Հայաստանը տոնում է իր դիվանագիտական հաղթանակը

Սեպտեմբերի 4-10 տեղի ունեցած ներքին քաղաքական իրադարձությունների ամփոփում

Ղարաբաղի թեման, հավանաբար, դեռ երկար կշարունակի մնալ Հայաստանի ներքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկը, քանի որ արդեն երկրորդ շաբաթն է, ինչ երկրի քաղաքական կյանքում չեն դադարում այդ հարցի շուրջ քննարկումները: Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հաճախակիացած Ադրբեջանի կողմից կազմակերպվող սադրանքներին, մասնավորապես այս գիշեր տեղի ունեցած դիվերսիոն գործողության փորձին, հայտարարեց, որ արդեն ավանդույթ են դարձել շփման գծում Ադրբեջանի ղեկավարության կազմակերպած սադրանքները, որոնց նպատակն է ձախողել հրադադարի ռեժիմը ամրապնդելուն, դիպուկահարներին շփման գծից հետ քաշելուն, բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելուն ուղղված միջնորդների ջանքերը:

PanARMENIAN.Net - Այն, ինչ-որ այսօր առավոտյան տեղի ունեցավ, օգոստոսի 31-ին տված իր զոհերի համար վրիժառության ադրբեջանական կողմի անհաջող փորձն էր: Այս մասին PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է «Կովկաս» ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով առավոտյան Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գոտում տեղի ունեցած միջադեպը: Սակայն այդ միջադեպը հայկական կողմի համար հարմար առիթ դարձավ հունիսի 18-ին ադրբեջանական դիվերսիային զոհ դարձած մեր զինծառայողների վրեժը լուծելու համար: Նա նշել է նաև, որ երբ Ադրբեջանի ղեկավարությունը համարի է, թե արդեն շատ զոհ է տվել, միգուցե դիվերսիոն հարձակումները ժամանակավորապես դադարեցվեն: Սեպտեմբերի 7-ին Հայաստանի խորհրդարանում լրագրողներին է հայտնել ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից դիվերսիաները կարելի է ջղաձգություններ անվանել, և նման գործողություններով ադրբեջանական կողմին չի հաջողվի լուծել իր բոլոր խնդիրները, քանի որ հայ զինծառայողները զգոն են և դիվերսանտներին համապատասխան հակահարված են տալիս:

Այս շաբաթ բուռն քննարկվում էր նաև Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի բանաձևի նախագիծը: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց. Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի բանաձևի առնչությամբ ՀՀԿ խմբակցության անդամը նշեց, որ դա ծիծաղաշարժ փաստաթուղթ է, քանի որ ադրբեջանական կողմը նման նախաձեռնությամբ հանդես եկավ միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կասեցրեց նրա ոտնձգությունները Ղարաբաղի հարցում: «Ադրբեջանական ղեկավարության այդ քայլը հիշեցնում է հուսահատ մարդու, որը ձեռքը փրփուրին է գցում: Ես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նման վարքագիծը գնահատում եմ, որպես «մեծ հիմարություն»,-ասել է Պետրոսյանը:

Իր հերթին Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի բանաձևի դեպքում ծիծաղն ընդհանրապես տեղին չէ: «Այս պահի դրությամբ խոսքը գնում է ՄԱԿ-ի ԳՎ բանաձևի մասին, որը կարևոր քաղաքական փաստաթուղթ է: Եվ ես ցանկանում եմ հռետորական հարց տալ` արդյոք Հայաստանի ղեկավարությունը հանդես է եկել մի նախաձեռնությամբ, որը մեծ արձագանք է ունեցել ՄԱԿ-ի անդամ երկրների շրջանում»,-ասել է նա:

ՄԱԿ-ի ԳՎ-ում ներկայացնելով Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը` Ադրբեջանը նպատակ ունի որքան հնարավոր է շատ բանաձևեր կորզել միջազգային ատյաններից, քանի որ դա նրա պայքարի մեթոդներից մեկն է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը: Ըստ Նիկոյանի, այդ ուղղությամբ ադրբեջանական կողմը հսկայական ռեսուրսներ է ծախսում: «Իր հերթին, հայկական կողմը հստակ պայքարում է Ադրբեջանի նման բանաձևերի ընդունման դեմ: Սակայն մեր գործը բարդանում է, երբ ադրբեջանական կողմն օգտագործում է ԻԿԿ երկրների ռեսուրները»,- ասել է Նիկոյանը: Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի ընդունումը ՄԱԿ-ի ԳՎ-ում առանձնապես չի ազդի ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վրա: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանը ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Ըստ նրա, դա ընդամենը թույլ կտա որոշակի դիվիդենտներ ստանալ ներքին օգտագործման համար: Իր հերթին Հարություն Առաքելյանն ասաց, որ Հայաստանը չի վախենում նման բանաձևերից` նշելով, որ բանաձևը հնարավորություն կտա հայտ ներկայացնել միջազգային դատարան և ապացուցել, որ 1988-94թթ. Ադրբեջանը ցեղասպանություն է գործել:

«Այնպես է ստացվում, որ Ադրբեջանը բանաձև է ներկայացնում Ղարաբաղի վերաբերյալ, իսկ Հայաստանը սահմանափակվում է միայն հնարավոր հետևանքների քննարկմամբ»,-մամլո ասուլիսում հայտարարեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Սեպտեմբերի 9-ին բոլորի համար անսպասելի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանը իր կողմից ներկայացված թիվ A/64/L.57 բանաձեւի նախագիծը հանեց քննարկումից եւ քվեարկությունից` խնդրելով համապատասխան օրակարգի կետը տեղափոխել ԳԱ 65-րդ նստաշրջանի օրակարգ:

Իսկ Հայաստանի ղեկավարությունը շտապեց դա ներկայացնել որպես դիվանագիտական հաղթանակ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կառուցողական դիրքորոշման և հայ դիվանագիտության ճնշման շնորհիվ ադրբեջանական կողմը հանեց Ղարաբաղի վերաբերյալ իր փաստաթուղթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քվեարկությունից: Այդ մասին այսօր PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ Շարմազանովի, դեռ մինչ այդ փաստաթղթի քվեարկության դնելը ՄԱԿ-ի ԳՎ-ում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ հայկական կողմը անպայման պատասխան գործողություններ կձեռնարկի: «Հենց հայ դիվանագիտության պատասխան գործողությունների շնորհիվ ադրբեջանական կողմը ֆիասկո կրեց»,-նշել է նա:

Այն, որ Ադրբեջանը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի քննարկումից և քվեարկությունից հանել է Ղարաբաղի մասին բանաձևը, կարելի է դիտարկել տարածաշրջանային գործընթացների համատեքստում: Այդ մասին պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանի հետ մամլո ասուլիսում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր Հասարակական խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքերով, հայ-ռուսական համաձայնագրերով Ռուսաստանը հասկացնել տվեց, որ ցանկանում է, որպեսզի տարածաշրջանում ձևավորված իրողությունները պահպանվեն և չփոխվեն ռազմական ճանապարհով: Իր հերթին, Էդգար Հովհաննիսյանն ասաց, որ այն, որ Բաքուն հանել է բանաձևը քվեարկությունից, Հայաստանի արտաքին քաղաքականության հաղթանակն է:

Իսկ ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, թե իրականում ադրբեջանական կողմը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի օրակարգից չի հանել Ղարաբաղի մասին բանաձևը, այլ ուղղակի տեղափոխել է դրա քննարկումը ԳՎ 65-րդ նստաշրջան: Արզումանյանի խոսքերով, Ադրբեջանը ՄԱԿ ԳՎ օրակարգից հանել է այդ փաստաթուղթը, քանի որ հակամարտության գոտի փաստահավաք միջազգային խմբի ժամանման նրա պահանջն արդեն բավարարվել է: «Նման պահանջ Ադրբեջանն առաջադրել է Ղարաբաղի մասին իր բանաձևի նախագծում, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հաստատել են դա: Այսինքն, տվյալ պահին, Ադրբեջանը նպատակահարմար չի գտնում քվեարկության դնել բանաձևի նախագիծը»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախկին ղեկավարը:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Նահապետյանը կազմավորկան ընթացքում գտնվող ազգային խորհրդարանի պաշտպանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ օտար երկրի բանակը չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը: «Ես հասկանում եմ, որ Հայաստանի պես փոքր երկրները պետք է անդամակցեն որևէ ռազմաքաղաքական դաշինքի: Սակայն, տվյալ պահին, Հայաստանի իշխանությունները բանակը պահում են ոչ թե հակառակորդի հնարավոր ռազմական գործողոթյունները կասեցնելու, այլ երկրի ներսում իշխանությունը պահելու համար»,-ասել է Սեֆիլյանը: Նա հավելել է նաև, որ Հայաստանը միայնակ չի կարող լիովին ապահովել իր անվտանգությունը, եթե չունենա միջուկային զենք:

Անցած շաբաթ քննարկման թեմա էր նաև այն, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂՀ ժամանեցին Բաքվից՝ հատելով Ադրբեջանի ու ԼՂՀ ԶՈւ շփման գիծը: Ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Լեռնային Ղարաբաղ են ժամանել Բաքվից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն նախկինում ևս հատել է շփման գիծը, մասնավորապես, երբ նրա կազմում էր Վլադիմիր Կազիմիրովը: «Իսկ ՌԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանները Ղարաբաղից մեկնել են Բաքու: Այնպես որ, կրկնվեմ, ոչ մի արտառոց բան այստեղ չկա»,-նշել է քաղաքագետը:

Հայաստանն արժանի հակահարված չի տալիս միջնորդների հակահայկական հայտարարություններին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեի հայտարարությունը: Եթե միջնորդները Երւժևանից մեկնում են Ղարաբաղ և հակառակը, դա նշանակում է, որ գործընթացը եռակողմ է: Այն, որ միջնորդները մեկնում են Ստեփանակերտ, նշանակում է, որ Ղարաբաղը կայացած պետություն է,-ասել է Ալեքսանդր Մանասյանը:

Սեպտեմբերի 9-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրեցին նախորդ օրերին Բաքվում եւ Ստեփանակերտում` Ադրբեջանի եւ Արցախի իշխանությունների հետ ունեցած իրենց քննարկումների արդյունքները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությունը խաղաղ կարգավորման բանակցություններին անհրաժեշտություն է եւ զգալիորեն կնպաստի հիմնախնդրի կարգավորմանը:

Նույն օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Նրանք տարածաշրջանային այցի շրջանակներում մինչ այս հանդիպումներ են ունեցել Ադրբեջանում և ԼՂՀ-ում: Համանախագահները Երևան են ժամանել Ստեփանակերտից: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նախագահՍարգսյանին ներկայացրել են Բաքվումև Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները: Զրուցակիցները վերահաստատել են հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշումը և նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում հաճախակի դարձած սադրանքներն ու հրադադարի խախտման դեպքերը բացասաբար են անդրադառնում բանակցային գործընթացի վրա, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Արշալույս Մղդեսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---