով ժողովրդի անջատումը մեկ այլ պետությունից այն դեպքում, երբ այդ ժողովրդի իրավունքներն ամեն կերպ ոտնահարվել են: «Ղարաբաղի դեպքում հարկավոր է կիրառել այդ սկզբունքը, քանի որ Ադրբեջանը միշտ էլ ոտնահարել է ԼՂՀ ժողովրդի իրավունքները. ռմբակոծել է Լեռնային Ղարաբաղի քաղաքները, էթնիկական զտումներ իրականացրել: Միայն այդ մեթոդով կարելի է առաջ տանել ղարաբաղյան կարգավորումը, ինչը Հայաստանի ԱԳՆ-ն չի անում»,- նշեց ՀԱԿ համակարգողը:

Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի վճիռն աննախադեպ էր այն առումով, որ առաջին անգամ Միջազգային դատարանն անդրադարձել է երկու սկզբունքների` ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության հարաբերակցությանը և կայացրել է ճիշտ այն որոշումը, որը բխում է ՄԱԿ-ի Կանոնադրությունից: Այդ մասին հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Ժողովուրդների ինքնորոշումը ՄԱԿ-ի նպատակներից մեկն է, իսկ տարածքային ամբողջականությունը` ընդամենը սկզբունք` ուղղված նաև այդ նպատակին հասնելուն: Առաջնային է հենց ժողովուրդների ինքնորոշումը, և հենց սրա մասին է Հաագայի դատարանի որոշումը»,- պարզաբանեց Շավարշ Քոչարյանը:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---