Հասարակ գործազուրկից մինչև միլիոնատեր. ՀՀ նախագահի թեկնածուների գույքն ու եկամուտները

Հասարակ գործազուրկից մինչև միլիոնատեր. ՀՀ նախագահի թեկնածուների գույքն ու եկամուտները

Նախօրեին ավարտվել է ՀՀ նախագահի թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը

ՀՀ նախագահի թեկնածուները արդեն ԿԸՀ են ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագրերը: Պարզվում է, որ Հայաստանի հնարավոր նախագահներից ոմանք հասարակ գործազուրկներ են, չեն նշել եկամուտի աղբյուրներ, սակայն քիչ գումարներ էլ չունեն: Ոմանք, առհասարակ, եկամտի աղբյուր չունեն, չունեն նաև մեծ թվով գումարներ: Մի մասի հայտարարագրերում էլ թվերը բնավ համեստ չեն: Տեսնենք, թե ինչպես և ինչ միջոցներով են ապրում Հայաստանի նախագահի աթոռին հավակնողները:

PanARMENIAN.Net - Եվ այսպես՝ հայտարարագիրը ներկայացնելու պահին ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ունի 108.400.000.00 ՀՀ դրամ: Նրան հաջորդում է էպոսագետ-թեկնածու Վարդան Սեդրակյանը, նա թեև այս պահին չի աշխատում, բայց ունի 9 մլն 900 հազար դրամ գումար: Սա, ըստ հունվարի 16-ին ԿԸՀ ներկայացված հայտարարագրի: Հայտարարագիրը ներկայացնելու պահի դրությամբ 20 հազար 198 դոլար և 120 հազար դրամ ունի ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը: ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունի 65.000 դոլար: 402 հազար դրամ և 51 հազար դոլար ունի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների ժողովի նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հունվարի 19-ի դրությամբ ունի 2 միլիոն 500 հազար դրամ: 1,6 մլն դրամ և 500 ԱՄՆ դոլար ունի «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, թեկնածու Արամ Հարությունյանը, նա նաև ունի 4,1 մլն դրամ խնայողություն և 20 հազար ԱՄՆ դոլար բանկային փոխառություն: Ընդամենը 440 հազար դրամ ունի ԼՂՀ նախկին արտգորնախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:

ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյան

Ըստ հայտարարագրի` Սերժ Սարգսյանն ունի ընդամենը մեկ անշարժ գույք. շենք և շինությունը գտնվում է Ստեփանակերտում, զբաղեցնում է 96ք.մ: Նա ունի մեկ ավտոմոբիլային տրոնսպորտի միջոց՝ «Միցուբիշի Մոնտերո»: Բացի անշարժ և շարժական գույքից, գործող նախագահն ունի նաև թանկարժեք գույք, որը գերազանցում է 8 մլն դրամը: Թեկնածուն ունի հնաոճ իրեր (արձանիկներ, քանդակներ և այլն), որոնք 18-20-րդ դարի են: Ինչպես նաև՝ կտավների հավաքածու (Խանջյան, Սարյան, Հակոբյան, Գյուրջյան, Բաշինջաղյան, Մինաս, Ե. Քոչար, Կոջոյան, Աբեղյան), ժամանակակից նկարիչների թվով 32 կտավներ` 20-րդ դար:

Գործող նախագահ Սերժ Սարգսյանն ունի եկամտի մի քանի աղբյուր` ՀՀ նախագահի աշխատակազմից նա ստանում է 3.898.800.00 դրամ աշխատավարձ, ՀՀ նախագահի աշխատակազմից աշխատավարձին հավասարեցված վճարումը կազմում է 2.596.017.00 դրամ, իսկ «Արարատ» բանկին տրված փոխառնությունների դիմաց ստացված տոկոսը 10.925.535.60 ՀՀ դրամ է: Նախագահի թեկնածուն արժեթղթեր և այլ ներդրումներ, ըստ հայտարարագրի, չունի:

«Ազատություն» կուսակության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյան»

Ըստ հուվարի 14-ին ԿԸՀ-ում հայտարարագրած ունեցվածքի` նախագահի թեկնածուն ունի 2 բնակարան` Ավետիսյան և Սայաթ-Նովա փողոցներում, մեկ առանձնատուն` Արաբկիրում և մեկ ավտոտնակ: Հրանտ Բագրատյանն ունի մեկ Նիսսան X-trail մակնիշի մեքենա:

Ինչ վերաբերում է թեկնածու եկամտի աղբյուրին, ապա դրանք մի քանիսն են: Այսպես` որպես ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը տարեկան ստանում է 2.180.980 դրամ աշխատավարձ: Հայ-ռուսական համալսարանից նախագահի թեկնածուն ստանում է 1.073.900 դրամ աշխատավարձ, իսկ Ուկրաինայի Ազգայնի բանկի Բանկայի գործի համալսրանից` 91.439 հրիվնա: Նախագահի թեկնածուն Ֆրանսիայի Pernod-Ricard-ից ունի 9.400 եվրո շահաբաժին, ինչպես նաև` 7.342.000 դրամ` Ասմուս Ռոտնե վարձակալական վճար: Նա Ֆրանսիայի Pernod-Ricard-ում ունի 0.0003% բաժնետոմս:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հոհաննիսյան

Թեկնածուն ունի երկու առանձնատուն` Երևան քաղաքի Նորք թաղամասում և Երզնկյան փողոցում: Որպես շարժական գույք` Րաֆֆի Հովհաննիսյանի անունով գրանցված է մեկ «Գազ 311000» մակնիշի ավտոմեքենա: Նախագահի թեկնածուն չունի թանկարժեք գույք, որի արժեքը գերազանցում է 8 մլն դրամը: ԿԸՀ ներկայացված հայտարարագրում նշված չեն նաև Րաֆֆի Հովհաննիսյանի եկամուտները: Թեկնածուն չունի արժեթղթային և այլ ներդրումներ:

Էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրական

Վարդան Սեդրակյանը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ունի երեք հողամաս` 0,141 հա , 0,16 հա և 0,1600 հա մակերեսներով: Եվս մեկ հողամաս ունի Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքում (0,255 հա): Նույն համայնքում ունի նաև անասնագոմ: Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում թեկնածուն ունի 252,4 քմ մակերեսով առանձնատուն և 132 քմ մակերեսով մեկ բնակարան Արաբկիր համայնքում: Որպես շարժական գույք` թեկնածուն հայտարարագրել է 2011թ.-ի արտադրության մեկ «Միցուբիշի Outlander 3.0» ավտոմեքենա: Վարդան Սդրակյանը չունի թանկարժեք գույք: Նշված չեն նաև նրա եկամուտները: Արժեթղթային կամ այլ ներդրումներ թեկնածուն չունի:

ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյան

Պարույր Հայրիկյանն, ըստ հունվարի 18-ին ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի, հաշվառված է Կոտայքի մարզի Գողթ գյուղում, բայց բնակվում է Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասում: Նույն թաղամասում թեկնածուն ունի կիսակառույց շինություն և հողամաս: Պարույր Հայրիկյանը շինություն և հողամաս ունի նաև Կոտայքի մարզի Գողթ գյուղում, իսկ Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում շինության և հողամասի համասեփականատեր է: Որպես շարժական գույք թեկնածուն հայտարարագրել է 2003 թ.-ի արտադրության «Ջիպ Լարեդո» մակնիշի մեկ ավտոմեքենա: Թեկնածուն չունի թանկարժեք իրեր:

Թեկնածուի եկամուտների մեծ մասը` 50 հազար դոլարը, գոյանում է Միացյալ Նահանգների բանկերից ստացած փոխառություններից: Հայրիկյանի եկամտի մյուս աղբյուրը կենսաթոշակն է` 360 հազար դրամ: Պարույր Հայրիկյանն, ըստ հայտարարագրի, MGM ընկերության 300 բաժնետոմս ունի:

«Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների ժողովի նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյան

Թեկնածուն Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում ունի բնակարան: Սեփական տան, հողամասի և վարելահողի համասեփականատեր է Կոտայքի մարզի Զովունի գյուղում: Որպես շարժական գույք` նշված է 2007 թ.-ի արտադրության «Տոյոտա Պրադո» մակնիշի մեկ ավտոմեքենա: Անդրիաս Ղուկասյանը թանկարժեք գույք չունի:

Թեկնածուն ունի եկամտի երկու աղբյուր: «Ռադիո Հայ» ՍՊԸ-ից ունի 9 մլն դրամի եկամուտ և 4 մլն դրամ եկամուտ ունի «Ա-3 Ճարտարապետներ » ՍՊԸ-ից: Անդրիաս Ղուկասյանը 45 տոկոս փայաբաժին ունի «Ֆլամինգո-Արտ Լողափ» ՍՊԸ-ում:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյան

Թեկնածուն ունի անշարժ գույք Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի և Լվովյան փողոցներում: Որպես շարժական գույք` Արամ Հարությունյանի անունով գրանցված է 2003 թ.-ի արտադրության «ԳԱԶ 3110-101» մակնիշի մեկ ավտոմեքենա: Նա չունի թանկարժեք գույք և արժեթղթեր կամ այլ ներդրումներ:

Արամ Հարությունյանը եկամտի երկու աղբյուր ունի` խնայողություններն ու բանկային փոխառությունները:

ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյան

Հասարակական կարգով «Փախստականների և միջազգային իրավունքի» բարեգործական հասարակական կազմակերպության քաղաքական հարցերով խորհրդատու Արման Մելիքյանը չունի անշարժ, շարժական և թանկարժեք գույք: Թեկնածուն չունի նաև ոչ մի տեսակի եկամուտ, արժեթուղթ կամ այլ ներդրում:

Արման Մելիքյանը հաշվառված է Երևան քաղաքի Հալաբյան 35 փողոցի բնակարաններից մեկում, սակայն բնակվում է Երևանի Բրյուսովի 23 հասցեով:

Ավելացնենք, որ նախօրեին ավարտվել է ՀՀ նախագահի թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը:

Մարի Թարյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---