Ռուսաստանը Թուրքիային ու, առհասարակ, ոչ մեկին մոտ չի թողնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Ըստ ամենայնի, Ռուսաստանը որոշել է բացահայտ ցույց տալ, թե իրականում ում ձեռքերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ու, երեւում է, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն համաձայնել են

Հայաստանում անսովոր կերպով երկարաձգված ամանորյա տոներին հաջորդած առաջին շաբաթը եզակի հարուստ էր իրադարձություններով: Անգամ եթե հաշվի չառնենք հայ-թուրքական Արձանագրությունների շուրջ չհանդարտվող քննարկումները, ինչը, ի դեպ, յուրօրինակ «ազգային սպորտ» է դարձել, ապա միայն ռուս-թուրքական բանակցությունների ֆոնին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Երեւան շատ բան է ասում:

PanARMENIAN.Net - Լավրովի այցը, ըստ էության, մի կողմից կոչված էր «հանդարտեցնել» Երեւանին ղարաբաղյան հակամարտության հարցում, մյուս կողմից` «տեղը դնել» Բաքվին, որը նոր տարում եւս չի դադարում սպառնալ եւ խոսել «հողերի վերադարձի» մասինլ: Ի պատիվ ՌԴ նախարարի հարկ է նշել, որ նա փայլուն կերպով գլուխ հանեց իր խնդրից, բավական է հիշել նրա խոսքերն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը չի կարելի որոշել առանց նրա սեփական ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Լավրովի այդ հայտարարությունը ադրբեջանական լրատվամիջոցների մի ամբողջ փոթորիկ բարձրացրեց, որոնք ավելի լավ բան չհնարեցին, քան նախարարի արտահայտության վերաբերյալ կարծիք հարցնել Բաքվում ՌԴ դեսպան Դորոխովից: Պատասխանը բնական էր. ես չեմ կարող մեկնաբանել իմ նախարարին: ՌԴ ԱԳ նախարարը ժամանել էր, որպեսզի նաեւ պատրաստեր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Պատահական չէր, որ հենց այդ օրը թուրքական մամուլում հունվարի վերջին Մոսկվայում Սարգսյան-Ալիեւ ենթադրվող հանդիպման մասին տեղեկատվություն հայտնվեց: Ըստ ամենայնի, Ռուսաստանը որոշել է բացահայտ ցույց տալ, թե իրականում ում ձեռքերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ու, երեւում է, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն համաձայնել են: Արեւմուտքի դիրքորոշումը նույնպես հասկանալի է. առանց Ղարաբաղի էլ բավականաչափ խնդիրներ ունեն` ճգնաժամ, Աֆղանստան, Իրանի միջուկային ծրագիր:

Միակ բանը, որ ոչ անհիմն կերպով զգոնացնում է հայկական կողմին, կարգավորման գործընթացին միջամտելու Թուրքիայի փորձերն են: Բայց այստեղ էլ երեւակայության պակասի պատճառով կրկին խաղարկվում է թուրքական խորհրդարանում հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման թեման: Մոսկվայում վարչապետ Էրդողանին կոշտ կերպով հասկացրեցին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ հայ-թուրքական հարաբերությունները երկու տարբեր երեւույթներ են: Միգուցե հենց այդ պատճառով եղբայրական Ադրբեջանի հասցեին թուրք պաշտոնական անձանց հայտարարությունների առույգ տոնը փոքր-ինչ մեղմացել է: Իսկապես, որքա՞ն կարելի է, առավել եւս, որ, ինչպես մենք բազմիցս գրել ենք, այդ ամենը խոսքեր են, որոնք բացարձակ ոչ մի հիմք չունեն: Դա հասկանում են Անկարայում, դա հասկանում են Բաքվում, բայց, այնուամենայնիվ, կատարվում են հայտարարություններ, որոնք, ի դեպ, ավելի շատ հաշվարկված են Երեւանի համար:

Եթե բոլորովին լուրջ խոսենք, ապա յուրաքանչյուր կողմ, որն այսպես, թե այնպես շահագրգռված է հակամարտության կարգավորմանը մասնակցելու հարցում, մի շարք սեփական առաջնահերթ խնդիրներ ունի, որոնց լուծումը, օրինակ, Թուրքիայի եւ Ադրբեջանի համար շատ ավելի կարեւոր է, քան Լեռնային Ղարաբաղը: Ընդհանրապես դա լավ է. որքան քիչ ուշադրություն գամված լինի Ստեփանակերտին, այնքան լավ: Հակամարտությունը, եթե այն կարելի է այդպես կոչել, ձգձգվող փուլ է թեւակոխել, որը կարող է անսահման երկար տեւել: Կամ էլ ոչ այնքան երկար. ամեն ինչ կախված է իշխանության գլխին Ալիեւների տոհմի գտնվելու ժամկետից:

Անկարան մի քանի գլխացավեր ունի, որոնք մենք հերթական անգամ չենք զլանա թվարկել` քրդեր, կիպրոսյան հիմնահարց, ազգային փոքրամասնություններ, օսմանյան ժամանակաշրջանի սեփական պատմության ճանաչում:

Բաքվի դեպքում նույն ազգային փոքրամասնությունների խնդիրն է, արտասահմանում դեսպանների ոչ հարիր վարքը, նավթահանքի անկումը, չիրականացված գազատարները (Nabucco, White Stream), տոտալիտար վարչակարգի ընդհանուր մթնոլորտը:

Երեւանը նույնպես խնդիրներ ունի, բայց դրանք կապված չեն տարածաշրջանային խնդիրների հետ, ուստի այնքան էլ լուրջ չեն: Հայաստանում զուտ ներքին հակամարտություններ կան, որոնք մեծ հաշվով չեն ազդում իրերի ընդհանուր դրության վրա:

Եւ վերջինը. հունվարի 18-ին Հայաստանի նախագահը կմեկնի Մոսկվա, իսկ 20-ին տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Տեղի կունենա նախագահների հերթական, ոչնչի չպարտադրող հանդիպումը, եթե, իհարկե, Ալիեւը հանկարծ չսկսի նեղացած երեխա խաղալ, ում ձեռքից խլել են խաղալիքը, իսկ նորը չեն գնել: Այնպես որ ոչ մի նոր բան: Արդյոք Ալիեւը Մոսկվա կմեկնի, թե ոչ` արդեն մեծ նշանակություն չունի:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---