Ադրբեջանի վարկածով, բոլոր համաշխարհային իրադարձություններում զգացվում է «հայերի ձեռքը»

Բաքվում արդեն դադարել են տարբերություն դնել Հայաստանի հասցեին քննադատության եւ շուկայական անեծքի միջեւ

Ինչ էլ ասեն Ադրբեջանում այն մասին, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը «գրեթե չի անդրադառնա հանրապետության վրա», այնուամենայնիվ այդ հայտարարությունները, ինչպես, ի դեպ, եւ Բաքվի քարոզչամեքենայի մնացած «բացահայտումները», չեն համապատասխանում իրականությանը: Նավթի գինը առաջիկայում հազիվ թե բարձրանա, գազինը եւս, իսկ դա նշանակում է, որ Ալիեւների կլանը չի ստանա հերթական միլիարդավոր մանաթները: Ի դեպ, Բաքվում հաշվում են բացառապես մանաթով, որովհետեւ այդպես ավելի ազդեցիկ է:

PanARMENIAN.Net - Ռուս-թուրքական եւ հայ-թուրքական հարաբերությունների որոշ փոփոխությունների ընդհանուր ֆոնի վրա, Ադրբեջանի նախագահը որոշեց այլընտրանք գտնել` Հունաստանով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի առաքման համար: Գաղտնիք չէ, որ հենց դա է Իլհամ Ալիեւի այցի նպատակը Աթենք: «Ադրբեջանը բոլոր ջանքերն է գործադրում, ամրապնդելու համար Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը եւ հույս ունի գազ արտահանել Եվրոպա Հունաստանի տարածքով»,-երկուշաբթի Աթենքում հայտարարել է Ալիեւը: Կարելի է ասել, որ այդ հայտարարությամբ ազդանշան հղվեց Անկարային. որպես տարանցիկ երկիր Թուրքիային կարելի է այլընտրանք գտնել: Նշենք, որ հայտարարությունը հնչեց ադրբեջանական մամուլում հակաթուրքական ահագնացող արշավի ֆոնի վրա: Ճիշտ է, քանի դեռ այդ քարոզարշավը այնքան էլ հակաթուրքական չէ, սակայն եթե անկարելին իրականանա եւ հայ-թուրքական սահմանը բացվի, ապա «եղբայրական երկիրը» փնովելու համար առիթներ Բաքվում միշտ էլ կգտնեվն: Ադրբեջանում մոտավորապես այսպես են մտածում` եթե Էրդողանը կարող է կտրուկ հայտարարություններ անել Իսրայելի հասցեին, ապա Բաքուն նույնը կարող է անել նաեւ Անկարայի հարցում:

Սակայն ամեն ինչ այնքան էլ դյուրին չէ: Իլհամ Ալիեւը հիանալի գիտի խաղի կանոնները եւ շեշտը դնում է «եվրոպական էներգետիկ անվտանգության» վրա, որը սպառնալիքի տակ է Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ «գազային պատերազմի» պատճառով: Ոչ մի երաշխիք չկա, որ այդ պատերազմը չի կրկնվի, ուստի գազ առաքող երկրներն այժմ ամեն կերպ ջանում են գրավել Եվրոպայի ուշադրությունը: Ոմանց դա կհաջողվի, ոմանց` ոչ: Սակայն եւ Ադրբեջանը, եւ Թուրքմենստանը հաշվի չեն առնում այդ դաշտի երկու գլխավոր խաղացողներին` Իրանին ու Ռուսաստանին;

Եթե ամերիկա-իրանական հարաբերություններն իրոք բարելավվեն, իսկ գործը դրան է գնում, Իրանը կկարողանա իր համար շահավետ պայմաններով գազ տեղափոխել Եվրոպա եւ ակնհայտորեն վերջինիս համար ընդունելի գնով: Նույնը վերաբերում է նաեւ Ռուսաստանին: Ինչ էլ ասեն «Գազպրոմի» մասին, նրա փողերը չեն բավականացնի ադրբեջանական գազը գնելու եւ այնուհետեւ առաքելու համար:

Նույնը վերաբերում է նաեւ Nabucco նախագծին: Կիրականացվի այն թե ոչ, դեռեւս պարզ չէ, սակայն հստակ կարելի է ասել, որ առանց Իրանի ու Թուրքիայի այն չի գործի, իսկ ահա առանց Ադրբեջանի` շատ հավանական է: Գործարարության զարգացման հայ-թուրքական խորհրդի համանախագահ Քաան Սոյակի վերջին հայտարարությունն այն մասին, որ Nabucco-ն պետք է անցնի Հայաստանով, զայրույթի մեծ ալիք բարձրացրեց Բաքվում: Իսկ չէ որ եթե նայենք քարտեզին, դա իրոք այդպես է, եթե Nabuccon չդառնա հերթական Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը:

Կարելի է ենթադրել, որ բոլոր այդ արտերկրյա շրջագայությունները եւ Իլհամ Ալիեւի հայտարարությունները կապված են մարտին կայանալիք հանրաքվեի հետ, որի ելքին ոչ ոք չի կասկածում: Փաստորեն այն ամենն, ինչ արվում եւ ասվում է Բաքվում, առնվազն պաշտոնական անձանց եւ «արտահայտվելու թույլտվություն ստացած» անձանց կողմից, ուղղված են հենց դրան: Ուստի ոչ ոքի արդեն չեն զարմացնում Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղարի ոչ կոռեկտ մեկնաբանությունները այլ, թեկուզ թշնամական երկրի նախագահի հասցեին: Չի զարմացնում նաեւ վերնագիրը` «Ադրբեջանի հերթական լկտի մեղադրանքը Նալբանդյանի կողմից»...Պատերազմում բոլոր միջոցներն են լավ, սակայն Բաքվում արդեն դադարել են տարբերություն դնել Հայաստանի հասցեին քննադատության եւ շուկայական անեծքի միջեւ: Ճիշտ է նաեւ այն, որ մյուս կողմին անհարիր է Բաքվին ուսուցանել վարվեցողության կանոններ, որոնք քոչվորների սերունդները չեն ընկալում:

Հետաքրքիրն այն է, որ այժմ ուղղակիորեն կամ անուղղակիորեն Ադրբեջանին առնչվող ցանկացած իրադարձության մեջ Բաքվում նյարդայնորեն սկսում են «հայկական հետք» որոնել: Այս ամենը հազիվ թե տեղավորվի Իլհամ Ալիեւի ստորագրած հռչակագրի եւ պարտավորությունների մեջ, որ Ադրբեջանը ստորագրել է Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս: Ինչպես միշտ, ետ չմնաց նաեւ Վաֆա Գուլուզադեն, որի «կանխատեսումները» կարող են վերջնականապես փակուղի տանել Ադրբեջանին, որից անհնար կլինի դուրս գալը: Թեեւ փակուղին մնում է փակուղի:

«Ադրբեջանն ուղղակի այլ ելք չունի, քան սերտ կապեր պահպանել Արեւմուտքի հետ: Դրանում է մեր անվտանգության երաշխիքը: Ռուսաստանը որոշակիացրել է իր ընտրությունը, նա Հայաստանի հետ է եւ մենք պետք է զորացնենք մեր արեւելյան ուղղությունը, հակակշիռ ստեղծելու համար ռուս-հայկական միությանը: Տեսնում եք, նրանք միավորում են իրենց ՀՕՊ-ը, տնտեսությունը, այսինքն նրանք մեզ այլ ելք չեն թողնում, քան դառնալ արեւմտայն աշխարհի մի մասը»-հայտարարել է Գուլուզադեն:

Ուղղակի հետաքրքիր է, թե ինչ է պատրաստում աշխարհի համար Բաքվի քարոզչական մեքենան «Հայաստանին ՌԴ կողմից 800 մլն դոլար սպառազինություն վաճառելու» մասին բլեֆից հետո: Հավանաբար, նոր «պատմությունը» կապված կլինի ԱՄՆ վարչակազմի հետ, որն ակնհայտորեն վերանայում է իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, հիշելով նախկին փոխնախագահ Դիկ Չեյնիի եւ ԵԱՀԿ ՄԽ առաջիկայում հավանաբար արդեն նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի «վատ» ժառանգության մասին: Ավելորդ չէ նշել, որ Ջորջ Բուշի կառավարման բոլոր 8 տարիների ընթացքում ԱՄՆ-ից ՄԽ համանախագահներ էին դառնում նավթային լոբբիի ներկայացուցիչները: Եթե Բարաք Օբաման ու Հիլարի Քլինթոնը իրոք ցանկանում են փոխել ողջ արտաքին քաղաքականությունը, ապա նրանք ստիպված կլինեն առավել անկախ համանախագահ նշանակել, որի նշանակման մեջ Բաքվում կրկին «հայկական լոբբիի» հետքը կտեսնեն:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---