Պայքարը քեմալականների ու իսլամիստների միջեւ Թուրքիայում կարող է ազդարարել պետության վերջը

«Էրգենեկոնի» գործով դատավարությունը, որին Ռեջեփ Էրդողանի կառավարությունը փորձում է «կցել» նաեւ բանակը, կարող է վերածվել մի գործընթացի, որտեղ չեն լինի հաղթողներ

Միասնական ազգային պետության ցանկացած գաղափար, նույնիսկ եթե այն հիմնված է եվրոպական արժեքների վրա, վաղ թե ուշ կհանգեցնի փլուզման ու կործանման: Գաղափարախոսությունը կարող է վատ ծառայություն մատուցել մի որոշ ժամանակ, որից հետո վերածվում է դոգմայի, որը խանգարում է երկրի զարգացմանը: Ընդ որում, կարեւոր չէ, թե դեպի որ կողմ է ընթանում այդ զարգացումը` դեպի առաջընթաց թե վերադարձ «նախնադարյան վիճակին»: Մոտավորապես դա կատարվեց ներկայիս Թուրքիայի հետ, որը 75 տարվա քեմալականությունից հետո սկսեց աստիճանաբար վերադառնալ իսլամին:

PanARMENIAN.Net - Ճիշտ է, պետք է նշել, որ այդ իսլամն ընդհանուր ոչ մի բան չունի ծայրահեղական շիաների հետ, սակայն նա դրանով էլ հենց վտանգավոր է: Թուրքերի կողմից Եվրոպայի դանդաղ, սակայն անշեղորեն բնակեցումը վկայում է այն մասին, որ վաղ թե ուշ քրիստոնյա աշխարհը ստիպված է լինելու հաշտվել այն բանի հետ, որ ոչ թե Թուրքիան է դարձել Եվրոպայի մասը, այլ հակառակը: Հավելենք դրան նաեւ ժողովրդագրական գործոնը եւ ամեն ինչ իր տեղը կընկնի: Սակայն ամեն ինչ այդքան վատ չէ` վերջին 2 տարիների ներքաղաքական իրադարձությունները վկայում են այն մասին, որ պայքարը քեմալականների ու իսլամիստների միջեւ դեռ չի ավարտվել եւ ոչ ոք չի կարող կանխորոշել, թե ինչով այն կավարտվի: «Էրգենեկոնի» գործով դատավարությունը, որի Ռեջեփ Էրդողանի կառավարությունը փորձում է «կցել» նաեւ բանակը, կարող է վերածվել մի գործընթացի, որտեղ չեն լինի հաղթողներ: Մյուս կողմից իշխող Արդարության ու զարգացման կուսակցությունը` ԱԶԿ-ն ձգտում է Եվրոպա, մյուս կողմից` ցանկանում է ստանալ 70-միլիոնանոց բնակչության աջակցությունը քրդական հարցի վերջնական լուծման համար, ինչպես դա արվեց հայկական հարցի դեպքում, ինչի մասին մենք բազմիցս գրել ենք: Սակայն կրկին, առանց բանակի դա անհնար է, իսկ դա նշանակում է, որ Էրդողանը չի կարողանա վերջնականապես հեռացնել Գլխավոր շտաբին երկրի ղեկավարումից, այսինքն փոխել Սահմանադրությունը: Գուցե նա արժանանա Մենդերեսի ճակատագրին` զինվորականները կատակել չեն սիրում...

Այդ ֆոնի վրա հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը թվում է դժվար եւ գրեթե անհասանելի մի գործ, անկախ նախարարների ու փորձագետների, ԶԼՄ-ների ու ՈԿԿ-ների հայտարարություններից: Հայկական հարցը արդեն մեկ անգամ չէ որ Օսմանյան կայսրության փլուզման անուղղակի պատճառն է եղել, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի եւ ոչ միշտ ֆարսի տեսքով: Անկարան հիանալի հասկանում էր, որ հայկական հարցից հետո նա պետք է լուծի Կիպրոսի հարցը, քրդական հարցը, Եվրոպայի առջեւ ստանձնած պարտավորությունները կատարի բարեփոխումների առումով, որոնք ուղղակի չեն հասնում արեւելայն գավառներին: Սակայն քիչ էր այս ամենը, Թուրքիան Ադրբեջանի դրդմամբ որոշեց ձեռնամուխ լինել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որը մեծ հաշվով իրեն հարկավոր չէ: «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» կարգախոսը դանդաղ գործող ականի դեր կատարեց, որը Հեյդար Ալիեւը դրել էր մեկ նպատակով` ապահովել որդու համար գեթ մեկ դաշնակից տարածաշրջանում: Սակայն դա եւս կարող է Բաքվի դեմ շրջվել` իրական դիվանագիտությունը շատ քիչ ընդհանրություն ունի տարածաշրջանի երկրների ԱԳ նախարարների հայտարարությունների հետ: Առավել եւս, որ վերջերս Թուրքիայի հանդեպ ճնշումը Հայաստանի հետ սահամնը բացելու հարցում ուժեղացել է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի կողմից: Ռուսաստանը դեռեւս կարծես չեզոք է մնում, սակայն եթե փակ սահմանը սկսի խանգարել Մոսկվայի կայսերական հավակնություններին, նա կարող է իրեն պահել ինչպես ԱՄՆ-ն ու Եվրոպան: Ադրբեջանն անմիջապես երես կթեքի Անկարայից եւ կանի այն, ինչ թելադրի նրան «Գազպրոմը»: Վերաիմաստավորելով հայտնի արտահայտությունը, կարելի է ասել` այն, ինչ լավ է «Գազպրոմի» համար, լավ է նաեւ ՌԴ-ի համար:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այս հարցում, եթե դատենք թուրքական ԶԼՄ-ների հրապարակումներից, առաջընթաց է նկատվում: Ըստ Թուրքիայի պետնախարար, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիսի, մինչ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի ժամանումը Թուրքիայում ցանկանում են ավարտին հասցնել Ախթամարի Սբ. Խաչ եկեղեցու վերականգնումը եւ խաչ տեղադրել գմբեթին: «Ինչու ոչ, եթե իսլամում բոլոր կրոնները հարգված են: եթե Եվրոպայում արգելք չկա մեջիթներ բացելու համար, ինչու մենք պետք է նման արգելք կիրառենք: Բացի այդ, եթե մենք բացենք այդ եկեղեցին, այստեղ ուխտավոր հայեր կգան բոլոր երկրներից եւ մենք կկարողանանք զբուսաշրջությունը զարգացնել տարածաշրջանում: Ընդհանրապես փակ սահմանները կոմունիզմի մնացորդ են, եւ մենք պետք է ինչ-որ բան ձեռնարկենք: Այդ Ստալինն էր սիրում փակ պահել սահմանները, ինչո՞ւ մենք պետք է հետեւենք նրա օրինակին: Հույները վատն են, հայերը նույնպես, քրդերը եւս, սակայն մինչեւ երբ մենք պետք է թշնամաբար տրամադրված լինենք եւ այսպես ապրենք, դրան պետք է վերջ տալ..»,-ասել է Բաղիսը: Թե որքանով է այս հայտարարությունը համապատասխանում իրականությանը կատարման առումով, դժվար է ասել: Փաստն այն է, որ մինչ հոկտեմբերի 14-ը քիչ ժամանակ է մնացել եւ, եթե սահմանը բացվի, ՀՀ նախագահն ուղղակի չի մեկնի ֆուտբոլային խաղի: «Ես կմեկնեմ Թուրքիա պատասխան ֆուտբոլային խաղի միայն այն դեպքում, եթե հայ-թուրքական սահմանը բացվի կամ եթե կողմերը լինեն Հայաստանի ապաշրջափակման շեմին»,-հայտարարել է Ս.Սարգսյանը Երեւանում կայացած Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ համատեղ մամլո ասուլիսում: Նա ընդգծել է, որ մինչ Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղը քիչ ժամանակ է մնում: «Ներկա իրողությունների պայմաններում մենք ակնկալում ենք տեսնել կառուցողական քայլեր, որի միջոցով մեր գործընկերները կաշխատեն համապատասխան մթնոլորտ ստեղծել ՀՀ նախագահի պատասխան այցի համար»,-ասել է նա:

Իր հերթին, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը գտնում է, որ, այն, որ Թուրքիայում որոշել են վերականգնել Ախթամարի Սբ. Խաչ եկեղեցին եւ խաչ տեղադրել գմբեթին, չի նշանակում, թե Անկարան փոխել է իր դիրքորոշումը Երեւանի հանդեպ: «Հնարավոր է, եկեղեցին վերակառուցվի, սակայն ես անիրատեսական են համարում խաչի տեղադրումը գմբեթի վրա»,-ասել է Սաֆրաստյանը` նշելով, որ եթե եկեղեցու վրա խաչ դրվի, դա կնշանակի, որ այն գործող է, ինչը կարող է առաջացնել մահմեդականների դժգոհությունը: «Թուրքիայում աստիճանաբար աճում է անհանդուրժողականությունը այլ կրոնների հանդեպ: Թուրքիայի քաղաքականությունը կրոնի հարցում չի փոխվել: Այն շարունակում է հակաքրիստոնեկան մնալ»,-ասել է Ռ.Սաֆրաստյանը:

Միեւնույն ժամանակ, Ստամբուլի Բիլջի համալսարանի դասախոս Թուրգութ Թունջելը նշել է, որ Թուրքիան ու Հայաստանը ներառվել են փոխադարձ ճանաչման ու շփման ուշացած գործընթացի մեջ: «Այս գործընթացում արդյունքի հասնելու համար, Երեւանն ու Անկարան պետք է մեծ ուշադրություն դարձնեն երկու կողմերի զգայուն կետերին: Հայերի համար հոգեբանական արգելքներից մեկն այն զգացողությունն է, որ իրենք անտեսված են թուրքերի ու թուրքական կառավարության կողմից: Թուրքերն ու թուրքական կառավարությունը պետք է հասկանան այդ վիճակը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն, ցույց տալու համար, որ իրենք չեն անտեսում հայերին: Այս ուղղությամբ պետք է խոստովանել, որ հայերը բնակվել են Անատոլիայում, դադարեցնել թշնամական հռետորությունը, որը տարածվում է դպրոցական դասագրքերի ու ԶԼՄ-ների միջոցով, ինչպես նաեւ հարգել Անատոլիայի հայկական մշակութային ժառանգությունը: Համապատասխանաբար, Անատոլիայի հայկական մշակույթի ճանաչումն ու այդ մշակութային մասունքների վերականգնումը մեծ նշանակություն ունի: Այդպիսով, Թուրքիան ոչ միայն ցույց կտա հայերին, որ հարգում է հայ ժողովրդին, այլ նաեւ ճշմարիտ պատմական գիտակցություն կսերմանի երիտասարդ թուրքերի մոտ»,-հայտարարել է նա:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---