Լոռու մարզում տեղի կունենա Ախթալայի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Լոռու մարզում տեղի կունենա Ախթալայի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը և այդ առիթով կկազմակերպվի ժողովրդական մեծ տոնախմբություն:

Տոնախմբության կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմը, Լոռու մարզպետարանը և Ախթալայի քաղաքապետարանը, «Վիվասել ՄՏՍ»-ը, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր ՀԿ-ն, «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ն, «Բարեպաշտ սերունդ» և «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ-ն:

Ախթալայի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությանը կհաջորդի սբ Պատարագը, այնուհետև տեղի կունենա «Թագավորներ, թագուհիներ և իշխաններ» բազմալեզու վահանակների բացման շնորհանդեսը: Ախթալայի վանքում տեղադրված վահանակները ներկայացնում են այն ամրոցները, պալատները և վանքերը, որոնք կառուցել են ժամանակի ամենահայտնի ընտանիքներից մեկը` Զաքարյանները:

Շնորհանդեսին կհաջորդի «Ամուսնական մատանիների հուշարձան»-ի բացման արարողությունը:

Տոնական համերգից հետո կմեկնարկի ավանդական «Խորովածի փառատոնը» և կսկսվի ժողովրդական տոնախմբություն, որին կուղեկցեն հայկական երգն ու պարը, ժողովրդական խաղերը:

Տոնախմբությունը կեզրափակվի «Խորովածի փառատոնի» արդյունքների ամփոփման և մրցանակների հանձնման արարողությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---