Հունիսի 1-ին գործարկվեց Գյումուշի վերականգնված պոմպակայանը

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին տեղի ունեցավ Գյումուշի պոմպակայանի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Կ.Արեյանը, «Երևան Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ.Գրիգորյանը, քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Տ.Հարությունյանը, «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» ԾԻԳ-ի տնօրեն Գ.Ալեքսանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մ.Կոշեցյանը, պաշտոնատար այլ անձինք:

Պոմպակայանը, որը գտնվում է Կոտայքի մարզի Կարենիս համայնքի հարևանությամբ, վերակառուցվել է Համաշխարհային Բանկի հատկացրած 116 մլն դրամ գումարով ու «Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի» շրջանակներում իրականացված բազմաթիվ ծրագրերի շարքում իր ուրույն տեղն ունի ջրամատակարարման համակարգի բարելավման գործում:

Շինարարական աշխատանքներ, որոնք մեկնարկել էին 2010թ. սեպտեմբերին, իրականացվել են միջազգային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Պառեքսգազ» և «Էմօշին» ընկերությունների կողմից և ներառել պոմպակայանի, կապտաժների, ենթակայանի ամբողջական վերակառուցում, ժամանակակից պոմպերի և այլ սարքավորումների տեղադրում, ինչպես նաև տարածքի ընդհանուր բարեկարգում:

Հարկ է հատկապես ընդգծել տեղադրված պոմպերի որակն ու արդյունավետությունը: Grundfos-ը թիվ 1 ապրանքանիշն է այս բնագավառում և համաշխարհային շուկայում առանձնացել է իր պոմպերի բարձր հուսալիությամբ և արդյունավետությամբ, ինչպես նաև էներգիայի խնայողությամբ, ինչը կարևոր է թե' տնտեսական, թե' բնապահպանական առումներով:

Իսկ ինչ վերաբերում է խմելու ջրի որակին, ապա այս պոմպակայանի միջոցով ընկերության հաճախորդները, մասնավորապես Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ և մասնակիորեն Էրեբունի վարչական շրջաններում, «Արարատյան» պոմպակայանի խորքային աղբյուրների ջրերի փոխարեն կօգտվեն լեռնային սառնորակ ջրից: «Երևան Ջուր» ընկերությունը, հավատարիմ մնալով իր պայմանագրային պարտավորություններին և VEOLIA Ջուր ընկերության սկզբունքներին, շարունակում է իրականացնել իր ծրագրերը` ուղղված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի զարգացմանն ու սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

Այսօր արդեն «Գյումուշի պոմպակայանն» իր մասնաբաժինն ունի խմելու ջրի արտադրման և մատակարարման կարևոր գործում` Երևանի ջրամատակարարման համակարգ մղելով 300լ/վ ջուր: Այս պոմպակայանի գործարկման արդյունքում նույն չափով նվազեցվել է Մասիս քաղաքի «Արարատյան» պոմպակայանում արտադրվող ջրի ծավալները: Ընդ որում, 1խմ ջուր մղելու համար այստեղ ծախսվում է 0.76 կՎտ էլեկտրաէներգիա «Գյումուշի» պոմպակայանի ընդամենը 0.28 կՎտ-ի դիմաց, այսինքն մոտ 2,7 անգամ ավելի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---