Վրաստանը եւս չի ցանկանում, որ հայ-թուրքական սահմանը բացվի

Հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացմանն որոշ չափով մասնակից է նաեւ Վրաստանը` եթե չլիներ օգոստոսյան պատերազմը, չէր լինի Կովկասի կայունության պլտաֆորմը, Թուրքիայի ամրապնդումը տարածաշրջանային տերության դիրքերում եւ շատ այլ բաներ:

Հայ-թուրքական սահմանի բացման հակառակորդների թիվն ավելացել է: Այն, որ Բաքվում են անհանգստացած հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարով, հասկանալի է: Նրանց միացան նաեւ վրացիները, ինչը եւս կարելի է բացատրել: Չէ որ այդ դեպքում Վրաստանը զրկվում է, առաջին հերթին Երեւանի հանդեպ ճնշման լծակներից, իսկ երկրորդը` դրամական միջոցներից: Շատ մեծ միջոցներից, որոնք Վրաստանը ստանում է բեռների տարանցման համար, որոնք առաքվում են Հայաստան, կամ Հայաստանից:

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը կանդրադառնա Վրաստանի վրա, քանի որ մինչ օրս առեւտրային ճանապարհը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ անցնում էր հենց Վրաստանի տարածքով: Այդ մասին հայտարարել էր Վրաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Ջեմալ Ինաիշվիլին: «Երեւույթն ինքնին դրական է, երկու երկրները նորմալ հարաբերություններ են հաստատում, սակայն, ուղղակի առեւտրային հարաբերությունների վերականգնումն այդ երկու երկրների միջեւ որոշակի տնտեսական կորուստների պատճառ կդառնա մեր երկրի համար»,-ասել է Ինաիշվիլին: Նա նշել է, որ տեղի կունենա Հայաստանից դեպի Թուրքիա բեռնափոխադրումների հոսքի կրճատում, ինչպես նաեւ կկրճատվի Փոթի ու Բաթում նավահանգիստների ապրանքաշրջանառությունը: Վրաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահն իրավացի է` Հայաստանի համար շատ ավելի մատչելի կլինի բեռներն երկաթուղով ուղարկել Թուրքիայի տարածքով մինչեւ Սեւ ծովի նավահանգիստներ, օրինակ, մինչեւ Տրաբզոն: Մեծ փողերից կզրկվեն նաեւ վրացի սահմանապահները: Մի խոսքով, Վրաստանի համար հայ-թուրքական փակ սահմանը մեծ նշանակություն ունի: Չէ որ, եթե Ադրբեջանը կարող է ինչ-որ կերպ խաղալ «թրքական ժողովրդների եղբայրական զգացմունքների վրա», ապա Վրաստանն այդ «մխիթարությունից» զրկված է: Թեեւ, ինչ իմանաս, գուցե կարթնանա Թբիլիսիի համերաշխության զգացողությունը հարեւանների, օրինակ Բաքվի հետ, եւ նրանք կսկսեն հարցումներ անցկացնել բնակչության շրջանում այն մասին, թե ում է հարկավոր հայ-թուրքական սահմանի բացումը:

Ճիշտ է, Վրաստանում կան նաեւ սթափ քաղաքական գործիչներ: Հայ-թուրքական սահմանի բացումն, անկասկած, կանդրադառնա Վրաստանի տնտեսության վրա եւ որոշակի դժվարություններ կառաջացնի: Սակայն այդ դժվարությունները ժամանակավոր են: Սահմանի բացումը խաղաղություն եւ կայունություն կբերի ողջ Կովկասին եւ կկարողանա փոխհատուցել այն վնասը, որը կունենա Վրաստանը սահմանի բացման դեպքում: Այդ մասին հայտարարել է Զարգացման եւ համագործակցության կենտրոնի նախագծերի ղեկավար, վրաց փորձագետ Պաատա Զաքարեիշվիլին: «Ես շատ ուրախ կլինեմ, եթե հայ-թուրքական սահմանը բացվի: Դա լուրջ ավանդ կլինի Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման գործում եւ համապատասխանաբար կընդլայնի տարածաշրջանի երկրների միջեւ տնտեսական համագործակցության հնարավորությունները: Ելնելով դրանից, Վրաստանի համար եւս շահավետ կլինի սահմանի բացումը»,-ընդգծել է փորձագետը:

Վրաստանը ներկայումս բավականին ծանր վիճակում է` ընդդիմությունը որոշել է փորձել պաշտոնանկ անել Միխաիլ Սահակաշվիլուն, որը վերջնականապես կորցրեց վստահության եւ հարգանքի այն նշյուլներն, որոնք Արեւմուտքն ուներ իր հանդեպ: Եվ որքան էլ պնդի Վրաստանի ԱԳՆ-ն, որ կրկին «Արեւմուտքը մեզ կօգնի», նման բան վաղուց արդեն չկա:

Կարելի է ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացմանը որոշ չափով մասնակից է նաեւ Վրաստանը` եթե չլիներ օգոստոսյան պատերազմը, չէր հայտնվի Կովկասի կայունության պլատֆորմը, Թուրքիայի ամրապնդումը տարածաշրջանային տերության դիրքերում եւ շատ այլ բաներ: Սակայն, ինչպես հայտնի է, պատմությունը «եթեներ» չի հանդուրժում եւ Թբիլիսին սկսել է ստանալ սեփական արկածախնդրության ու անհեռատեսության պտուղները: Ի դեպ, Վրաստանից կախվածության նվազումը կստիպի Հայաստանին վերանայել սեփական արտաքին քաղաքականության որոշ դրույթներ, մասնավորապես, վերաբերմունքը հայկական եկեղեցիների հանդեպ Վրաց ուղղափառ եկեղեցու անվերջանալի ոտնձգությունների հանդեպ:

Ըստ Ժնեւի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, փորձագետ Վիգեն Չետերյանի, հայ-թուրքական սահմանի բացումը չափազանց կարեւոր է Հայաստանի համար, քանի որ այսօր մեծ կախվածություն կա Վրաստանից: «Սահմանի բացումից ամենից շատ կշահի տնտեսությունը: Բեռնափոխադրումները Թուրքիայի տարածքով ավելի արագ են եւ էժան, քան Վրաստանի տարածքով: Իսկ դա կարեւոր է, առավել եւս Վրաստանում ստեծղված քաղաքական իրավիճակում: Ավելին, ես համոզված եմ, որ ազգային անվտանգության համար ավելի լավ է մեր կողքին ունենալ չեզոք Թուրքիա, քան թշնամի-Թուրքիա: Այնպես, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ավելի շատ դրական կողմեր ունի, քան բացասական»,-ասել է Վիգեն Չետերյանը:

Ուղղակի հետաքրքիր է, թե ինչ կասի Սահակաշվիլին, երբ նրա սիրելի Արեւմուտքը հրամայի իրեն լռել ու չարտահայտել իր տեսակետն այս հարցում: Հավանաբար, նա կպարտավորեցնի իր պաշտոնյաներին գովաբանել Թուրքիան տարածաշրջանում վարած հեռատես ու խաղաղարար քաղաքականության համար:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---