Արձանագրություններն «անհարմար վիճակի» մեջ են դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին

Այն ամենն, ինչ այժմ կատարվում է աշխարհում Հայաստանի շուրջ, նույն շղթայի օղակներն են, որ մի նպատակ ունեն` արագացնել ղարաբաղյան խնդրի լուծումը եւ մինչեւ տարեվերջ ստորագրել եւս մեկ համաձայնագիր արդեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ

Հայ-թուրքական արձանագրությունների համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մասին կետը եւ Հայաստանի համաձայնությունն ակնկալվող արձագանք առաջացրեցին համաշխարհային հանրության շրջանում, դեռեւս ԶԼՄ-ների մակարդակով: Բացի կանադական ու շվեդական թերթերից, որոնք արդեն սկսել են կասկածել` եղել է Ցեղասպանություն թե ոչ, Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո առաջատար ամերիկյան պարբերականներն իրենց հրապարակումներում գրում են, թե Հայաստանն ինքն է կասկածի տակ դնում Հայոց ցեղասպանության հարցը:

PanARMENIAN.Net - Եվ ոչ մի երաշխիք չկա, որ մինչեւ ապրիլ, երբ նշվելու է ողբերգության 95-րդ տարելիցը, նման հրապարակումների թիվը չի աճի: Որքան էլ հայտարարեն Հայաստանի պաշտոնյաները, որ հրաժարումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից երբեք այն գինը չի լինի, որ կվճարվի հարաբերությունների կարգավորման համար, իրականում հակառակն է տեղի ունենում: Փաստորեն, գրչի մեկ հարվածով, ի չիք դարձվեց Սփյուռքի գրեթե կես դար տեւած պայքարը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Եվ արվեց դա գերտերությունների ճնշմամբ, որոնց համար բարոյահոգեբանական չափանիշները զիջում են էներգետիկ շահին` տարածշրջանում կայունության պայմաններում: Գերտերություններին չի կարելի դրա համար մեղադրել մեկ պատճառով` Մեծ խաղի ժամանակ յուրաքանչյուրն իր համար է խաղում եւ, եթե Հայաստանը չկարողացավ իրենը պնդել, ապա դա նրա մեղքն է: Ավելին, Արաձանագրությունները «անհարմար վիճակի» մեջ են դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին: Այն բանից, որ մենք հայտարարում ենք, թե ոչ մի հայ պատմաբան չի համաձայնվի քննարկել այդ հարցը, եւ դա իրոք այդպես է, գրեթե ոչինչ չի փոխվում: 2005թ. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը նամակ էր հղել Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին` առաջարկելով նմանատիպ հանձնաժողով ստեղծել, ինչը հստակարեն մերժվեց` պատասխանում միանշանակորեն ասվեց, որ Հայաստանը հնարավոր չի համարում քննարկել Հայոց ցեղասպանությունը ցանկացած հանձնաժողովում, հատկապես Թուրքիայի հետ: Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անփառունակ վախճանը միայն հաստատեց դա:

Սակայն Արձանագրություններում այդ կետն առկա է, ինչը իրավունք է տալիս Հայաստանին մտավախություն ունենալ, որ դրան կարող են հետեւել այլ, երկրի համար անընդունելի կետեր, որոնք չեն մտել տեքստի մեջ, սակայն ենթադրվում են, այն է` Ղարաբաղի խնդրի լուծումը: Այս առնչությամբ տեղին է զուգահեռներ անցկացնել նախօրեին սենատորներ Մենենդեսի ու Էնսայնի արած հայտարարության հետ` ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւն ընդունելու վերաբերյալ: Եթե բանաձեւն, իրոք, ընդունվի, մամուլում հայտնված հոդվածներն այնուամենայնիվ կանեն իրենց գործը: Կարելի է վստահաբար ենթադրել, որ այն, ինչ այժմ կատարվում է աշխարհում Հայաստանի շուրջ, նույն շղթայի օղակներն են, որ մեկ նպատակ ունենք` արագացնել Ղարաբաղյան խնդրի լուծումը եւ մինչեւ տարեվերջ եւս մեկ պայմանագիր կնքել, արդեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Այնպիսի մանրունքները, թե Հայաստանն իրավունք չունի փաստաթղթեր ստորագրել Լեռնային Ղարաբաղի փոխարեն, ոչ ոքի չեն հետաքրքրում` գազամուղների հարցը շատ սուր է դրված եւ միայն կայուն աշխարհի ապահովումը կարող է ապահովել նույն Nabucco-ի ինչպես կառուցումն, այնպես էլ շահագործումը:

Մենք պետք է ափսոսանքով արձանագրենք, որ թուրքական քարոզոչությունը հսկայական աշխատանք է տարել, որի առջեւ սկսել են զենքը վայր դնել նույնիսկ բավական հեղինակավոր թերթերը: Իսկ այն ԶԼՄ-ները, որոնք ուղղակի որոշ հանգամանքների բերումով կամ «ջենթլմենական համաձայնությունից» ելնելով չէին կարող գրել «հայոց ցեղասպանություն» թեթեւության շունչ քաշեցին, օրինակ, Associated Press, The New York Times-ը եւ այլն: «Ցեղասպանություն» տերմինն այսօր կրկին կարող է տաբու դառնալ, եթե ՀՀ-ն, այլ ոչ թե Սփյուռքը, որն իրեն մասամբ կողոպտված ու նվաստացած է զգում, կոնկրետ քայլեր չձեռնարկի այդ ուղղությամբ:

Հույսը դնել, թե Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի արձանագրությունները, անշուշտ, կարելի է, սակայն այս դեպքում ավելի տեղին կլինի կանխարգելիչ հարվածի մարտավարությունը, այն է` փորձել շրջանառությունից դուրս բերել ոչ միայն կասկածները Հայոց ցեղասպանության փաստի առնչությամբ, այլ նաեւ ղարաբաղյան հակամարտությունը: Այո, Արձանագրություների տեքստում չի նշված ոչ մեկը, ոչ մյուսը, սակայն չէ որ Արձանագրությունների վավերացումը միայն առաջին քայլն է, որին կհաջորդեն քաղաքական խորհրդակցությունները, բանակցությունները, որի ժամանակ այդ երկու հարցերն անպայման կքննարկվեն: Եվ ըստ քննարկման համաշխարհային ճնշումը Հայաստանի նկատմամբ կաճի: Ճիշտ է, այն կաճի նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ, սակայն շատ ավելի նվազ չափով, թեկուզ այն պատճառով, որ իրենք, ընդհանուր առմամբ Հայաստանից քիչ են կորցնում: Ադրբեջանը «կորցնում է» այն, ինչն երբեք նրան չի պատկանել, Թուրքիան` նույնը: Միայն Հայաստանը կարող է զրկվել Թուրքիայի ու ԽՍՀՄ միջեւ կնքված պայմանագրերի դենոնսացիան պահանջելու իրավունքից, հատուցումից եւ էլի շատ բաներից: Հազիվ թե հաջողվի հանել Արձանագրությունների տեքստից հանձնաժողովի ստեղծումը, ուղղակի պետք է նրա գործունեությունը զրոյի հավասարեցնել, ինչն էլ կարող են անել Հայաստանն ու Սփյուռքը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---