Վրաստան. Ամեն ինչ դեռ նոր է սկսվում

Վրաստան. Ամեն ինչ դեռ նոր է սկսվում

Նորընտիր վարչապետն արդեն հասցրել է «առանձնանալ» մի շարք արտահայտություններով, ինչը առիթ է տալիս կասկածելու երկրի քաղաքական կուրսի փոփոխմանը

Ինչպես և սպասվում էր, Վրաստանի վարչապետ է դարձել «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին: Նշանակվել են 20 նախարարներ, ևս 6 նախարարական պաշտոններ թափուր են: Ինչպես և խոստացել էր Իվանիշվիլին, նախարարների նոր կաբինետում չկա Սահակաշվիլիի օրոք պաշտոնավարող և ոչ մի նախարար:

PanARMENIAN.Net - Մինչ այդ, նորընտիր վարչապետն արդեն հասցրել է «առանձնանալ» մի շարք արտահայտություններով, ինչը առիթ է տալիս կասկածելու երկրի քաղաքական կուրսի փոփոխմանը: Այսպես, ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարտենսը Բիձինա Իվանիշվիլիի` ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու և միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները վերականգնելու վերաբերյալ հայտարարություններն անիրականանալի է համարում: «Վրացական երազանքը» համարում է, որ կկարողանա համատեղել ինտեգրացիան ՆԱՏՕ-ին և Ռուսաստանի հետ համագործակցությունը: Սակայն հարց է ծագում` որքանո±վ է դա հնարավոր: Մտավախություն կա, որ Վրաստանը չի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ, եթե սերտ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ: «Այդ հարաբերությունները Վրաստանի համար ուղի կլինեն ոչ թե ապագա, այլ անցյալ»,-ասել է Մարտենսը` վրացական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում:

Ավելի վաղ Իվանիշվիլին հեռուստաալիքների եթերում բազմիցս ասել է, որ մտադիր է զուգակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու կուրսը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: «Կարծում եմ` Վրաստանի ապագայի համար միակ հստակ կուրսը ինտեգրացիային ուղին և պաշտպանության ու անվտանգության ոլորտներում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հաստատումն է»,-հայտարարել է Մարտենսը:

Դրա հետ մեկտեղ, «Վրացական երազանքը» մտադիր է բանակցություններ սկսել Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ` առանց ռուսական կողմի մասնակցության: Ինչպես հաղորդել է կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի խորհրդական Գեորգի Վոլսկին, գլխավոր թեման կողմերի հետ սերտ հարաբերությունների հաստատումն է և անմիջական համազգային երկխոսության սկիզբը: Նա ընդգծել է, որ կոալիցիան նաև ծրագրում է մեղմացնել «շրջափակված տարածքների» վերաբերյալ օրենսդրությունը ` աբխազական և օսեթական կողմերի հետ նոր հարաբերությունների բազա ստեղծելու նպատակով: «Մենք չենք համարում, որ անպայման պետք է դրանք կոչենք խամաճիկային ռեժիմ: Ժամանակն է համատեղ կերպով լրջորեն խոսել անվտանգության հարցերի մասին և մտորել այդ հարցի շուրջ»,-ընդգծել է Վոլսկին: Ըստ նրա, անհրաժեշտ է «նշանակալիորեն ընլայնել» միջազգային մասնակցությունը վրաց-օսեթական և վրաց-աբխազական հարաբերությունենրում և նախապատրաստել «լուրջ քաղաքական բազա լայնածավալ բանակցությունների համար»:

Ամեն ինչ, կարծես թե կարգին է, սակայն բարի նպատակներն այդպես էլ «երազանք» կմնան: Աբխազիան և Հարավային Օսեթիան բանակցություններ կսկսեն Վրաստանի հետ միայն հավասարը հավասարի պայմաններում: Իսկ եթե Թբիլիսին իսկապես համակերպվի, որ այդ տարածքներն իր համար անվերադարձ են, ապա… Իվանիշվիլին նախանձելի վիճակում չի հայտնվի, քանի որ այս դեպքում Սահակաշվիլիի ձեռքում հաղթաթուղթ կլինի: Սակայն նկատենք, որ յուրաքանչյուր հաջորդ նախագահի հետ Վրաստանը կորցրել է այն, ինչը ԽՍՀՄ-ում հենց այնպես մատուցվել էր վերջինիս: Ընդհանուր առմամբ, այդպես էլ պետք է լիներ: Մյուս կողմից, որքան քիչ լինեն հակամարտությունները Կովկասում, այնքան ավելի հանգիստ կլինի:

Նշենք, որ Իվանիշվիլիի բլոկի հաղթանակը ինչ-որ արտասովոր իրադարձությունների շարքից չէր. Միխայիլ Սահակաշվիլին այնքան էր իրեն վարկաբեկել ոչ միայն Վրաստանում, այլև Արևմուտքում, որ հետագայում նրան հանդուրժելն արդեն անըդունելի կլիներ:

Ճիշտ է, Իվանիշվիլին արդեն հասցրել է «փառավորվել» Վրաստանի հայկական սփյուռքի հարցում, ինչն, ըստ էության, անսպասելիություն չէր: Ավելի ճիշտ չպետք է լիներ.նմանատիպ արտահայտությունները շատ տարածված են Վրաստանում: Իվանիշվիլին հայտարարել է. «Օրինակ, այստեղ`մեզ մոտ, ապրում են հայեր: Ես ապշում եմ. նրանց հայրենքիքն այսքան մոտ է, իսկ նրանք այստեղ են պարում: Ձեզ մոտ, երևի, նման հարց չի ծագում, իսկ ինձ համար անհասկանալի է: Ես ապրել եմ Ֆրանսիայում, մեկ տարի Ամերիկայում, իսկ երզումս տեսնում էի իմ գյուղը, իմ հայրենիքը…»: Հետո, հասկանալով, որ իր բառերը մեծ արձագանք են ստացել, սկսել է արդարանալ. «Ցավոք The New Times պարբերականի գլխավոր խմբագիր Եվգենիա Ալբացին տված հարցազրույցում իմ պատասխաններից մեկը որոշակի սխալմունք է առաջացրել, ինչի առնչությամբ անհրաժեշտ եմ համարում նշել հետևյալը: Լրագրողի այն հարցին, որը վերաբերում էր իմ և ընտանիքիս` հայրենիք վերադառնալուն, ես մանրամասն պատասխան եմ տվել: Սակայն պարբերականում հայտնվել է իմ պատասխանի միայն մի մասը, ինչի արդյունքում սավածն ամբողջովին փոխվել և աղավաղվել է: Ստացվում է այնպես, որ ես զարմացած եմ, որ հայերը ապրում են այստեղ` մինչդեռ նրանց հայրենիքը շատ մոտ է: Ցանկանում եմ նշել, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղքաքացի ունի հավասրա իրավունքներ` չնայած իր էթնիկ ծագմանը: Դա երաշխավորվում է Վրաստանի Սահմանադրությամբ և միևնույն ժամանակ դա իմ համոզմունքն է: Ինչ վերաբերում է հարցազրույցին, ապա լրագրողի հարցին ես ընդգծված կերպով պատասխանել եմ, որ հիանում եմ հրեաների և հայերի հատուկ շնորհքով, որ նրանք կարող են լինել աշխարհի քաղաքացի, նրանք ամենուրեք հաջողակ են, որտեղ էլ որ ապրեն, ունեն ամուր սփյուռք: Մենք` վրացիներս, այնքան զարմանալի ազգ ենք, որ, ցավոք, ոչ մի տեղ չկարողացանք հիմնավորվել և ուժեղ սփյուռք ստեղծել: Այսպիսին էր իմ պատասխանի հիմնական համատեքստը: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Վրաստանը բազմազգ երկիր է և հայրենիք է այստեղ բնակվող բոլոր ազգերի համար»: Հայերն անգամ Ջավախքի հրարցում առաջընթաց չպետք է ակնկալեն այն առումով, որ այնտեղ թույլ կտան հայերնով ուսուցում և կդադարեն քաղաքական մոտիվներով հետապնդումները: Այդ առումով Իվանիշվիլին Գամսախուրդիայի և Սահակաշիլիիի արժանի հետնորդն է:

Եվ վերջում: Վրացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան և պաշտպանության փոխնախարար Դատա Ախալայան, հապճեպ մեկնել են Վրաստանից հոկտեմբերի 6-ի գիշերը: Վրաստանից մեկնել է նաև վրացի բարձրաստիճան ոստիկան Մեղիս Կարդավան և արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին: «Էխո Մոսկվիի» տվյալներով, երկիրը լքել են նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին և նախորդ գումարման խորհրդարանի ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գիվի Թարգամաձեն: Հիշեցնենք, որ Բաչո Ախալայան, ով Միխայիլ Սահակաշվիլիի վաղեմի կողմնակիցներից է, խորհրդարանական ընտրությունների նախօրեին հայտնվել էր սկանդալի կենտրոնում և պաշտոնանկ արվել: Ընդդիմությունը հրապարակել էր նյութեր, որոնք վկայում էին Թբիլիսիի բանտում տանջանքների և բռնաբարությունների մասին, որոնք, ինչպես հաղորդել էին նյութի հեղինակները, իրականացվել է ՆԳ նախկին նախարարի անձնական հրամանով:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---