Ոչ մի երաշխիք չկա, որ Արձանագրությունները վավերացումից հետո կյանքի կկոչվեն

Ընդամենը երեք սերունդ է փոխվել, իսկ դա չափազանց քիչ է, Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու համար

ՀՀ ՍԴ-ի որոշմանը տված Թուրքիայի ԱԳՆ-ի գնահատականը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին սպասելի էր եւ, որոշ չափվ, ճիշտ Անկարայի տեսակետից: Իրոք, ինչու է հարկավոր վավերացնել Արձանագրությունները, որոնք ոչ մի քայլով չեն մերձեցնի հայ եւ թուրք ժողովրդներին, որքան էլ դա ցանկանան գերտերությունները: Ի վերջո, ընդամենը երեք սերունդ է փոխվել, իսկ դա չափազանց քիչ է, Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու համար: Իսկ եթե ուշադրություն դարձնենք թուրք հանրության հայերի հանդեպ ընդհանուր տրամադրվածությանը, պարզ կդառնա, որ Արձանագրություններն ի սկզբանե դատապարտված էին ձախողման:

PanARMENIAN.Net - Մի պահ ընդունենք, որ ճնշումն Երեւանի ու Անկարայի հանդեպ այնքան մեծ կլինի, որ փաստաթղթերը կվավերացվեն: Որտե՞ղ են այն երաշխքիները, որ դրանք կկատարվեն: Ընդ որում, եթե Հայաստանը կարող է երաշխիքներ տալ, ապա նրա արեւմտյան հարեւանը մշտապես պայմաններ կառաջադրի, կխուսանավի, ապա, ի վերջո, ուղղակի ի չիք կդարձնի հարաբերությունների «կարգավորումը»:

Մինչդեռ Թուրքիայի խորհրդարանում բավական կատաղի պայքար է գնում Արձանագրությունների դեմ: Ինչպես գրում է թուրքական Vatan թերթը, Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովում տեղի ունեցավ Արձանագրությունների բուռն քննարկում: Քննարկումը փակ էր: Այնուամենայնիվ, հայտնի դարձավ, որ երկու ընդդիամդիր ուժ` Ժողովրդա-հանրապետական եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունները պահանջել են կառավարություն վերադարձնել վավերացման ներկայացված Արձանագրությունները` ի պատասխան ՀՀ ՍԴ որոշման:

Այս առնչությամբ, պետք չէ մոռանալ Արդարության եւ զարգացման իշխող կուսակցության դեմ ահագնացող ընդդիմության մասին: Զարմանալի չէ, որ հենց այս օրերին հայտնի դարձավ 2003թ. նախապատրաստվող ռազմական հեղաշրջման մասին: Թուրքական Taraf թերթը հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ երկրում ազդեցիկ համարվող բանակը, որը 1960թ. ի վեր երեք անգամ հեղաշրջում է կատարել, նման մտադրություն ուներ նաեւ 2003թ.: Հրապարակման մեջ, մասնավորապես, ասվում է, որ Sledehammer ծրագրով նախատեսվում էր լարվածությունը երկրում ուժգնացնել, պայթյուններ կազմակերպելով Ստամբուլի երկու մզկիթներում ուրբաթօրյա նամազի ժամանակ եւ արտակարգ դրություն հայտարարել: Պայթյունների համար պատասխանատվությունը նախատեսվում էր բարդել Քրդական աշխատավորական կուսակցության եւ Ալ-Քաիդայի վրա: Պայթյունները պետք է կազմակերպվեին նաեւ Fenerbahce մարզադաշտում եւ Burhan Felek մարզահամալիրում:

Բացի այդ, ըստ թերթի, զինվորականները ծրագրում էին ճգնաժամ առաջացնել Թուրքիայի ու Հունաստանի հարաբերություններում, եւ հանուն դրա պատրաստ էին սեփական ինքնաթիռը կործանել Էգեյյան ծովի վրա` ներկայացնելով գործն այնպես, թե իբր ինքնաթիռը խփել են հունական զինված ուժերը:

Թուրքական ԶԼՄ-ները պնդում են, որ գրեթե 5000-էջանոց պլանը համաձայնեցվել էր 2003թ. տեղի ունեցած ռազմական խորհրդակցության ժամանակ`«էրգենեկոնի» 162 ակտիվ անդամների, այդ թվում 29 գեներալների մասնակցությամբ: Փաստաթուղթը ստորագրել են Առաջին բանակի նախկին հրամանատար Չեթին Դողանը, ՌՕՈւ-ի նախկին ղեկավար Իբրահիմ Ֆերթինը եւ պաշտոնաթող գեներալ Էրգին Սայգյունը: «Էրգենեկոնի» գործով դատավարությունը ընթանում է Ստամբուլում 2007թ. ի վեր: Գործով անցնում է շուրջ 200 հոգի` քաղաքական եւ հասարակական գործիչներ, լրագրողներ, փաստաբաններ, բուհերի դասախոսներ, պաշտոնաթող եւ գործող զինվորականներ, ոստիկաններ:

Մինչդեռ, ինչպես գրում է Today.s Zaman թերթը, վերադարձը 1923թ. կկազմալուծի առօրյա կյանքը Թուրքիայում: Փաստաթղթում առաջարկվում է, որ զինված ուժերը ամբողջողվին վերահսկեն պետական հաստատությունները, մասնավոր հիվանդանոցները: Բոլոր գրավոր ու էլեկտրոնային մամուլի օրգանները վերցվեն վերահսկողության տակ, իսկ ԱԶԿ-ին պատկանող բոլոր ԶԼՄ-ները փակվեն:

Զինված ուժերը մտադիր էին նաեւ առնվազն 200 000 մարդ ձերբակալել Ստամբուլում հեղաշրջումից հետո: Ողջ Թուրքիայի տարածքում ձերբակալվածների թիվը կհասնի 16 միլիոնի: Սա Թուրքիայիում իրադարձությունների զարգացման հոռետեսական սցենարն է, բոլորովին էլ ոչ ֆանտաստիկ: Գլխավոր շտաբը կարողանում է հեղաշրջումներ կազմակերպել, եւ 1950թ. ի վեր դրանք երեքն են եղել: Ամեն ինչ նույն կերպ է ավարտվել` իշխանությունն որոշ ժամանակով անցնում էր զինվորականներին, որոնք հավատարիմ են Աթաթուրքի ժառանգությանը, հետո փոխանցվում էր քաղաքացիական անձանց: 2002թ. իսլամիստական կուսակցության հաղթանակը Գլխավոր շտաբի համար պարտություն դարձավ, որի հետ նա մինչ օրս չի հաշտվել: Հայ-թուրքական արձանագրությունները կարող են հիանալի առիթ հանդիսանալ Էրդողանի կառավարության տապալման համար, առավել եւս, որ զինվորականներին սատարում են ազգայնական ուժերը, որոնք ոչ մի հարաբերություն չեն ցանկանում ունենալ դարավոր թշնամու հետ:

Իսկ ղարաբաղա-ադրբեջանական չկարգավորված հակամարտության պատրվակը շատ հարմար է, հատկապես ներքին օգտագործման համար: Թեեւ հարկ է նշել, որ Անկարան փորձում է տարածել դա նաեւ արտաքին աշխարհի վրա, սակայն առանց զգալի արդյունքի: Սպասելու քիչ ժամանակ է մնացել` մի քանի ամիս, մինչեւ ապրիլ: Ճիշտ է, 2010թ, ապրիլը եւս քիչ բան կփոխի տարածաշրջանում ընթացող գործընթացներում: Ուղղակի պետք է հասկանալ, որ այդ գործընթացները կախված չեն Արձանագրություններից, սահմաններից ու հակամարտության կարգավորումից: Դրանք կախված են աշխարհի ուժեղներից, որոնց թվում չկան ո'չ Հայաստանը, ո'չ Թուրքիան, որքան էլ Անկարան հակառակը ցանկանար:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---