«Արաբական ալիքը» կարող է կլանել Ադրբեջանը

Նավթը նավթ, բայց Ալիև-կրտսերը պետք է հասկանա, որ նրանով կյանքը չի ավարտվում, և համաշխարհային հանրությունը կձանձրանա աչք փակել Ադրբեջանում ժողովրդավարության բացակայության վրա

«Արաբական ալիքը» աստիճանաբար մոտենում է Հարավային Կովկասին, ավելի ճիշտ՝ Ադրբեջանին: Ամեն ինչ ընթանում է արդեն փորձարկված սցենարի համաձայն, որն այդպես էլ նախազգուշացում չեղավ փոքր և մեծ բռնապետերի համար. ինտերնետի որոշ հատվածների արգելափակում, իրավապահների և ակտիվիստների ձերբակալություններ: Ավելացնենք որոշ ընդմիջումներով Ալիևների կլանի կառավարման 42 տարին, կոռուպցիան, ճնշող մեծամասնության աղքատությունը և կստանանք պատրաստի Թունիսը, Եգիպտոսը կամ Լիբիան:

PanARMENIAN.Net - Ալիևների կլանը կառավարում է Ադրբեջանը 1969-ից: Կարևոր չէ, որ այդ ժամանակ Հեյդար Ալիևն Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարն էր, իսկ հիմա նրա որդին՝ Իլհամը, «ազգի կողմից ընտրված» նախագահ: Ամեն ինչ մնում է այնպես, ինչպես եղել է, բացառությամբ նրա, որ կլանի կարողությունը վերջին տարիներին աճել է մինչև աստղաբաշխական ծավալների, և Ալիև-կրտսերը համարում է, որ կարող է թելադրել իր պայմանները ոչ միայն Հայաստանին կամ Վրաստանին ու Թուրքիային, այլ նաև միջազգային հանրությանը: Այդ քաղաքականության արատավորությունը պարզ դարձավ նաև ԱՄՆ համար: Այսպես, Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված երիտասարդ ակտիվիստ Բախտիյար Գաջիևին կալանավորելու և նրա վրա ֆիզիկական ճնշում գործադրելու հետ:

«ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան և ԱՄՆ դեսպանատունն ուշադիր հետևում են մարտի 4-ին ձերբակալված Բախտիյար Գաջիևի մասին տեղեկություններին, հատկապես նրան վիրավորելու և իրավական օգնությունից զրկելու մասին լուրերին: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հետևել օրենքի գերակայությանը և Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում ապահովել պարոն Գաջիևի բոլոր իրավունքները, ներառյալ իրավաբանական օգնությունը և եթե պահանջվի՝ բժշկական»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում, որը տարածվել է երկուշաբթի երեկոյան:

Ներկա պահին Գաջիևի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով դեսպանատունը կապեր է հաստատում Ադրբեջանի կառավարության համապատասխան կառույցների հետ:

«Մենք ուշադիր հետևելու ենք նաև վերջերս ձերբակալված այլ երիտասարդ ակտիվիստների գործերին»,- ասվում է հայտարարությունում:

Վերջին մեկ ամսվա ընթացքում ձերբակալվել է 3 ակտիվիստ:

Ջաբար Սավալանը ձերբակալվել է փետրվարի 5-ին թմրանյութերի անօրինական պահման մեղադրանքով, մարտի 4-ին ձերբակալված Բախտիյար Գաջիևին վերագրվում է խուսափում զինվորական ծառայությունից: Դայանատ Բաբաևը մարտի 4-ին դատապարտվել է 11 օրվա վարչական կալանքի հասարակական կարգը խախտելու մեղադրանքով: Տեղի ժողովրդավարական հանրության համոզմամբ, բոլոր երեք երիտասարդ ակտիվիստները ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով:

Երևում է, Բաքուն չի հասկացել և չի ցանկանում հասկանալ, որ հեղափոխությունը, ավելի ճիշտ, ապստամբությունը կարող է տեղի ունենալ «լայն քայլերով ընթացող Ադրբեջանում»: Պարզ է, որ ոչ Ալիևի ընտանիքի անդամները, ոչ նրա շրջապատը չեն կռվելու: Ավելին, երկրորդ ղարաբաղյան պատերազմն անփառունակ տանուլ են տալու, ինչպես և առաջինը` չնայած սպառազինությունների հսկայական գնումներին: Շատ զենքը դժգոհ երկրում կարող է շուռ գալ իշխանությունների դեմ, ինչպես դա տեղի ունեցավ Լիբիայում:

Կա ևս մեկ գործոն, որն Ադրբեջանում հնարավոր է դարձնում հեղափոխությունը. դա կրոնական գործոնն է: Բազմիցս ասվել է, որ կան որոշ վկայություններ այն մասին, որ Իրանը ՀԱՄԱՍ-ի և «Հոզբոլլահի» միջոցով մասնակից է արաբական խռովություններին: Ադրբեջանը Թեհրանի համար կարող է դառնալ արժեքավոր ձեռքբերում, քանզի դա միակ թուրքալեզու երկիրն է, որը քարոզում է իսլամի շիիթական ճյուղը` ի տարբերություն արաբների, որոնք Սունիի համախոհներ են: Նշենք, որ որոշ այաթոլլաներ արդեն դեմ են դուրս եկել Ադրբեջանում հիջաբ կրելու արգելքի անթույլատրելիության համար: Մի խոսքով, եթե Ադրբեջանում խռովություններ սկսվեն, դա նորություն չի լինի, նույնիսկ հակառակը, կդառնա սպասված իրադարձություն: Չնայած քաղաքական գործիչների և լրագրողների առույգ հայտարարություններին, որոնք, ի դեպ, հարկադրված են և պարտադիր, իրականում Ադրբեջանում գործերն այնքան էլ լավ չեն ընթանում: Նավթը նավթ, բայց Ալիև-կրտսերը պետք է հասկանա, որ նրանով կյանքը չի ավարտվում և համաշխարհային հանրությանը կձանձրացնի աչք փակելն Ադրբեջանում ժողովրդավարության բացակայության վրա: Ճիշտ է, ոչ մի երաշխիք չկա, որ ապստամբությունների արդյունքում կկառուցվի ժողովրդավարական պետություն, դրա համար պետք է նվազագույնը 200 տարի: Ցանկացած դեպքում, հասունացել է նավթային եկամուտների վերադասավորության պահը և թվում է, հենց դա էլ չի հասկանում Ադրբեջանի նախագահը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
 Ուշադրության կենտրոնում
ՌԴ Պետդումայում կքննարկեն ռուսերենին տիրապետողներին հայրենակից ճանաչելու օրինագիծը

ՌԴ Պետդումայում կքննարկեն ռուսերենին տիրապետողներին հայրենակից ճանաչելու օրինագիծը Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում

 Բաժնի այլ նյութերը
Պրոսպեկտից 46 անգամ երկար Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Ինչպես թուրքական շուկայի վերածել ՆԱՏՕ-ի ընդլայնումը Էրդողանը սկսել է մեծ առևտուրն ԱՄՆ և ՌԴ միջև
Ռուսաստան-Իսրայել դիվանագիտական սկանդալ Ինչո՞ւ Լավրովը խոսեց Հիտլերի՝ հրեական արյուն ունենալու մասին
---