Պայքար աբխազական պլացդարմի համար

Վերջին 15-20 տարվա բոլոր իրադարձություններն ապացուցում են համաշխարհային հանրությանը, որ Վրաստանի հանդեպ կարելի է կիրառել «չկայացած պետություն» տերմինը

Մինչեւ վերջերս Թուրքիան միակ երկիրն էր մնում տարածաշրջանում, որի հետ Վրաստանը քիչ թե շատ նորմալ հարաբերություններ ուներ` չհաշված Ադրբեջանը: Սակայն Վրաստանի ԱԳ նախարարի վերջին դեմարշը ցույց տվեց, որ հավանաբար պաշտոնական Թբիլիսին ուղղակի չի կարող հաշտ ապրել հարեւանների հետ: Մեկ Վրաստանին Հայաստանն է խանգարում, մեկ Իրանը, այժմ էլ` Թուրքիան: Չի բացառվում, որ վաղը այդ «վատ» հարեւանների թիվը կարող է համալրեր նաեւ Ադրբեջանը: Դեռեւս Սահակաշվիլին հավատարմության երդում է տալիս «եղբայր Իլհամին», սակայն թե որքան դա կտեւի ոչ ոք չգիտի: Հասկանալի է, որ Վրաստանի նախագահի բոլոր քայլերն ուղղված են Ռուսաստանի դեմ, սակայն ստացվում է, որ դեմ է նաեւ ցանկացած, այդ թվում ռուս-թուրքական դաշինքի:
PanARMENIAN.Net - Սակայն ամեն ինչ հերթականությամբ: Թբիլիսին խնդրում է Benetton-ի թուրքական ներկայացուցչությանը գործել Վրաստանի օրենքի շրջանակներում: Վրաստանը դեմ չէ որեւէ առեւտրային ֆիրմայի կամ ընկերության գործունեությանը «գրավյալ տարածքներում», եթե այն համապատասխանում է Վրաստանի օրենքին գրավյալ տարածքների մասին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: «Աշխատելով Վրաստանում, այդ թվում օկուպացված տարածքներում, Benetton-ը պետք է պաշտոնապես գրանցվեր, ունենար հարկային-նույնացման ծածկագիր, վճարեր հարկերը եւ գործեր Թբիլիսիի թույլտվությամբ: Եթե որեւէ ընկերություն չի ցանկանում դա անել կամ խախտումներով է անում, դրան կհաջորդեն իրավական ու տնտեսական հետեւանքները»,-զգուշացրել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը: Վրաստանում Թուրքիայի դեսպան Էրթան Թեզգորից եւս պաշտոնական բացատրություններ են պահանջվել` Աբխազիայի տարածքում Benetton ընկերության թուրքական ներկայացուցչության գործենության առնչությամբ:

Նույն օրը, Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ պատրաստ է խորհրդակցություններ սկսել ռուսական կողմի հետ «Վերին Լարս» անցակետի բացման վերաբերյալ: Մայիսի 25-ին Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատունը, որը ներկայացնում է ՌԴ-ի շահերը, փոխանցել էր անցակետ բացելու վերաբերյալ Մոսկվայի առաջարկը: Անցակետը փակվել էր երկու տարի առաջ առանց ռուսական կողմի նախազգուշացման` միակողմանի կարգով: «Հաշվի առնելով վրաց եւ ռուս ժողովրդների շահերը, մենք պատրաստ ենք բանակցություններ վարել այս հարցի շուրջ»,-ասել է Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Շոթա Գվիներիան:

Վրաստանի հարցում Թուրքիան ու Ռուսաստանը հեռուն գնացող ծրագրեր ունեն: Եթե Թուրքիայի համար առաջնային է տնտեսական էքսպանսիան, իսկ հետո արդեն քաղաքական ենթարկումը, ապա Ռուսաստանի համար ամենակարեւորը` քաղաքական ճնշումն է Թբիլիսիի այժմյան վարչակազմի վրա եւ իր ներկայության ապահովումն է Կովկասում: Իսկ Աբխազիան շատ հարմար է դրա համար: Սեւծովյան նավատորմի համար սա հնարավորություն է Սեվաստոպոլից հետո երկրորդ ռազմակայանն ունենալ ծովային տարածքը ավելի լավ վերահսկելու համար, ուր երբեմն մուտք են գործում նաեւ ամերիկյան նավերը: Թուրքիան եւս իր խնդիրներն ունի` այնտեղ շուրջ մեկ միլիոնանոց աբխազական համայնք է ապրում, որը խիստ բացասաբար է տրամադրված վրացիների հանդեպ, ուստի կսատարի Վրաստանի դեմ ուղղված թուրքական կառավարության ցանկացած գործողության:

Ավաղ, Թբիլիսին, Կովկասում իրական, ոչ թե խամաճիկային ուժերի նման դասավորության պայմաններում անկախ պետություն մնալու եւ «վրացական ձեւով ժողովրդավարություն» կառուցելու շատ քիչ շանսեր ունի: Սուխումը, իսկ մոտ ապագայում նաեւ Բաթումը, կարող են դառնալ Վրաստանի մի քանի ինքնավար տարածաշրջանների վերջնական տարանջատման սկիզբը, որոնք ուղղակի կմիանան ավելի կայուն ու զորեղ պետություններին: Իսկ Կովկասում հեռանկարում երկու երկիր է նշմարում, որոնք կարող են իրապես փոխել քաղաքական քարտեզը` Ռուսաստանը, եւ որքան էլ դա վատ լինի Հայաստանի համար, Թուրքիան: Թեեւ, Հայաստանի համար ամեն ինչ այնքան էլ վատ չի դասավորվում, եթե Վրաստանը մեր բարեկամությունն է որոնում: Միխաիլ Սահակաշվիլին այժմ ցանկացած դաշինքի է պատրաստ, միայն թե չկորցնի իշխանությունը եւ երկրի եւս մի հատված: Որովհետեւ հետխորհրդային շրջանի Վրաստանի յուրաքանչյուր նախագահ միայն տարածքներ է կորցնում, փոխարենը ստանալով ոչ մի բանի չպարտավորեցնող հայտարարություններ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից աջակցության մասին եւ ՆԱՏՕ-ի զորավարժություններ, որոնք մեծ հաշվով հարկավոր են միայն ՆԱՏՕ-ին` Ռուսաստանից իր անկախությունը ապացուցելու համար: Մի խոսքով, բոլորը գոհ են` Թուրքիան շահավետ տնտեսական գործընկեր է ստանում, Ռուսաստանը` Կովկասում երկարաժամկետ ներկայության հեռանկար, Աբխազիան` բոլոր կողմերի պաշտպանությունը: Ինչպես միշտ, պարտվում է Սահակաշվիլին, որն այդքան անհաջող տնօրինեց իր տարածքը, քանի որ վերջին 15-20 տարվա բոլոր իրադարձություններն ապացուցում են համաշխարհային հանրությանը, որ Վրաստանի հանդեպ կարելի է կիրառել «չկայացած պետություն» տերմինը:

Կարինե Տեր-Սահակյան
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---