2009 թ. թրաֆիկինգի զոհ է դարձել 60 մարդ

PanARMENIAN.Net - «2009 թ. Հայաստանում երկու դատական գործ է հարուցվել երկրի ներսում մանկական թրաֆիկինգի գործով: Դրանցից մեկը վերաբերում էր անչափահաս աղջկա սեռական շահագործմանը, իսկ երկրորդը`մուրացկանության պարտադրելուն», - մայիսի 6-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Թրաֆիկինգի դեմ պայքարի աջակցության կենտրոնի ԵԱՀԿ երևանյան գրասենյակի իրավաբան Դավիթ Թումասյանը: Նա ընդգծել է, որ հանցագործության մեջ մեղադրվողները դատապարտվել են 7 և 7.5 տարի ազատազրկման: Իսկ անցյալ տարի թրաֆիկինգի զոհ է դարձել 60 մարդ:

«ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մասնակցում է թրաֆիկինգին վերաբերող բոլոր կլոր սեղաններին և քննարկումներին: ԵԱՀԿ թրաֆիկինգի դեմ պայքարի հանձնաժողովում մեր ներկայացուցիչն ունենք», - ընդգծել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ազգային ծրագրերի և ժողովրդավարացման ծրագրերի գծով պատասխանատու Օվսաննա Բաբայանը: Նա նաև նշել է, որ թրաֆիկինգի դեմ պայքարի գործում միջազգային կառույցների գործողություններն ավելի արդյունավետ են, և շատ պետություններ համագործակցում են նրանց հետ:

Դավիթ Թումասյանը նշել է, որ թրաֆիկինգի համար առավել խոցելի շերտերը, հիմնականում, անապահով ընտանիքների կանայք և երեխաներն են, միայնակ մայրերն ու որբ երեխաները:

Հաճախ թրաֆիկինգի են ենթարկվում նաև հատուկ դպրոցների աշակերտները: Սակայն վերջին տարիներին Հայաստանն արդեն պատրաստ է թրաֆիկինգի դեմ պայքար մղելու, ասել է Թումասյանը:

Թրաֆիկինգի դեմ ամենահուսալի պաշտպանությունը տեղեկացվածությունն է և պատրաստվածությունը: Այդ պատճառով, որևէ երկիր աշխատելու համար մեկնելուց առաջ պետք է լինել շատ ուշադիր, քանի որ բանվորական շահագործման մակարդակը տարեց տարի ողջ աշխարհում ավելի ու ավելի աճում է, գտնում են փորձագետները:

Թրաֆիկինգի դեմ պայքարում Հայաստանը համագործակցում է ԱՊՀ բոլոր երկրների հետ, իսկ 2009 թ. համագործակցության հուշագիր է ստորագրել ԱՄԷ-ի հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---