Բարաք Օբամայի գլխավոր արժանիքն այն է, որ նա նախագահ Բուշը չէ

ԱՄՆ նախագահի պաշտոնակալման արարողությանը չի մասնակցի պաշտպանության նախարարն, որն այդ ժամանակ գաղտնի օբյեկտում կլինի: Եթե արարողության ժամանակ ինչ-որ բան պատահի նախագահի եւ փոխնախագահի հետ, ապա հենց նա պետք է փոխարինի նախագահին

Հունվարի 20-ին ԱՄՆ 44-րդ նախագահի երդմնակալության արարողությունը ետին պլան մղեց եւ «Ձուլածո արճիճ» օպերացիան, եւ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ բորբոքված «գազային կրքերը»: Իրո՞ք Բարաք Օբաման այն մարդն է, որ հակրավոր է այսօր ԱՄՆ-ին թե նա հիանալի PR-արշավի պտուղ է: Որքանո՞վ նա ունակ կլինի որոշումներ կայացնել, որոնցից կախված է ոչ միայն ԱՄՆ-ի, այլ, ցավոք, մնացած ողջ աշխարհի ապագան:

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում արդեն ամեն ինչ պատրաստ է ԱՄՆ 44-րդ նախագահի երդմնակալության հանդիսավոր արարուղությանը: Ավելի քան 200-ամյա իր պատմության ընթացքում երկիրն առաջին անգամ կգլխավորի աֆրոամերիկացի: Ամերիկյան մայրաքաղաքում ռեկորդ է սահմանվել ողջ երկրից եւ արտերկրից ժամանածների քանակով: Որոշ տվյալներով, նրանց թիվը կարող է գերազանցել 2 միլիոնը: Մինչ այժմ ամենամեծ հետաքրքրությունն առաջացրել էր Լինդոն Ջոնսոնի երդմնակալության արարողությունը 1965 թվականին` հավաքելով շուրջ 1,2 մլն մարդ: Իսկ այ Ջորջ Բուշի երկու պաշտոնակալման արարողություններին մասնակցել է շուրջ 300 հազար հանդիսատես:

Վաշինգտոնի փողոցներում պաշտոնական միջոցառումներին կհետեւն 4 հազար ոստիկաններ: Նրանց կօգնեն երկրի այլ քաղաքների իր գործընկերների հավաքական ջոկատները, ինչպես նաեւ 11,5 հազար ազգային գվարդիականներ: Իսկ ողջ աշխարհում որքան մարդ կդիտի, թե ինչպես է երդվում ԱՄՆ նախագահն հեռուստատեսությամբ , անհնար է կանխատեսել: Սակայն մեկ բան հաստատ է` նրանց թիվն ավելի մեծ կլինի, քան սպորտի երկրպագուներինը:

Սակայն այս ամբողջ էյֆորիայի մեջ որոշ լարվածություն կա: Ամերիկան միշտ զարմացրել է աշխարհին, եւ որպես հնարավոր սցենար Վաշինգտոնում չեն բացառում, որ նախագահի դեմ կարող է մահափորձ իրականացվել հենց երդմնակալության պահին: Այստեղ նույնիսկ «Ալ-Քաեդայի» կարիքը չի զգացվի, Ամերիկայում սեփական ռասիստներն էլ քիչ չեն: Եվ գլխավոր հարցը` կկարողանա արդյո՞ք ԱՄՆ-ն հրաժեշտ տալ ռասիզմին եւ ընդունել սեւամորթ նախագահի, որն այնուամենայնիվ կիսով չափ սպիտակ է: Ըստ ԱՄՆ Սահմանադրության ԱՄՆ նախագահի պաշտոնակալման արարողությանը չի մասնակցի պաշտպանության նախարարն, որն այդ ժամանակ գաղտնի օբյեկտում կլինի: Եթե արարողության ժամանակ ինչ-որ բան պատահի նախագահի եւ փոխնախագահի հետ, ապա հենց նա պետք է փոխարինի նախագահին:

Ողջ աշխարհի աչքերում Ամերիկան հենց այժմ դարձավ այնպիսին, ինչպիսին նրան ցանկանում էին տեսնել հիմնադիրները` ժողովրդավարական եւ ազատ երկիր: Զարմանալի չէ, որ ամբողջ աշխարհում Օբամային նույնիսկ ավելի շատ են սիրում, քան հայրենիքում: Ինչպես գրում է Financial Times-ը, մարդիկ մյուս երկրներում գիտեն, որ Օբաման համակրելի է, ճարտասան, որ սեւամորթ է, որ դեմ է իրաքյան պատերազմին, եւ որ նա երկխոսության կողմնակից է: Սակայն ամենակարեւորն այն է, որ նա նախագահ Բուշը չէ: Հենց սա է առանցքային նշանակությունը:

Իրոք, ի տարբերություն Ջորջ Բուշի, Օբաման լավ է խոսում, նրա վարչակազմն կարծես թե պրոֆեսիոնալներից է ընտրված: Սակայն սա ընդամենն առաջին տպավորությունն է: Թե ինչպես են Բարաք Օբաման ու նոր պետքարտուղար Հիլարի Քլինթոնը գլուխ հանելու Բուշի թողած ժառանգությունից, դեռեւս պարզ չէ: Առավել եւս, որ ժառանգությունը բավականին ծանր է: Կա եւս մեկ վտանգ. Ջո Բայդենը կարող է «ընդհանուր լեզու չգտնել» Հիլարի Քլինթոնի հետ, ինչի մասին արդեն խոսում են Վաշինգտոնում: Բայց այս ամենը դեռեւս առջեւում է: Այսօր ԱՄՆ 44-րդ նախագահը կարտասանի.«Ես, Բարաք Հուսեյն Օբաման հանդիսավոր երդում եմ տալիս, որ բարեխղճորեն կկատարեմ իմ պարտականությունները Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում եւ իմ ուժերի ներածին չափով կսատարեմ, կկատարեմ եւ կպաշտպանեմ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը»:

Ավելորդ չի լինի հիշեցնել նաեւ Օբամայի Washington Post-ին տված վերջին հարցազրույցը. «Մի մաբողջ սերունդ կմեծանա, որը կիմանա, որ աշխարհի ամենակարեւոր պաշտոնը զբաղեցնում է աֆրոամերիկացի, եւ դա կհանգեցնի նրան, որ սեւամորթ երեխաներն այլ կերպ կնայեն իրնեց, ինչպես նաեւ սպիտակամորթ երեխաներն այլ կերպ կնայեն սեւամորթ երեխաների վրա: Մենք չպետք է թերագնահատենք այս փաստի նշանակությունը»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հայ համայնքի հույսերին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, ապա դա էլ կախված է այն դերից, որին կհավակնի ԱՄՆ-ն Օբամայի օրոք: Եթե դա լինելու է նույն Ջորջ Բուշի քաղաքականությունը, որին ազատություն չտվեցին Թուրքիայի հետ հարաբերություներում, այն դեպքում ամեն ինչ նույնը կմնա: Սակայն Թուրքիայի վերջին քայլերը Իսրայելի հանդեպ Գազայում օպերացիայի ժամանակ, ինչպես նաեւ առաջիկա տեղական ընտրությունները, որտեղ ակնհայտորեն հաղթանակ կտանեն իսլամիստները, կարող են հանգեցնել ԱՄՆ արտաքին քաղաքականության վերանայմանը: Ճիշտ է, վերանայում այսպես թե այնպես կլինի` հազիվ թե Օբամայի օրորք ամբողջ ուժով աշխատեն հեռացող վարչակազմի շտապ ստորագրած խարտիաները Վրաստանի ու Իսրայելի հետ:

Եվ վերջինը: ԱՄՆ նախագահների պաշտոնակալման ելույթը միշտ հիշվում է մեկ առանցքային նախադասությամբ: Ամենահայտնին ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդու հետեւյալ արտահայտությունն է. «Մի հարցրեք, թե ինչ կարող է երկիրն անել ձեզ համար, հարցրեք, թե դուք ինչ կարող եք անել ձեր երկրի համար»: Հավանաբար, Բարաք Օբաման եւս նման մի բան կասի, իսկ գուցե ուղղակի սահմանափակվի իր նախընտրական կարգախոսով` «Այո, մենք կարող ենք»:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---