11  Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը

Քաղաքապետի հրաժարականի արձագանքները. «Գնա մեռի, արի սիրեմ»

Քաղաքապետի հրաժարականի արձագանքները. «Գնա մեռի, արի սիրեմ»

PanARMENIAN.Net - Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, սակայն այդ մասին լուրերը դեռ երեկ էին տարածվել։ Քաղաքապետի Facebook-ի էջում սկսվեց «իրենց չլքելու, չհեռանալու, անտեր չթողնելու» մասին հայտարարությունների, կոչերի ու խնդրանքների հեղեղ։ Քաղաքապետին նույնիսկ ինքնասպանությամբ են սպառնում. «Եթե դուք գնաք, ես ինքնասպան կլինեմ~»... Կարեն Կարապետյանի հրաժարականը որոշ մարդիկ անգամ հասցրել են որակել որպես «բոլորիս ու անգամ պետության պարտություն»։ Նրանք գրում են, թե «Կարենը մեր քաղաքի Աստվածն էր, մեր սրբությունը, եթե ինքը չկա, մեր բոլորի գոյությունն էլ ա իմաստազրկվում», իսկ քաղաքը համեմատում են որբացած մանուկի հետ։

Այնինչ դեռ մեկ տարի առաջ Կարեն Կարապետյանի քաղաքապետի պաշտոնում նշանակվելու մասին լուրը հսկայական աղմուկ էր բարձրարել։ Շատերը նրա փոխարեն քաղաքապետի պաշտոնում տեսնում էին փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Նշանակումից հետո, դեռ մի աղմուկը չմարած, սկսեցին մյուսները բարձրանալ։ Քաղաքապետի Facebook-յան էջում, քաղաքապետարանի ու կառավարության շենքերի դիմաց միանգամայն այլ կոչեր էին հնչում՝ կրպակատերերին հացից մի զրկեք, բացօթյա առևտրով զբաղվողներին մի կանգնեցրեք գաղթի ճանապարին, փողոցային շներն ավելիին են արժանի... Բողոքի հսկայական ալիք բարձրացրեց և ոչ մի երևանցու անտարբեր չթողեց նաև շենքերի «գունավորումը»։ Քաղաքապետին մեղադրում էին անճաշակության ու քաղաքի տեսքը վերջնականապես փչացնելու մեջ։ Նշվում էր, որ սոցիալական լարվածությունը քաղաքապետի նորարարությունների ու որոշումների շնորհիվ հասել է գագաթնակետին։

Ընդամենը մի քանի օր առաջ նաև մեկ այլ աղմուկ բարձրացավ Կարեն Կարապետյանի անվան շուրջը՝ ինչո՞ւ են հանվում Մաշտոցի պողոտայի գովազդային վահանակները։ Այս հարցն այնքան լուրջ էր, որ շատերը նշում էին՝ հրաժարականը հենց այս որոշման հետևաքով է «պարտադրվել»։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ պատճառը քաղաքական տարաձայնություններն են։ 3-րդ վարկածը «Գազպրոմ»-ում աշխատանքի անցնելն է։ Ինքը Կարապետյանը նշեց, որ հրաժարականը որևէ քաղաքական կամ ներիշխանական տարաձայնությունների ենթատեքստ չունի, այլ պայմանավորված է այլ աշխատանքի տեղափոխվելու, ինչպես նաև անձնական բնույթի պատճառներով։

«Գնա մեռի, արի սիրեմ» ասում է ժողովուրդը։ Կարեն Կարապետյանը, քավ լիցի, դեռ չի մահացել։ Սակայն նրա հրաժարականի բարձրացրած այս «ողբը», մեղմ ասած, տարօրինակ է։ Սրա ֆոնին այլ քննարկում է սկսվել. ո՞վ կլինի հաջորդ քաղաքապետը։ Ակնհայտ թեկնածուները երկուսն են՝ Տարոն Մարգարյան և Գագիկ Բեգլարյան։

Առավել հեռատես երևանցիները, որոնք առաջնորդվում են «մինչև չգա ետինը, չի հիշվի առաջինը» սկզբունքով, մտահոգվում են ոչ թե նախորդի, այլ հաջորդի համար. «Աստված բեթարից ազատի։ Դուք լավ քաղաքապետ չէիք, բայց համոզված եմ, որ Ձեզնից հետո մյուս քաղաքապետն ավելի վատն է լինելու։ Տառապանքս փորձ ունի։ Փորձը դա է ցույց տալիս»,- գրում են Facebook-ի այլ օգտատերեր։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---