Երևանում տեղի է ունեցել կոնֆերանս` նվիրված երկրում օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Երևանում տեղի է ունեցել կոնֆերանս` նվիրված երկրում օտարալեզու դպրոցների վերաբացմանը

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին Երևանում տեղի ունեցավ կոնֆերանս` նվիրրված երկրում օտարալեզու դպրոցների բացմանը: Զեկույցներով հանդես եկան հայ մտավորականության ներկայացուցիչներ, պատգամավորներ ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: «Մենք պետք է ձգտենք բարելավել մեր դպրոցները, ոչ թե ստեղծենք նոր օտարալեզու դպրոցներ, յուրաքանչյուր նոր սերունդ զիջում է նախորդին կրթության մակարդակով»,-նշել է արվեստագիտության դոկտոր, ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Լևոն Չուգասզյանը:

«Մենք դեմ չենք լեզուների ուսումնասիրությանը, մենք ինքներս ենք տիրապետում մի քանի լեզվի, սակայն չի կարելի հայրենի երկրի պատմությունն ու մշակությը երկրորդ պլան մղել: Ինձ չի վախեցնում, որ օտարալեզու դպրոցները կկազմեն բոլոր դպրոցների 1-2 տոկոսը: Ինձ վախեցնում է այն, որ դրանք կդառնան էլիտար և իրենց ետևից կտանեն մյուս դպրոցները, ինչը կհանգեցնի հայոց լեզվի, պատմության ու մշակությի մոռացության: Մենք կոչ ենք անում կառավարությանը ստեղծել օտար լեզուների թեքումով դպրոցներ, բայց ոչ օտարալեզու»,-ասել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

Առաջարկներ հնչեցին կրթության ոլորտում պետական կառույցների գործունեությունը վերահսկող հասարակական կառույց ստեղծելու մասին, օրինակելի դպրոցներ ստեղծել տաղանդավոր երեխաների համար, հագեցնել հայկական դպրոցները արդիական տեխնիկայով, ինչը պետք է արվեր դեռ մի քանի տարի առաջ:

Կոնֆերանսը կազմակերպել էին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության հեղինակները:

Վերջում կոնֆերանսի մասնակիցները ուղերձ են ստորագրել, որտեղ պահանջվում է հետ վերցնել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը, քանի որ օտարալեզու դպրոցների բացումը «մեծ հարված կլինի Հայաստանի անկախությանն ու հայոց ինքնությանը»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---