Անկինոթատրոն. «Հայրենիք»

Անկինոթատրոն. «Հայրենիք»

Հարևան շենքի բնակիչները բոլորին չէ, բայց աշխատակիցների մի մասին հիշում են

«Մոսկվա», «Նաիրի»: Կինո գնալու համար կամ Աբովյան փողոց 18, կամ Մաշտոցի պողոտա 50: Սա մեր ընտրությունն է: Դժվար է պատկերացնել, որ 3-4 տասնամյակ առաջ այս նույն ընտրության համար Երևանում ավելի քան 2 տասնյակ հասցե կար, այսինքն այդքան կիոթատրոն: Ձեզնից ոմանք աշխատանքի, դասի գնալիս ամեն օր անցնում են այդ կինոթատրոնների կողքով: Հիմա դրանք ինչ-որ մեկի սեփականությունն են, գրասենյակ, խանութ, անգամ կուսակցության շտաբ: Շենքեր, որոնք մեզ գուցե ոչինչ չեն ասում: Բայց ժամանակին դրանք այն մեծ մշակույթի մի մասն էին, որ կոչվում էր կինոթատրոն: PanARMENIAN.Net-ն այսօրվանից սկսում է այդ մշակույթին ու այդ երկու տասնյակ չգործող կինոթատրոններին նվիրված շարք: Փաստեր, մարդիկ, հիշողություններ: Այն ամենը ինչ մենք՝ այդ կինոթատրոնները երբևէ ներսից չտեսած անկախության սերնդի ներկայացուցիչներս, կարողացել ենք լսել, հավաքել ու գրառել:

PanARMENIAN.Net - «Հայրենիք» արտադրական կոպերատիվ, ավելի հայտնի որպես «Հայրենիք» կինոթատրոն: Հասցե՝ Արշակունյաց 38: Գործունեությունը՝ կինոֆիլմերի ցուցադրում, պարենային ապրանքների մանրածախ և մեծածախ առևտուր, պլաստմասե իրերի արտադրություն, կենցաղային և տնտեսական ապրանքների մանրածախ և մեծածախ առևտուր, հագուստի և կոշիկի մանրածախ և մեծածախ առևտուր: Տարածքի ընդհանուր մակերեսը 1261.4 քմ: Տարածքի գնահատված արժեքը 164 312 555 դրամ: Հիմնական միջոցների ընդհանուր արժեքը 123 600 900 դրամ: Շահագործման է հանձնվել 1951 թվականին:

1951 թվականի «Սովետական Հյաաստանի» մայիսի 1-ի համարում, որն ամբողջությամբ նվիրված է Աշխատավորների օրվան, վերջին էջի այն հատվածում, որտեղ սովորաբար տեղ էին գտնում թատրոնների ու կինոթատրոննրի այդ օրվա խաղացանկերը, մի փոքրիկ անկյունում գրված է. «Երևան քաղաքի Ստալինյան ռայոնում բացվում է նոր կինոթատրոն «Հայրենիք»: Ցուցադրվելու է գունավոր գեղարվեստական ֆիլմ «Բեռլինի անկումը»: Այդ օրվանից 62 տարի անց Արշակունյաց 42/1 շենքի ամենատարեց բնակիչները կինոթատրոնի հետնամուտքի մոտ նստած հիշում են, որ «առաջին սեանսին ասեղ գցելու տեղ չկար»:

«Խաղաղ օրերին», «Երկնային դադնաղ ընթացք», «Ոտքի կելնեն նոր մարտիկներ», «Հետախույզի սխրագործությունը»: Ահա այն ֆիլմերը, որոնք ցուցադրվում էին կինոթատրոնում շահագործման հանձնվելու առաջին շրջանում: Հետո եկան ուրիշ ժամանակներ:

«Սկեցին առաջին հնդկական ֆիլմերի սեանսները ու այդ ժամանակ տոմսերի համար իսկական պատերազմ էր լինում»,-պատմում են Արշակունյաց 42/1-ի բնակիչները:

Հիշում են, որ ոստիկանությունը միշտ հսկում էր տարածքը, բայց մի անգամ հնդկական «Թափառաշրջիկի» ցուցադրությունից առաջ հարցը դանակին հասավ:

Հարևան շենքի բնակիչները բոլորին չէ, բայց աշխատակիցների մի մասին հիշում են: Հիշեցին սաքսոֆոնահար Նշանին, ով կինոթատրոնի նվագախմբում էր նվագում: Նվագախումբը 7 հոգուց էր բաղկացած, տղաները նվագում էին սեանսից առաջ կամ հետո, իսկ ազգությամբ եզդի երգչուհին՝ երգում:

Շատերը նաև տոմսավաճառ Քնարին, «բուֆետչիկ» Խաչիկին ու նկարիչ Ռուբոյին հիշեցին, ով աֆիշաներն էր գրում:

Նկարիչ Ռուբոյին նաև կինոթատրոնի 9 ամսվա կինոմեխանիկը հիշեց: Վանիկ Ալեքսանյանը «Հայրենիքում» աշխատել է 1985 թվականին: Պատմում է, որ ժողովներին Ռուբոն բողոքում էր, որ իրեն ներկ չեն տալիս, որ աֆիշաները գրի:

Ռուբոն մի առաքելություն էլ ուներ. ձայնագրում էր ինքնապատասխանիչի տեքստը.«Մի կիսամութ սենյակատիպ անկյուն ունեինք: Այն ծառայում էր որպես սինքրոն թարգմանիչների խցիկ։ Մի երկու անգամ պատահել է, որ փառատոների շրջանակում չթարգմանված ֆիլմեր ենք ցուցադրել, ֆիլմը կենդանի ձայնով էր կրկնօրինակվում: Ունեինք ինքնապատասխանիչով հեռախոս. ցանկացած մարդ կարող էր զանգահարել տրված համարով, և ինքնապատասխանիչը կասեր, թե տվյալ օրը ինչ կինոնկար է ցուցադրվում։ Այն ժամանակ դա բավականին լուրջ տեխնիկական առաջընթաց էր համարվում։ Հիմնականում նկարիչ Ռուբոն էր տեքստը ձայնագրում։ Նրա բացակայության ժամանակ՝ ես: Նշեմ նաև, որ կինոնկարները ցուցադրում էինք 23 ԿՊԿ կինոպրոյեկցիոն ապարատով»։

Կինոմեխանիկը հիշում է նաև կինոթատրոնի մանր ու մեծ «մախինացիաները», տոմսերի վաճառքից մինչև այդպես էլ չստացած հոնորարներ, թեև մի անգամ, այնուամենայնիվ, հոնորար ստացան. «Կոմս Մոնտե Քրիստոյի» ցուցադրության ժամանակ էր, մեկ շաբաթից ավել դահլիճը լեփ-լեցուն էր»:

Վանիկ Ալեքսանյանը պատմում է, որ միշտ չէր , որ նման ֆիլմը այդքան լսարան էր բերում, հենց դա էր պատճառը, որ հնդկական ֆիլմերը էկրանից չէին իջնում.«Հիշում եմ՝ մի անգամ նոյեմբերի 7-ին տնօրենը ասաց՝ գոնե այսօր եկեք հայրենասիրական մի բան ցույց տանք, գրեցինք ավիշան, տեղադրեցինք, որոշ ժամանակ անց որոշեցինք պարզել «Մոսկվա» կինոթատրունում ինչ են ցույց տալու, գնացինք, տեսանք հնդկական ֆիլմ է, եկանք աֆիշան փոխեցինք, հնդկական դրեցինք»:

Ասում են՝ «Հայրենիք» հիմնականում աղջիկներն էին գնում: Սա էլ է բացատրվում նրանով, որ հիմանակնում հնդկական կինոներ ցուցադրող կինոթատրոնը, բնական է՝ նախընտրում էին զգացմունքային աղջիկները.

«Մենք Փարաքարում էինք ապրում ու 1 ռուբլով գալիս էինք Երևան` դասի, հետո էլ կինո: 15 կոպեկով օդանավակայանի ավտոբուսով գալիս էինք Երևան, 4 կոպեկով հասնում Չարբախ: 15 կոպեկով խաչապուրի էինք ուտում, 50 կոպեկ էլ կինոյի տոմսն արժեր: «Հայրենիք» կինոթատրոնում հիմնականում հնդկական ֆիլմեր էին ցուցադրում: Մենք էլ երիտասարդ աղջիկներ էինք, ռոմատիկ էինք: Երևի հենց դրա համար էինք հենց այդ կինոթատրոն գնում»:

Անահիտ Եղիազարյանն ամուսնու` Սոկրատ Եղիազարյանի հետ վերջին անգամ «Հայրենիք» կինոթատրոն գնացել է, երբ դեռ ամուսնացած չէին` 1984թ. աշնանը: Միանգամից նշեցին, որ վերջին շարքերում չեն նստել. զրույցը նաև նրանց դուստրն էր լսում:

Այդ անգամ էլ հնդկական ֆիլմ են դիտել ու դա եղել է առաջին ու վերջին անգամը, որ պարոն Սոկրատը համաձայնել է տիկնոջ ընտրած ֆիլմը դիտել:

«Մենք ընկերներով սովորաբար «Մոսկվա» կամ «Նաիրի» կինոթատրոն էինք գնում: «Հայրենիք» գնալն ու հնդկական ֆիլմ դիտելն այնքան էլ ընդունված չէր մեր շրջապատում», - պատմում է Սոկրատ Եղիազարյանը:

«Այն ժամանակ կինո գնալը թատրոն գնալուն գրեթե հավասար էր: Ձմեռը թատրոն գնալիս կանայք երկարաճիտ կոշիկներով էին գալիս, բայց իրենց հետ կոշիկներ էին բերում ու դահլիճ միայն դրանք հագնելուց հետո էին մտնում: Այդպես կինո «Մոսկվայում» է եղել», - ասաց Սոկրատ Եղիազարյանը:

Սոկրատ Եղիազարյանը անգամ տոմսերը վերավաճառողներ տղաներին է հիշում՝ Քաջիկն ու Ալիկը. «Իրենք էին մեզ տոմս հասցնում պետք եղած ժամանակ»:

Մի օր կինոթատրոնը փակվեց, տղաներին էլ այլևս չտեսան: Մեր զրուցակիցները դժվարացան հիշել՝ վերջին անգամ ինչ ֆիլմ են դիտել «Հայրենիքում»: Արշակունյաց 42/1 շենքի բնակիչ Կամո պապը միայն սրտնեղեց, որ մի քանի տարի առաջ երկար ընդմիջումից հետո մտել է շենք ու տեսել, որ նախկին «Հայրենիքը» միայն դրսից է պահպանվել. «Օթյակները չկան, կինոթատրոնը հիշեցնող ոչինչ չկա, ոչ գույքը, ոչ դահլիճը: Սեփականաշնորհված տարածք է, նախասրահը գրասենյակ են սարքել, ով գիտի՝ ինչ են արել, իսկ վերևում կիսաքանդ վիճակ է»:

1996 թվականի մայիսի 22-ին ՀՀ պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվության մասին կառավարության 156 որոշման 13.1 կետում նշված է. «Թույլատրել «Հայրենիք» կինոթատրոն արտադրական կոպերատիվին գնել ՀՀ մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարությունից վարձակալած գույքը»

1996 թվականի հուլիսի 16-ին կնքվել է սեփականաշնորհման պայմանագիր:

Գինը համաձայն կառավարության 1996 թվականի մասիսի 22-ի 156 որոշման կազմել է 165.641.955 դրամ: Այն այժմ պատկանում է Շենգավիթի նախկին թաղապետ Սարգիս Հովհաննիսյանին:

«Հայրենիք» կինոթատրոնի արխիվային գործի վերջին էջերից մեկում փակցված տեղեկանք

18 մարտի 1991 թվական –տեղեկանք թաքցված շահույթի վերաբերյալ

Հայրենիք Վ/Կ արտադրական կոպերատիվի գործունեությունը հարկային վարչության կողմից չի ստուգվել, կինոթատրոնը ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ:

Հ.Գ Թեև սեփականատիրոջ հետ զրուցել չհաջողվեց, մեզ փոխանցեցին, որ «Հայրենիքը» վերանորոգելու մտադրություն կա: Ասում են՝ այն մշակութային հաստատություն է լինելու: Իսկ շենքի նախասրահն այժմ էլ նման նպատակների է ծառայում, երբեմն այնտեղ շնորհանդեսներ ու հանդիպումներ են անցկացնում:

Աստղիկ Հակոբյան, Անի Ավետյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---