Տարածաշրջանի համար պայքարում Թուրքիայի համար բոլոր միջոցներն ընդունելի են

Հազիվ թե ՀԱՄԱԶ-ին և նրա հետևում կանգնած Թուրքիային այդքան անհանգստացնում է պաղեստինցիների ճակատագիրը, որոնք 1948-ից տարածաշրջանը լարվածության մեջ են պահում և ոչ մի կերպ սեփական պետություն չեն ստեղծում

Գազայի հատվածը որոշիչ գործոն է դառնում թուրք-իսրայելայան հարաբերություններում: Կարող է ստացվել այնպես, որ Թուրքիան վերջնականապես շրջվի մահմեդական աշխարհի կողմը և դրանով, դեպքերի վատագույն զարգացման դեպքում, կարձակի Իրանի ձեռքերը, որը վաղուց է երազում ոչնչացնել հրեական պետությունը, որը դեմ է դուրս եկել մահմեդական աշխարհին: Ի դեպ, ինչպես և Հայաստանը: Հետաքրքիր է, որ երկու երկրների միջև մեծ նմանությունների պարագայում նրանց միջև հարաբերությունները, մեղմ ասած, հեռու են նորմալ լինելուց:

PanARMENIAN.Net - Սակայն փորձենք պարզել, թե ինչ է պատահել: Լրիվ հավանական է, որ «միջադեպը», ավելի ճիշտ` ՀԱՄԱԶ-ի արկածախնդրությունը Թուրքիայի հովանու տակ, չէր կարող աննկատ անցնել և հենց դրան էին ձգտում «մարդասիրական ակցիայի» ոգեշնչողները: Այն, որ դա հաշվարկված սադրանք էր, պարզ է բոլորին: Այն շատ ճիշտ էր հաշվարկվել: Թուրքիան ակնհայտորեն սպասում էր, որ նրա կոչերը որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ կարող են ստիպել Կազմակերպությանը ելույթ ունենալ կոշտ հայտարարությամբ, ինչը տեղի չունեցավ: Եվ ՆԱՏՕ-ն Թուրքիային հասկացրեց, որ Դաշինքը «մտահոգված» է և ոչ ավելին: Ինչ-որ ենթատեքստ և գաղտնի արձանագրություններ որոնել պետք չէ` դրանք չկան: Թուրքիան արդեն որերորդ անգամ կրակի հետ խաղ է անում և ցանկանում է ամեն գնով հեգեմոն դառնալ տարածաշրջանում: Իրավիճակի հետագա զարգացումը կարելի է կանխատեսել մոտավորապես այսպես. ևս մի քանի օր Անկարան կդիմի համաշխարհային հանրությանը, կցուցադրի նոր տեսանյութեր «իսրայելական վայրագությունների» մասին, և դրանով ամեն ինչ կավարտվի: Չեն բացառվում հրեական կոտորածներ Թուրքիայում: Ողջ խնդիրը նրանում է, որ շատ թուրք քաղաքական գործիչների ծագումը խառն է և ոչ ոք չի կարող հստակ նշել նախնիների ազգային պատկանելությունը: Բայց սա թեմային չի վերաբերվում:

Թուրքիան կարծում է, որ Իսրայելի ուժային ակցիան «Ազատության նավատորմի» ծովային մարդասիրական օգնության պահակախմբի նկատմամբ մարդկության պատմության մեջ կմնա որպես «սև կետ» և պահանջում է Իսրայելին պատասխանատվության ենթարկել: «Խաղաղ քաղաքացիների սպանությունը խայտառակություն է», - հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում: Հետաքրքիր է. Թուրքիան, որը Օսմանյան կայսրության ժառանգորդն է ոչ միայն բառերով, այլ նաև գործով, որի ձեռքերը թաթախված են քրիստոնյա ժողովրդների արյունով, Իսրայելին մեղադրում է նրանում, որ նա պաշտպանվել է: Թե ինչ բեռ է եղել «Ազատության նավատորմում», մենք դեռ չգիտենք. Զենքը նույնպես մարդասիրական օգնություն է. ամեն ինչ կախված է տեսակետից: Հազիվ թե ՀԱՄԱԶ-ին և նրա հետևում կանգնած Թուրքիային այդքան անհանգստացներ պաղեստինցիների ճակատագիրը, որոնք 1948-ից տարածաշրջանը լարվածության մեջ են պահում և ոչ մի կերպ սեփական պետություն չեն ստեղծում: Պետություն կառուցելը դժվար է, մահմեդական աշխարհի փողերով կռվելն ակնհայտորեն ավելի հեշտ է և նախընտրելի…

Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչը հայտարարել է, որ «թող ոչ ոք չսպասի, որ այդ միջադեպի պատճառով մենք պատերազմ կհայտարարենք Իսրայելին: Անկարան հետևողական պայքար է ծավալելու իրավական և դիվանագիտական մեթոդներով»,- գրում է Milliyet թերթը:

Բայց Էրդողանը հավատարիմ է մնում իրեն: Ահա ինչ հայտարարեց նա Արդարություն և զարգացում կուսակցության նիստի ժամանակ: Ելույթն արժանի է, որպեսզի մեջբերումը մի քիչ երկար լինի: «Որքան հավատարիմ ենք մենք ընկերության մեջ, այնքան սկզբունքային ենք թշնամության մեջ: Թող ոչ ոք չհատի մեր համբերությունը: Թուրքիայի նման ընկեր կորցնելն արդեն մեծ պատիժ է: Թուրք ժողովուրդը միշտ պաշտպանել է հրեաներին, պատմությունը դրա վկան է: Այստեղ հրեա ժողովուրդը հասկանում է, թե ով է այդ դեպքերի իսկական մեղավորը: Իսրայելի կառավարման ղեկին կանգնած արյունոտ ռեժիմը պետք է անպայման պատժվի: Նույնիսկ ծովահենները, հանցագործները ձեռք չեն տալիս անզեն մարդկանց, երեխաներին, ծերերին, իսկ նրանք դա արել են: Եվ այդ մարդիկ առանց ամաչելու փորձում են արդարացնել իրենց: Ո՞վ է նրանց նման իրավունք տվել չարաշահել միջազգային իրավունքը: Դրա համար միջազգային հանրությունը պետք է իր դիրքորոշումն արտահայտի նրանց վերաբերյալ, ովքեր կատարել են այդ հանցագործությունը: Մեկ անգամ էլ եմ կրկնում`նրանք սպանելու վարպետ են: Այդ դեպքերը դրա վկան են: Այն, ինչ արել են նրանք ամենաիսկական պետական ահաբեկչություն է: Նրանք ժխտում են իրենց մասնակցությունն այդ դեպքերին: Բավական է խղճահարություն առաջացնեք, մենք արդեն հոգնել ենք այդ ստից: Ողջ աշխարհը ճանաչել է ձեր դեմքը: Մի շփոթեք Թուրքիային ուրիշների հետ, դա ձեզ վրա թանկ կնստի: Դուք, բաց ծովում հարձակվելով անզեն մարդկանց վրա, ոտնահարել եք միջազգային իրավունքը»,- նշել է Թուրքիայի վարչապետը:

Համեստության պակասով թուրք վարչապետը չի տառապում, ինչպես և իրողությունների ադեկվատ ընկալմամբ: Հենց դա կործանեց Օսմանյան կայսրությանը և կկործանի Թուրքիային: Հետո մենք զարմանում ենք, թե որտեղից է ծնունդ առնում Իլհամ Ալիևի ոգեշնչումը, երբ խոսում է հայերի մասին: Միակ բանը, որ մնում է անել, սպասելն է, թե ինչ կանի Բաքուն, որը երկիմաստ դրության մեջ է: Մի կողմից` «մեկ ազգ», մեկ այլ կողմից` բարեկամություն և փողեր: Պետական մակարդակում ինչ-որ հայտարարություններ չեն լինի, բայց «ազգային նախաձեռնության» շրջանակներում լինելու են դրոշներ հրկիզելու ակցիաներ և նման այլ անմտություններ: Վատ է այն, որ միջադեպին խառնվել է նաև Իրանը, սակայն լավ է, որ ԱՄՆ-ն ամեն դեպքում չզիջեց Անկարայի ճնշմանը և սահմանափակվեց «ներշնչմամբ»: Թեև, կապրենք, կտեսնենք: Պարզ է միայն մի բան. Մերձավոր Արևելքի լարված իրավիճակը ոչ մի լավ բան չի խոստանում աշխարհին, առաջին հերթին` Թուրքիային: Հաշվի են նստում միայն ուժեղների հետ: Հայաստանը սովորելու բան ունի հրեական պետությունից:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---